Լրահոս

16.03.2019 19:00


ՀՔԾ-ն քրգործ է հարուցել Սերժ Սարգսյանի հարցաքննության արձանագրություններից հատվածներ հրապարակելու համար

ՀՔԾ-ն քրգործ է հարուցել Սերժ Սարգսյանի հարցաքննության արձանագրություններից հատվածներ հրապարակելու համար

ՀՀ հատուկ քննչական ծառայությունը մարտի 15-ին տարածած պաշտոնական հաղորդագրությամբ տեղեկացրել էր, որ նախաքննական գաղտնիք պարունակող տվյալների հրապարակումը կարող է հանգեցնել քրեական պատասխանատվության` լրատվամիջոցներին խնդրելով զերծ մնալ դատավարության որոշ անբարեխիղճ մասնակիցների կողմից տեղեկությունների արտահոսքի արդյունքում «հասանելի» դարձած` նախաքննական գաղտնիք պարունակող տվյալների հրապարակումից:

Ինչպես տեղեկացրին ՀՔԾ լրատվական ծառայությունից, չնայած նախազգուշացմանը` նույն «Ժողովուրդ» օրաթերթի հերթական` մարտի 16-ի համարում տպագրվել է «Սերժ Սարգսյանն էլ 0038 հրամանը կարձակեր. Մարտի 1-ի գործով Սերժ Սարգսյանի ցուցմունքը» վերտառությամբ հոդվածը, որում տեղ են գտել ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի` որպես վկա հարցաքննության արձանագրություններից հատվածներ:

Նկատի ունենալով, որ կատարվածում առկա են ՀՀ քրեական օրենսգրքի 342-րդ հոդվածով նախատեսված հանցագործության հատկանիշներ, ՀՀ հատուկ քննչական ծառայության քննիչի կողմից մարտի 16-ին հարուցվել է քրեական գործ:

Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Այս խորագրի վերջին նյութերը