Լրահոս

14.03.2019 16:45


«Մոնթե Մելքոնյանի անվան ռազմամարզական վարժարանի համար պետք է բարեկարգ պայմաններով տարածք գտնել ու տեղափոխել այն». Նարեկ Բաբայան (տեսանյութ)

«Մոնթե Մելքոնյանի անվան ռազմամարզական վարժարանի համար պետք է բարեկարգ պայմաններով տարածք գտնել ու տեղափոխել այն». Նարեկ Բաբայան (տեսանյութ)

Պետական գույքի կառավարման վարչության պետ Նարեկ Բաբայանը կիրակի օրը մեկնել էր Դիլիջան՝ Մոնթե Մելքոնյանի անվան ռազմամարզական վարժարան, և ծանոթացել այնտեղ եղած գույքին ու հնարավորություններին: Այս մասին այսօր կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում տեղեկացրեց Ն. Բաբայանը՝ շրջանառվող դժգոհությունները, թե՝ «կառավարությունը բարձունք է հանձնում», անվանելով մանիպուլյացիաներ։

«Նախատեսված է եղել՝ որպես հյուրանոց և առողջարան, կա այնտեղ հյուրանոցային մասնաշենք, որը փակի տակ է, կան 9 հատ հյուրանոցային երկհարկանի քոթեջներ, առաջին հարկում՝ խոհանոց, սանհանգույցներ, աշխատասենյակներ, հյուրասենյակներ, վերևի հարկում՝ 3 ննջասենյակներ, դրանք նույնպես փակի տակ են: Եվ կա կենտրոնական մասնաշենքն ու սպորտ համալիրը: Կենտրոնական մասնաշենքի մի որոշ հատվածը և սպորտային համալիրն օգտագործվում են վարժարանի սաների կողմից, մնացած մասը նույնպես չի օգտագործվում»,-ասաց Պետգույքի կառավարման վարչության պետ:

Ըստ նրա՝ տարածքն ամբողջովին տրված է վարժարանին, բայց վարժարանը, թեև ունի հյուրանոցային ծառայություններ մատուցելու իրավունք, բայց չի կարող դա կատարել, իսկ միայն մաքրության համար ծախսվում է տարեկան 63 մլն դրամ:

Ն.Բաբայանը նշեց, որ գույքը պետք է նպատակային օգտագործվի, ու պետությունը շահույթ ստանա, իսկ վարժարանի համար պետք է բարեկարգ պայմաններով տարածք գտնել ու տեղափոխել այն.

«Այն, ինչ արվել է, բոլորը շատ լավ գիտեն: Դա կառուցվում էր ՊԵԿ-ի համար՝ որպես ուսումնական և առողջարանային կենտրոն, բայց ապրիլյան պատերազմից հետո, հաշվի առնելով ժողովրդի ցասումը, որ այսքան միլիոնավոր դոլարներ ծախսվել են, տրվել է այդ ժամանակ շատ վատ գույքային պայմաններ ունեցող ռազմաուսումնական վարժարանին: Եվ վերջ»։

Ն.Բաբայանի խոսքով՝ շինարարության վերաբերյալ հարուցված է 3 քրեական գործ. «Ոչ ոք չի կարող իմանալ՝ հատկացված գումարներից որքանն է գրպանվել, որքանն է ծախսվել, և կամ հակառակը, որքան կողքից այլ գումարներ են ծախսվել։ Որոշ հատվածներ կան, որ շինարարությունն ավարտված չէր, ՊՆ-ն պնդել է, որ շինարարներն ավարտին հասցնեն»:

Նա վստահեցրեց, որ, եթե նախկինում «ծախել ու կերել են», դա չի նշանակում, որ հիմա իրենք էլ են նույնն անելու։

Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում։

Այս խորագրի վերջին նյութերը