Կարծիք

18.03.2019 10:29


Ինչ մասնագիտություններ են ստանում մեր բուհերում

Ինչ մասնագիտություններ են ստանում մեր բուհերում

Եթե հիշողությունս չի դավաճանում, Խորհրդային Հայաստանում ընդամենը 11 բուհ կար: Իսկ հիմա բնակչության կրճատման պարագայում բուհերի քանակն ավելացել է ու դարձել 61: Ավելին՝ Հայաստանի խոշոր հարկատուների ցանկում մոտ երկու տասնյակ բարձրագույն ուսումնական հաստատություն կա: Ընդ որում՝ և՛ պետական, և՛ մասնավոր: Իսկ դա նշանակում է, որ բարձրագույն կրթության ոլորտը մեր տնտեսական կյանքում նկատելի տեղ ունի: Փաստը կարելի է բացատրել ուսման ու կրթության նկատմամբ ազգային վերաբերմունքով: Ավանդական հայկական ընտանիքը սովորաբար խնայում է ամեն ինչի վրա` ժառանգներին հնարավորինս որակյալ կրթության տալու համար: Այդ է պատճառը, որ կրթության ոլորտը` դպրոցից մինչև մագիստրատուրա, մշտապես հասարակական հետաքրքրության կենտրոնում է:

Հայաստանում տարեկան մոտ 20 հազար մարդ բարձրագույն կրթության դիպլոմ-վկայական է ստանում: Մինչդեռ այս ոլորտն էլ, տնտեսության մյուս ճյուղերի նման, թողնված է ինքն իր հույսին: Իհարկե, կարելի է արդարանալ, որ շուկայական տնտեսության պարագայում որոշիչը «առաջարկ-պահանջարկ» բանաձևն է:

Առաջարկում եմ դիտարկել՝ մեր երկրում ինչ համամասնությամբ և որ ոլորտների համար են մասնագետներ պատրաստվում: Մասնագետների ամենամեծ խումբը` մոտ 15.5 տոկոս, կազմում են «Սոցիալական և վարքաբանական գիտությունների (հոգեբանություն և այլն)» գծով շրջանավարտները: Մասնագիտական հաջորդ խոշոր խումբը կրթության ու մանկավարժության ոլորտն է՝ բուհական շրջանավարտների 13.5–տոկոսանոց մասնաբաժնով: Երրորդ մեծ խումբը կարելի էր միացնել առաջինին, բայց բանասիրական գիտությունների ոլորտում մասնագիտացածներն առանձին կազմում են 9.5 տոկոս:

Խորհրդային տարիների ամենամեծ մասնագիտական խումբը` ճարտարագետները, հիմա չորրորդն են` 8.2 տոկոս: Բժշկականի նկատմամբ մեր սերը անկախության տարիներին համարյա չի փոխվել` բժշկի որակավորում է ստանում 8 տոկոսը: Հաջորդ, համարյա հավասար դիրք ունեցող մասնագիտական երկու խմբերն են գործարարությունը (տնտեսագիտություն և կառավարում) և իրավունքը` 7.5 և 7.4 տոկոս համապատասխանաբար: Սա էլ այս մասնագիտությունների հանդեպ խորհրդային վերաբերմունք-ցուցանիշից շատ չի շեղվում: Փոխարենը՝ հիմա կտրուկ աճել է արվեստի ոլորտում բարձրագույն որակավորում ստացողների թիվը. նրանք մոտ 6 տոկոս են: Այ սա կարելի է համարել «առաջարկ-պահանջարկ» բանաձևի դրսևորում. հեռուստասերիալների առատությունը ռեժիսորական և թատերական այլ պահանջարկներ է ձևավորում: Բնագիտության ու մաթեմատիկայի ոլորտում մասնագիտացողները միասին 7 տոկոս են կազմում` հավանաբար նույն բանաձևի հանգույն:

Գյուղատնտեսական գիտությունների և անասնաբուժության գծով 1.9 տոկոսն է մասնագիտանում: «Բավարա՞ր է արդյոք այդ ցուցանիշը» հարցն ինքնին վերացական է: Լրագրողի մասնագիտություն ստացողների քանակն էլ շատ չի տարբերվում` 1.3 տոկոս: Բոլորն էլ հասկանում են, որ ճարտարագիտության ոլորտում մասնագիտացողները հիմնականում ավանդական ինժեներատեխնիկական հմտությունների կրողներ են դառնում: Բոլորն էլ հիշում են, որ Խորհրդային Հայաստանը սիրում էր հպարտանալ իր հաշվողական ու գերժամանակակից այլ տեխնիկաների ոլորտներով: Բոլորն են հիշում, որ ժամանակակից տեղեկատվական տեխնոլոգիաները վաղուց ի վեր գերակա ոլորտ են հայտարարված: Բայց ոչ ոք չի հիշում, թե մեր կրթության (և այլն) սուպերնախարարությունը ինչ քայլեր է անում այս ոլորտում: Մինչդեռ վաղուց կարող էր արձանագրել, որ «Տեղեկատվական և հաղորդակցական տեխնոլոգիաների» գծով մասնագիտացողների 4.8–տոկոսանոց ցուցանիշն անբավարար է:

Հասկանալի է, որ բուհերի ռեկտորներ հանել-դնելն ավելի հաճելի զբաղմունք է: Բայց հարկավոր է, չէ՞, հետևել ու պարզել, որ տարեցտարի մեր բուհերի պրոֆեսորադասախոսական կազմը մի կողմից ծերանում է, մյուս կողմից՝ «աստիճանազրկվում»: Տարեցտարի պակասում են դասավանդող գիտությունների դոկտոր-թեկնածուները և պրոֆեսոր-դոցենտները: Եթե հավատանք պաշտոնական վիճակագրությանը, ապա բուհերում դասավանդող ակադեմիկոսներ համարյա չեն մնացել: Իսկ դա պարզ ու մարդկային պատմություն է` արտագաղթի պատմություն:

Մեր պետական ու մասնավոր բուհերից հեռանում են նրանք, ում դրսում ավելի հարմար պայմաններ են առաջարկում: Իսկ մեր բուհական համակարգն արտերկրից դասավանդող մասնագետներ համարյա երբեք չի հրավիրում: Հիմա նորաձև է` մեր իշխանություններն աջ ու ձախ Վրաստանի օրինակն են բերում (նույնիսկ այն դեպքերում, երբ ակնհայտ ձախողման մասին է խոսքը): Բայց ոչ ոք չի փորձում պարզել, թե վերջին տարիներին վրացական բուհերն ինչ կապեր ունեն արևմտյան կրթական կառույցների հետ և տարեկան քանի մասնագետ են հրավիրում դասավանդելու: Իսկ մենք մեր բուհերը ֆինանսատնտեսական կառույցի վերածած՝ թույլատրել ենք 34 տոկոսի չափով հեռակա ուսուցում կազմակերպել ու դիպլոմ-վկայական «բաժանել»:

Արա Գալոյան

Տնտեսական մեկնաբան

Աղբյուրը՝ politeconomy.org

Այս խորագրի վերջին նյութերը