Կարծիք

15.03.2019 10:55


էլիտաների կոնֆլիկտը Հայաստանում․ մաս II

էլիտաների կոնֆլիկտը Հայաստանում․ մաս II

Սկիզբը՝ այստեղ

Էլիտաների ենթամշակույթը

Սկսած 1995 թվականից՝ Հայաստանի ներքաղաքական դիսկուրսի հիմնական խնդիրը եղել է օրինական իշխանություն ձևավորելու հարցը՝ ընտրակեղծիքների խնդիրը, այսինքն՝ կա հանրային պատկերացում, որ Հայաստանի հիմնական խնդիրն օրինական իշխանություն ձևավորելն է։ Դժվար է չհամաձայնել այդ տեսակետի հետ։ Բնականաբար, այն, ինչ կարող է անել լիգիտիմ և օրինական իշխանությունը, չի կարող իրեն թույլ տալ ոչ լեգիտիմ համարվող իշխանությունը։ Սակայն ամեն ինչ չէ միանշանակ։

Այս պնդումն ունի երկու հարթություն․

ա/ օրինական իշխանության որոշումները հանրությունը չի կարող չընդունել, որովհետև ինքն է ձևավորել իշխանությունը,

բ/ լեգիտիմ իշխանությունը կարող է իրեն թույլ տալ ընդունել այնպիսի որոշումներ, որոնք հանրության համար կարող են լինել ցավոտ և անգամ անընդունելի։

Դա մենք տեսնում ենք ժամանակակից Հայաստանում, երբ նոր իշխանությունը փորձում է իրականացնել այնպիսի քայլեր, որոնք նախկինները չէին կարող իրենց թույլ տալ՝ զանգվածային կրճատումներ, որոշ պատմամշակութային շինությունների ավերում և այլն։

Պարզ է, որ լեգիտիմ իշխանությունը կարող է իրականացնել հանրության համար ցավոտ ռեֆորմներ՝ օգտագործելով իր լեգիտիմության ռեսուրսը։ Սակայն մեզ այլ խնդիր է հետաքրքրում՝ արդյոք հանրության կողմից արդար կերպով ընտրված իշխանությունն, այնուամենայնիվ, մի՞շտ է գործում ի շահ հանրության։

Ընտրական նուրբ հնարքների, հանրային կարծիքի մանիպուլյացիաների ու հատկապես նորագույն IT տեխնոլոգիաների միջոցով, երբ օգտագործում են անձնական տվյալները, թույլ են տալիս կառավարել հանրային կարծիքը։ Կարևոր է հասկանալ, որ արդար և թափանցիկ ընտրությունների առկայությունը դեռ չի նշանակում, որ իշխանության եկած էլիտան ցանկանալու է կամ առհասարակ ունակ է ծառայել հանրային շահին։

Ամերիկացի մշակութաբան, սոցիոլոգ, հրապարակախոս Չարլզ Ռայթ Միլզի (1916-1962) «Իշխող էլիտան» աշխատությունը ժամանակին էլիտաների մասին տեսությունների վրա մեծ ազդեցություն է ունեցել։

Հետպատերազմյան Ամերիկայի վիճակի մասին խոսելիս, որը քաղաքական ու սոցիալական փոփոխությունների փուլ էր մտել, գրում էր․ ««Մեծ փոփոխությունները» կախված չեն զանգվածների կարծիքից, բայց ազդում են յուրաքանչյուր անձի պահվածքի և աշխարհայացքի վրա։ Այդ փոփոխությունները բոլոր կողմերից ճնշում են հասարակ մարդուն։ Ժամանակակից հասարակության կառուցվածքն այնպիսին է, որ փոփոխությունները մարդկանց պարտադրում են ծառայել այլոց մտահղացումներին։ Ահա այդ պատճառով է, որ նման ժամանակահատվածում, երբ նրանք զրկված լինելով իրավիճակի վրա ազդելուց՝ զրկվում են իրենց կյաքն ըստ իրենց մտահղացումների կառուցելուց»։

Ըստ Միլզի՝ Ամերիկայի ճակատագիրը գտնվում է երեք ինստիտուտների ձեռքում՝ տնտեսական, քաղաքական ու ռազմական։ Ըստ նրա՝ ազդեցիկ մարդիկ են համարվում նրանք, ովքեր կարողանում են որոշումներ ընդունել անգամ այն ժամանակ, երբ հանրության ճնշող մեծամասնությունը դրան դեմ է։ Էլիտան, ըստ Միլզի, գնալով ավելի շատ է իրեն զգում որպես առանձին սոցիալական շերտ, և նրա անդամները միմյանց նկատմամբ բոլորովին այլ վարվելակերպ են դրսևորում, քան մյուսների հանդեպ․ միմյանց լավ են հասկանում, միմյանց հետ ամուսնական կապեր կնքում, և եթե միմյանցից տարբերվող կերպով են մտածում, այնուամենայնիվ, գործում են միանման»։

Նմանատիպ պրոցեսներ կային Սերժ Սարգսյանի ժամանակաշրջանում, երբ միջկլանային ամուսնությունների, սանիկ-քավոր հարաբերությունների միջոցով ամրացնում էին փոխադարձ կապերը, պետական պաշտոնների էին տեղավորում իրենց սերունդներին, ինչը նաև որոշակի ենթամշակույթ էր ձևավորում։ Այդ ամենը ոչ միայն Հայաստանին է բնորոշ եղել։

2018-ին Հայաստանի իշխող էլիտան, ըստ էության, ամբողջովին փոփոխվեց, և համապատասխան ենթամշակույթ դեռևս չի ձևավորվել, իսկ կառավարման համար անհրաժեշտ մասնագիտական կարողությունների մասին խոսելը խիստ վաղ է, սակայն ժամանակի ընթացքում դա կարող է տեղի ունենալ, և իշխող էլիտայի շահերը հանրային շահերի հանդեպ կարող են դառնալ դոմինանտ։ Դա տեղի է ունեցել 1988-ից հետո և տեղի կունենա 2018-ից հետո, ինչը բնական է, սակայն որքանով պետական շահը կփոխկապակցվի իշխող էլիտայի շահին և կդառնա քաղաքական դիսկուրսի առանցք, ամենակարևոր հարցն է։

Հանրության մասնակցությունը կառավարման գործընթացին

Ֆրանսիացի սոցիոլոգներ Պ․ Բիրնբաումը և Ժ․Շվարցենբերգը իրենց հետազոտությունների արդյունքում հանգել են հետևյալ եզրակացություններին․

  • քանի որ ողջ հասարակությունը չի կարող մասնակցել կենսական խնդիրների վերաբերյալ որոշումներ կայացնելու գործընթացին, նման որոշումներն ընդունվում են շատ նեղ մի շերտի կողմից,
  • սոցիալական և տնտեսական անհավասարությունը պահպանվում է նաև ժողովրդավարական կարգերի ժամանակ, և միշտ չէ, որ քաղաքացիները ձգտում են մասնակցել կառավարման գործընթացին,
  • իշխող էլիտայի որակը և վարվելակերպը փոխկապակցված են տվյալ հասարակության տնտեսական, մշակութաբանական, քաղաքացիական գիտակցության մակարդակին, ինչից էլ կախված է, թե որքանով տվյալ հասարակությունը կկարողանա վերահսկել կառավարության գործողությունները։

Սրանք այն հարցերն են, որոնք կենսական են Հայաստանի համար՝ հաշվի առնելով զանգվածային բողոքների հետևանքով իշխանության փոփոխությունը և նույն զանգվածների ինտելեկտուալ ու կազմակերպական կարողությունը՝ գործող իշխանությունից պահանջելու տրված խոստումների իրականացումը։

Գերմանացի սոցիոլոգ Ռոբերտ Միխելսն իր «Քաղաքական կուսակցությունները» աշխատությունում պնդում էր, որ ցանկացած սոցիալական կառույց ենթարկվում է օլիգարխիկ կառավարման։ Էլիտաների իշխանությունը կախված է կազմակերպվածությունից, իսկ հասարակության կազմակերպվածությունը պահանջում է էլիտար ղեկավարություն, և նման էլիտա կազմավորվում է։

Ըստ Միխելսի՝ ժողովրդավարությունը, խիստ ձևակերպման դեպքում, անհնարին է, և լավագույն դեպքում կարող ենք ունենալ մրցակից էլիտաների համակարգ։

(շարունակելի)

Ստեփան Դանիելյան

Աղբյուրը՝ politeconomy.org

Այս խորագրի վերջին նյութերը