Կարծիք

16.03.2019 10:25


Կուլակաթափության պատմությունը. դասեր քաղելու ժամանակը

Կուլակաթափության պատմությունը. դասեր քաղելու ժամանակը

Երբ երեքշաբթի երեկոյան քաղաքապետարանում արտահերթ քննարկում տեղի ունեցավ Օպերայի հարակից տարածքի սրճարաններն ապամոնտաժելու վերաբերյալ, դրանից հետո «Լույս» դաշինքի ավագանու անդամ Անի Խաչատրյանը նշեց, որ քննարկման ժամանակ քաղաքապետարանի աշխատակիցներից մեկը սրճարանի տերերից մեկին ասել է՝ «Հա, մի սրճարանն ապամոնտաժում ենք, բայց դու մեկն էլ ունես»:

Քաղաքապետարանի աշխատակցի ասածը շատ է նմանվում այս խոսակցություններին, որոնք առկա էին Խորհրդային Միությունում 1920–30-ական թվականներին, երբ համատարած կուլակաթափություն էր տեղի ունենում:

1928—1932թթ. ԽՍՀՄ գյուղական տնտեսությունների կոլեկտիվացման ընթացքում պետական քաղաքականությունն ուղղված էր կոլեկտիվացմանը դեմ հանդես եկող գյուղական բնակչության ճնշմանը: Կոլեկտիվացման դեմ յուրաքանչյուր գործողություն, ելույթ, զրույց մեկնաբանվում էր որպես հակասովետական: Ձևավորվեց «կուլակությունը որպես դասակարգ վերացնելու» թեզը, որն ստացավ «կուլակաթափություն» («раскулачивание») անունը:

Կուլակաթափությունը գործողությունների ծրագիր էր, ըստ որի՝ ունևոր, վարձու աշխատանք օգտագործող գյուղացիները հարկադրաբար և առանց դատի զրկվում էին հողից, արտադրական այլ միջոցներից և քաղաքացիական իրավունքներից, և վերաբնակեցվում երկրի ծայրամասային շրջաններում:

1930թ. հունվարի 30-ին քաղբյուրոն որոշում ընդունեց «Համատարած կոլեկտիվացման շրջաններում կուլակային տնտեսությունները վերացնելու միջոցառումների մասին» («О мероприятиях по ликвидации кулацких хозяйств в районах сплошной коллективизации»): Գործողություններն իրականացնում էին գործադիր կառավարման տեղական մարմինները: Սակայն քանի որ հստակ և որոշակի չէին «կուլակին» ճանաչելու չափանիշները, նույնիսկ «ունևոր», «միջակ» և «չքավոր» գյուղացի հասկացությունների չափանիշները, տեղական իշխանության մարմինները «կուլակներին» ընտրում էին «աչքաչափով», հաճախ՝ նաև իրենց ձեռնտու տարբերակներով:

Այս ընթացքում լայն տարածում ստացավ նաև «կուլակներին հարողներ» գաղափարական տերմինը, որի շրջանակներում բռնության էր ենթարկվում ցանկացած գյուղացի, նույնիսկ՝ բատրակները:

Հայաստանում որևէ հետազոտություն չի արվել «կուլակաթափության» գործընթացի շուրջ, և այսօր դժվար է ասել, թե «կուլակներ», «կուլակություն» և «կուլակաթափություն» անունների տակ քանի մարդ և իրականում ինչ պատճառներով է ենթարկվել քաղաքական հետապնդումների: Մեր համեստ նյութերի վկայությամբ՝ այսօրվա սերնդի հիշողություններում նույն բռնադատված մարդուն առաջադրված մեղադրանքում հիշվում են «կուլակ», «անհարազատ», «նացիոնալիստ» և այլ բառերը` առանց տարանջատելու դրանց գաղափարական ուղղվածությունները:

Կուլակաթափության արդյունքում, երբ փաստացի բիզնես, հավելյալ արժեք ստեղծող մարդը թշնամի հայտարարվեց, ամեն ինչ ավարտվեց համատարած սովով, որի հետևանքով մի քանի միլիոն մարդ մահացավ: Էլ չասեմ այն մասին, որ կուլակաթափության տարիներին միլիոնավոր մարդիկ արտաքսվեցին իրենց բնակավայրերից և ուղարկվեցին Սիբիր:

***

Այսօր Օպերայի հարակից տարածքում գտնվող սրճարանների դեմ իշխանությունների կատաղի պայքարն իր բնույթով նույնքան անիմաստ ու անխնա է, ինչպես ժամանակին Խորհրդային Միության իշխանությունների պայքարը սեփական՝ քիչ թե շատ աշխատասեր, հաջողակ և ունևոր քաղաքացիների դեմ: Խորհրդային Միության իշխանություններն առաջին հնգամյակի շրջանակներում, այսպես ասած, «հեղափոխություն» իրականացնելու համար որոշեցին պարզապես պատերազմ հայտարարել սեփական ժողովրդին:

Մոտավորապես նույն պատկերն է այսօր, երբ իշխանությունները, օրակարգային խնդիրները թողած, գնում են սեփականության կոպիտ վերաբաշխման, իսկ Նիկոլ Փաշինյանն էլ բառացիորեն կտրում է այն «սոցիալական ճյուղը», որի վրա նստելով է եկել իշխանության:

Խնդիրն ուներ լուծման քաղաքակիրթ տարբերակ. տնտեսվարողներին պետք է առաջարկվեր ողջամիտ ժամկետներում (առնվազն մոտ 1,5 տարի) պատրաստվել բիզնեսի տեղափոխմանը, իսկ քաղաքապետարանն էլ պետք է տրամաբանական առաջարկ ներկայացներ նրանց՝ որտեղ կարելի է տեղափոխել բիզնեսը:

Իհարկե, այն ժամանակ էլ բողոքողներ կլինեին, բայց նրանց թիվը կլիներ շատ ավելի նվազ:

Հարկ է նկատել, որ վերջին օրերին շատ է խոսվում այն մասին, որ Օպերայի հարակից տարածքը վարձակալող սրճարանները ծիծաղելի գումարներ են վճարում պետությանը նմանատիպ եկամտաբեր տարածք վարձակալելու դիմաց՝ 80-90 հազար դրամ: Իսկ սրճարաններում գրանցված է ընդամենը 1-2 աշխատող:

Նախ և առաջ նշեմ, որ կեղծ օրակարգ է քննարկումն այս ուղով տանելը. չէ՞ որ այդ սրճարանները քանդում են ոչ թե այն պատճառով, որ այդ մարդիկ իրենց հարկային պարտավորությունները չեն կատարել, այլ որովհետև մեկը որոշել է՝ այնտեղ պետք է կանաչապատ տարածք լինի (իմիջիայլոց, իշխանափոխությունից ի վեր՝ շատ է խոսվում այն մասին, որ Հայաստանում գործում է ուղիղ ժողովրդավարություն, բա այդ դեպքում ինչո՞ւ այս հարցի շուրջ, օրինակ, տեղական հանրաքվե չանցկացվեց, ինչպես, օրինակ, արվում է Շվեյցարիայում, որտեղ ամեն՝ քիչ թե շատ հանրային նշանակություն ունեցող խնդիր դրվում է հանրաքվեի):

Երկրորդ՝ երբ իշխանական լրատվամիջոցը գրում է այն մասին, որ թաքցնելով աշխատողների իրական քանակը՝ տնտեսվարող սուբյեկտները թաքցնում էին հարկերը, ապա տպավորություն է ստեղծվում, որ ոմանք ակտիվիստից, ստատուսչիից այդպես էլ չեն վերածվել քաղաքական գործչի:

Պարոնա՛յք, ՊԵԿ-ը, Ֆիննախը, ՀՔԾ-ն, ՔԿ-ն, ոստիկանությունը, ԱԱԾ-ն, դատախազությունն արդեն վաղուց սուպերվարչապետական համակարգի շրջանակներում ենթարկվում են իշխանությանը, իսկ ավելի հստակ՝ վարչապետին: Քննություն նախաձեռնեիք, օրենքի շրջանակներում պարզեիք՝ ով ինչքան հարկ է թաքցրել, մարդկանց բերեիք օրինական դաշտ, հանրությանը ներկայացնեիք քննության արդյունքները: Սրանից հետո կրկին նշեմ, որ բողոքի ալիքն այսքան մեծ չէր լինի, հանրային կարծիքն էլ կրկին ու կրկին չէր կիսվի երկու մասի:

Եվ վերջում. հասկանում է սա Փաշինայնը, թե ոչ, բայց Հայաստանում տարիներ ի վեր հիմնական ներդրումները եղել են ներսից: Այսինքն, տեղի գործարարներն իրենց գումարները ոչ թե տարել են արտերկիր կամ պահել բարձի տակ, այլ վստահ լինելով երկրի կայունության մեջ՝ գումարներ են ներդրել հայրենի տնտեսության զարգացման մեջ:

Բիզնեսը՝ մանրը, միջինը, թե խոշորը, չպետք է հանրության կողմից դիտարկվի որպես թշնամի: Երբ Խորհրդային Միությունում սա չէին հասկանում և կուլակաթափությամբ էին զբաղվում, դա ավարտվեց սովով, իսկ մեր պարագայում բիզնեսին թշնամանալը և աղքատությունը սրբացնելը հղի են լուրջ վտանգներով՝ ընդհուպ մինչև սպառնալով մեր երկու հայկական պետությունների տարածքային ամբողջականությանը և անվտանգությանը: Վիժող տնտեսություն ունեցող երկիրը չի կարող մարտունակ բանակ ունենալ:

Բենիամին Մաթևոսյան

Քաղաքագետ

Աղբյուրը՝ politeconomy.org

Այս խորագրի վերջին նյութերը