Մեկնաբանություն

15.03.2019 15:52


Մի քանի դիտարկում «Օպերա» օպերացիայի կապակցությամբ

Մի քանի դիտարկում «Օպերա» օպերացիայի կապակցությամբ

Օպերայի շենքին կից սրճարանների քանդման աշխատանքները որոշ դիտարկումներ և հարակից եզրահանգումներ անելու հնարավորություն են տալիս:

1. Երբ Նիկոլ Փաշինյանն իր փոքրաթիվ կողմնակիցներով Գյումրիից եկավ Երևան ու որոշեց փակել Ֆրանսիայի հրապարակը և հարակից փողոցները, նրա հետ մի քանի ժամ հետո շատ քիչ թվով մարդիկ էին մնացել գիշերելու: Ավտոմեքենաների երթևեկությունը կանգ էր առել, քանզի փողոցները փակվել էին:

Նախորդ տարվա ապրիլին հրապարակ մտնող փողոցները շատ քիչ թվով մարդիկ էին փակել, և եթե ոստիկանությունը որոշեր բացել փողոցները, ապա դա մեծ ջանք և ռեսուրսներ չէր պահանջի ուժային այդ կառույցից: Իրավապահները, սակայն, հանդուրժողականություն դրսևորեցին և ուժ չկիրառեցին: Իսկ ահա սրճարանների քանդմանը խոչընդոտող քաղաքացիների դեմ ուժ կիրառվեց ինչպես փողոցը փակելու, այնպես էլ բուն սրճարանների տարածքում դիմադրությունը ճնշելու ժամանակ: Մի կին գոտկատեղի շրջանում վնասվածք ստացավ այդ ընթացքում, և մեկ ոստիկան առողջական խնդիրներ ունեցավ:

2. Փողոցով իշխանության եկած Նիկոլ Փաշինյանի հասցեին երեկ առաջին անգամ փողոցում լսվեց «Նիկո՛լ, հեռացի՛ր» վանկարկումը:

3. Պարզվում է, որ «թավշյա» տղաներին ու աղջիկներին կարելի էր փողոց փակել, իսկ ահա մյուսներին՝ ոչ:

Ոչ յուրայինները որակվում են որպես հակահեղափոխականներ և փողոցը «սխալ» ձևով փակողներ:

Ի դեպ, ուշագրավ է, որ Ամուլսարի հանքի աշխատանքները փողոց փակելով խոչընդոտողների հանդեպ ոստիկանությունը որևէ քայլ չի ձեռնարկում: Ավելին՝ ոստիկանությունը, ըստ մամուլի հրապարակումների, չի արձագանքել անգամ հանքի հետ կապված կողմերի վիճաբանության արդյունքում տեղի ունեցած դանակահարությանը: Այսինքն՝ գործ ունենք երկակի ստանդարտների հետ. երբ իշխանությանը պետք է լինում ոստիկանական ուժ կիրառել և փողոցը բացել, քայլեր ձեռնարկվում են: Այս երկակի ստանդարտները ողջամիտ կասկածներ են առաջացնում Ամուլսարի հանքի հետ կապված կառավարության պահվածքի մոտիվացիաների պահով:

4. Փաշինյանի վարկանիշն անկում է ապրում, ինչը արդյունք է նոր կառավարության վարած տնտեսական քաղաքականության: Օպերայում տեղի ունեցածի հետևանքով դժգոհողների թիվն ավելացավ:

5. «Թավշյա» իշխանություններն առաջնորդվում են քանդելու տրամաբանությամբ: Սարքելու պահը բացակայում է:

6. Կան իշխանական հունվեյբիններ, որոնք, իբր, անկախ են գործում, բայց հստակ երևում է, որ ուղղորդվում են: Դրանք պետք եղած ժամանակ հայտնվում են դատախազության դիմաց կամ Օպերայի հրապարակում՝ ապահովելով «Ժողովուրդը սատարում է իշխանությունների գործողություններին» թատերական ներկայացումը:

Հունվեյբինները երբեմն կարող են նաև մարդ առևանգելու և բռնություն կիրառելու գործառույթ իրականացնել, ինչպես որ մենք տեսանք Նարեկ Մալյանի հետ կապված պատմության ժամանակ:

7. Քանդելու աշխատանքներ իրականացնելով ու առանց այլընտրանք առաջարկելու մարդկանց գործազուրկ դարձնելով՝ կառավարությունը ցույց տվեց «տնտեսական հեղափոխության» իրական դեմքը: Այս պայմաններում հայաստանյան բիզնեսի բոլոր շերտերին վատ օրեր են սպասվում: Մեղավորության կանխավարկածը, փաստացի, ուժի մեջ է մտել: Օպերայի սրճարանները քանդվել են այդ կանխավարկածից և հեղափոխական նպատակահարմարությունից ելնելով:

8. Ամեն մի հեղափոխական թիմ իր մեծ ու փոքր վիշինսկիներն ու ենիչերիներն ունի: Այսինքն՝ մարդիկ, որոնք հլու-հնազանդ ծառայել են նախորդ ռեժիմին ու այն ժամանակ դեմ եղել ներկաներին, բայց իշխանափոխությունից հետո ճամբարափոխ են եղել ու հիմա էնտուզիազմով հեղափոխական և նախկինների դեմ պայքարող են աշխատում: Նման վիշինսկիներ են, մասնավորապես, գլխավոր դատախազ Արթուր Դավթյանն ու նախորդ իշխանություններին կից աշխատող, իսկ այսօր Երևանի Կենտրոն վարչական շրջանի ղեկավար դարձած Վիկտոր Մնացականյանը:

Առայժմ այսքանը:

Պետրոս Ալեքսանյան

Այս խորագրի վերջին նյութերը