Կարծիք

18.03.2019 14:05


Նացիոնալիզմն ու մարդու իրավունքները

Նացիոնալիզմն ու մարդու իրավունքները

Հիմա շատ նորաձև է դարձել նացիոնալիզմը մարդկանց հիմնարար իրավունքներին ու ազատություններին հակադրելը. ասում են որ, իբրև թե, նացիոնալիզմն ընդհանուրի շահն անհատի շահից բարձր է դասում, սակայն հենց մենք հասկանանք, որ չի կարող ընդհանուրի շահը հակասել այդ ընդհանուրի մեջ մտնող անհատների շահերին, այդ դեպքում մեզ համար արդեն պարզ կլինի, որ դա կեղծ կարծրատիպ է, որը դիտավորյալ ներարկվում է մարդկանց մեջ ապազգայնականների կողմից: Այլ բան է, երբ բռնատիրական ռեժիմները` թաքնվելով հայրենասիրական գաղափարների հետևում, մարդկանց անձնային իրավունքներն ու ազատություններն են սահմանափակում` պատճառաբանելով, որ դա արվում է հանուն հայրենիքի ու հանուն ընդհանուրի շահի, որը, սակայն, սովորական մանիպուլյացիա է, և ոչ ավելին: Այնպես որ, նորից եմ կրկնում՝ ընդհանուրի շահը պարտադիր կերպով համընկնում է այդ ընդհանուրի մեջ մտնող յուրաքանչյուր անհատի շահի հետ:

Հիմա ոմանք կարող են հակաճառել, որ եթե այդպես է, ապա այդ նույն նացիոնալիստները հաստատ դեմ կլինեն, որ Հայաստանում, օրինակ, պետական լեզուն լինի ոչ թե հայերենը, այլ, ասենք, անգլերենը, ու դպրոցները ոչ թե հայկական լինեն, այլ անգլիական. չէ՞ որ այդ դեպքում բոլորը չտեսնված կտիրապետեն անգլերենին ու ընդհանրապես անգլախոս աշխարհի մշակույթի կրողները կդառնան, որի արդյունքում շատ ավելի մեծ ներգրավվածություն կունենան գլոբալ ինտեգրացիոն պրոցեսներին, և որի հետևանքը կլինի այն, որ կսկսեն ավելի բարեկեցիկ ու, ինչ-որ իմաստով, ավելի քաղաքակիրթ կյանքով ապրել:

Այսինքն, նացիոնալիստները դուրս են գալու անհատ մարդկանց շահերի դեմ հանուն ինչ-որ վերացական գաղափարների: Առաջին հայացքից թվում է, թե դա այդպես է, սակայն արի ու տես, որ մեր պետությունն ունի Սահմանադրություն, որի մեջ գրված է, որ մեր պետական լեզուն հայերենն է, ու որ մեր պետությունը հետամուտ է լինելու հայ ժողովրդի մշակույթի պահպանմանն ու հետագա զարգացմանը: Սա ցույց է տալիս, որ մեր պետությունն այն հայ մարդկանց պետությունն է, որոնք ընտրություն են կատարել իրենց ինքնությունը պահպանելու օգտին, ու դրա մասին գրել են իրենց հիմնական օրենքի` Սահմանադրության մեջ:

Այսինքն, այն հայերը, որոնք հանդիսանում են Հայաստանի Հանրապետության քաղաքացի, գիտակցված կերպով գնում են զոհողության՝ հանուն իրենց ու իրենց զավակների ազգային ինքնության պահպանման: Իսկ եթե կան հայեր, որոնք ցանկություն չունեն հանուն դրա գնալու ինչ-ինչ զոհողությունների, ապա այդ մարդիկ ազատ են իրենց ընտրության մեջ. նրանք, օրինակ, կարող են դառնալ շատ ավելի հաջողված մեկ ուրիշ պետության քաղաքացի, և ոչ ոք իրավունք չունի նրանց դատապարտել այդ արարքի համար, այսինքն՝ իրենց պարագայում պիտի գործի լիբերալիզմի գլխավոր սկզբունքներից մեկը, այն է՝ ինքնորոշվելու սկզբունքը, ինչը նշանակում է, որ մարդն ազատ է իր քաղաքացիության, հետևաբար նաև՝ ազգային պատկանելության ընտրության մեջ:

Իհարկե, մենք չենք մոռանում, որ ՀՀ-ում ապրում են նաև այլ ազգությունների ներկայացուցիչներ, ու նրանց հայկական ինքնություն պարտադրելու իրավունք չունենք. պետությունը պարտավոր է անել ամեն ինչ, որպեսզի նրանք կարողանան պահպանել իրենց մշակույթը նույնպես, ու նաև պետությունը պարտավոր է օժտել այդ ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչներին քաղաքացիական բոլոր իրավունքներով ու պաշտպանել դա այնպես, ինչպես որ կպաշտպանի ազգությամբ հայ քաղաքացիների իրավունքները: Հետևաբար, մեր պարագայում նացիոնալիզմը երբեք դուրս չի գալիս մարդկանց իրավունքների ու ազատությունների դեմ. ՀՀ-ն երբեք չի հայտարարել, որ ինքը միայն հայերի երկիրն է այնպես, ինչպես, օրինակ, Իսրայելն է հայտարարում, որ բացառապես հրեաների երկիրն է, ու ըստ այդմ օրենքներ է ընդունում, որոնց արդյունքում ոչ միայն դե ֆակտո, այլև դե յուրե սահմանափակում են ոչ հրեա քաղաքացիների իրավունքներն ու ազատությունները: Երբ նացիոնալիզմը սկսում է հակասել մարդու հիմնարար իրավունքներին, ապա այն վերածվում է նացիզմի, որովհետև ազգային պատկանելությամբ պայմանավորված խտրականություն է մտցնում, մեկ ազգի ներկայացուցիչը արտոնյալ կարգավիճակ է ստանում, իսկ մյուս ազգի ներկայացուցիչը նվաստացած դրության մեջ է հայտնվում. դա, իհարկե, միանշանակ ծայրահեղականություն է ու պիտի դատապարտվի յուրաքանչյուր ողջախոհ մարդու կողմից: Փառք աստծո, Հայաստանին դա չի սպառնում, ու ընդհանրապես հայերի մեջ մատների վրա կարելի է հաշվել մարդկանց, որոնց պատկերացումները կարելի է բնութագրել որպես նացիստական ու ռասիստական: Եվ հենց դա է պատճառը, որ որոշ ապազգային կենտրոններից ֆինանսավորվող ընկերներ իրավունք անգամ չունեն հայկական նացիոնալիզմը որակել որպես համամարդկային արժեքներին հակասող ծայրահեղական գաղափարախոսություն:

Թորոս Ալեքսանյան

Աղբյուրը՝ politeconomy.org

Այս խորագրի վերջին նյութերը