Կարծիք

16.03.2019 15:13


Ովքե՞ր են վարկեր փակող աղքատները. Արտյոմի պատմությունը

Ովքե՞ր են վարկեր փակող աղքատները. Արտյոմի պատմությունը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը, հարց ուղղելով հայրենակիցներին, ցանկութուն հայտնեց կտրել աղքատության նպաստ ստացող այն 11 հազար քաղաքացիների նպաստը, որոնք վարկ են փակում։ Նրա ծրագիրը հիմնված է այն կանխավարկածի վրա, որ եթե մարդ վարկ է վերցրել, աղքատ լինել չի կարող։

Երեք տարի առաջ Գյումրիի ճարտարապետության վերաբերյալ նյութ էի գրել՝ «Գյումրի. երկրաշարժը բաժանել է երկու քաղաքի» վերնագրով, որտեղ երկրորդ քաղաքը տնակային (դոմիկային) բնակավայրերն էր, ուր ապրում է Արտյոմը՝ երկու փոքրիկ աղջկա և կնոջ հետ, չգիտեմ՝ նա նպաստ ստանո՞ւմ էր, բայց վարկ փակում էր։

26-ամյա Արտյոմ Մանուկյանի համար նորաստեղծ ընտանիքին կացարանով ապահովելու միակ ձևը տնակ գնելն էր: Ասում է, որ երկրաշարժից հետո ընտանիքին՝ մորն ու հինգ եղբայրներին, տուն են տվել, սակայն երբ ամուսնացել, երկու երեխա է ունեցել, անհնար էր ապրել միասին: 8 մետր երկարություն, 3 մետր լայնություն ունեցող բարակ պատերով տնակը «դոմիկ քանդողներից» երկու տարի առաջ գնել է 300 հազար դրամով, տեղափոխվել Վազգեն Սարգսյան փողոց, քաղաքապետարանից ստացել հասցե՝ 224/492 տնակ: Կողքին թափոններով կցմցել է մի ծածկ, որը որպես լոգարան են օգտագործում, քիչ այն կողմ փոս է փորել զուգարանի համար:

Հյուսիսային Գյումրիում, որտեղ ձմռանը ջերմաստիճանն իջնում է մինչև 20-30 աստիճան, բարակ տախտակի պատերով տնակում կրակը հենց հանգչի, ամեն ինչ սառչում է, իսկ ամռանը թիթեղյա տանիքը տաքանում ու խաշում է:

«Ձմեռը ցրտից դիմանալ չի լինի, անցած ձմեռ մեշոկներով էրեխեքի ու իմ հագուստներն եմ վառել, որ մի քիչ տաքանամ, ինչքան կոշիկ ու սապոգ եմ ունեցել տունը, վառել եմ: Մեկ էլ Թումասյանի օգնությունն է եղել»,-ասում է Արտյոմը («Շիրակ» կենտրոնը տնակների բնակիչներին ձմռանը վառելիք է բաժանում):

Մի քանի ամիս առաջ Ռուսաստանից վերադարձել և աշխատած փողով միայն պարտքերի մի մասն է փակել: Երկու տարի առաջ բանկից ստացած 800 հազար դրամ վարկը տույժերով ու տոկոսներով կրկնապատկվել է, չի կարողանում փակել, և հիմա դատարանից ծանուցում է ստացել: Վահան Թումասյանն ասում է, որ տնակների բնակիչներից շատերն են բանկային վարկերի տակ մնացել:

«Շնորհքով, աշխատասեր տղա եմ, ուղղակի գործ չկա, գործարան լիներ՝ ես շատ սիրով կաշխատեի, էրեխեքիս էլ լավ կպահեի, պետական վարձերն էլ կմուծեի: Բուժքույրը կսրսկե կնոջս, մեկ, երկու, երեք օր, ես էլ տղա եմ, կմտնիմ գետնի տակ, վատ կզգամ, որ չեմ կրնա վարձը տալ: Անտանելի կյանք է, մենակ լինեի՝ կերթայի Ռուսատան, պատի տակը կապրեի, ավելի երջանիկ կլինեի ռուսի ձեռի տակը»:

Նոր բնակարան ստանալու հարցը հենց լսում է, ջղային ասում է, որ իր քրտինքով վաստակած տնակը ոչ մեկին չի զիջի. «Եթե տրվածի դիմաց տնակը պիտի առնեն, քանդեն, վառելիք սարքեն, ես համաձայն չեմ, չէ, քրիտինք եմ թափել, կոպեկ-կոպեկ էս տունը արել եմ, որ քանդեն, բաժանեն վառելիքի տե՞ղ»:

Վահան Իշխանյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը