Կարծիք

14.03.2019 16:00


Արցախցիներին բանակցությունների սեղանի շուրջ նստեցնելն ինքնանպատակ չպիտի լինի

Արցախցիներին բանակցությունների սեղանի շուրջ նստեցնելն ինքնանպատակ չպիտի լինի

Հասարակության մեջ լայն քննարկման առարկա է դարձել Մինսկի Խմբի համանախագահների՝ վերջերս տարածած հայտարարությունը՝ արցախյան խնդրի կարգավորման հետ կապված: Իհարկե, ցավալի է, որ մեր «հեղափոխական» կառավարության «ջանքերով» Սանկտ Պետերբուրգի ու Վիեննայի պայմանավորվածությունները փաստացի չեղարկվեցին, և Հայաստանը բանակցություններում կոնտրպրոդուկտիվ կողմի վերածվելու վտանգի առջև է կանգնել, սակայն, այնուամենայնիվ, մեծ հաշվով, միջազգային հանրության մոտեցումները, կարծես թե, նույնն են մնացել. նույն 3 սկզբունքներն ու 6 ենթակետերը, որոնց շուրջ պիտի շարունակվեն այդ բանակցությունները:

Թերևս միակ նորությունը կարելի է համարել հայտարարության վերջում հայտնված հետևյալ պարբերությունը՝ «Համանախագահները նաև կշարունակեն քննարկել համապատասխան հարցերը հակամարտության ուղղակի ազդեցությունը կրող հետաքրքրված կողմերի հետ՝ ճանաչելով, որ նրանց տեսակետները եւ մտահոգությունները պետք է հաշվի առնվեն ցանկացած բանակցային լուծման հաջողության համար»:

Սա, ըստ երևույթին, հետևանք է Փաշինյանի անվերջ պնդումների, որ ԼՂ-ն պիտի բանակցային կաղմ լինի, բայց դրա շնորհիվ որպես արդյունք ստացել ենք խայտառակ մի ձևակերպում, որն ավելի շատ ձեռնտու է ադրբեջանական կողմին, քանի որ ադրբեջանական կողմն է միշտ պնդում, որ ԼՂ-ն երկու համայնք ունեցող տարածք է (հայկական ու ադրբեջանական), և որ Ղարաբաղի հայությունը ոչ թե կոնֆլիկտի կողմ է, այլ ընդամենը շահագրգիռ կողմ այնպես, ինչպես Ղարաբաղի ադրբեջանական համայնքը, այսինքն՝ այս փաստաթղթում գրվածը (հակամարտության ուղղակի ազդեցությունը կրող հետաքրքրված կողմեր) ադրբեջանական տեսակետի հաստատումն է, այլ ոչ թե Փաշինյանի տեսակետի:

Իսկ դիվանագիտական հարթության մեջ մեզ համար միակ ձեռնտու մոտեցումը այն կլինի, երբ որպես հակամարտության կողմեր՝ ճանաչվեն Ադրբեջանն ու Արցախը, այսինքն՝ կոնկրետ արցախահայությունը, որը պիտի բոլորի կողմից ընկալվի ոչ թե որպես ուղղակի համայնք, այլ որպես ազգություն, քանի որ ազգությունը, ի տարբերություն համայնքի, ունի տարածք, և սա շատ կարևոր է: Իսկ այս փաստաթղթում Արցախի հայ բնակչությունը հիշատակվում է որպես համայնք՝ այսպես կոչված, Ղարաբաղի ադրբեջանական համայնքի հետ հավասար կարգավիճակով:

Սա արդեն իսկ մեծագույն դիվանագիտական պարտություն է, քանի որ, նորից եմ կրկնում, համայնքը ազգություն չէ, այն իրավունքներ չունի ինչ-որ կոնկրետ տարածքի նկատմամբ, ու հետևաբար առավելագույնը, որ կարող է պահանջել, դա մշակութային ինքնավարություն ստանալու իրավունք է, որին, ինչպես գիտենք, Ադրբեջանը դեմ չէ, իսկ ահա ինքնորոշման իրավունքի մասին մեկընդմիշտ պիտի մոռանա:

Ու այն, որ վերևում, այնուամենայնիվ, ինքնորոշման իրավունքի մասին հիշատակվում է, ապա դա նախկինից եկած իներցիայի արդյունք է միայն. եթե մեր նոր կառավարությունը այս ոգով (Духов!) շարունակի բանակցել, ուրեմն հավատացած եղեք, որ շուտով դրա մասին էլ կմոռանան, ու օրերից մի օր կտեսնենք, որ ինքնորոշման սկզբունքն ուղղակի տեքստերից հանվել է:

Մարդիկ պիտի հստակ գիտակցեն, որ արցախահայության պարագայում համայնք բնորոշումն անընդունելի պիտի լինի, քանի որ համայնքն այն էթնիկ կամ կրոնական խումբն է, որը չունի տարածք ու ցրված է պետականաստեղծ ու պետականակիր ազգի մեջ (օրինակ՝ Ռուսաստանում ապրող հայ ժողովուրդը համայնք է), իսկ ազգությունն ունի որոշակի տարածք, որի վրա կոմպակտ ապրում է և մեծամասնություն է կազմում, որն էլ իր հերթին նշանակում է, որ այդ ազգությունն ունի իրավունքներ տվյալ տարածքի նկատմամբ, այդ թվում՝ ինքնորոշման: Այնպես որ, արցախցիներին բանակցությունների սեղանի շուրջ նստեցնելը ինքնանպատակ չպիտի լինի. նախ և առաջ պիտի ճշտվի, թե ինչ կարգավիճակով են արցախցիները նստելու այդ սեղանի շուրջ, եթե համայնքի, ապա, կարծում եմ, Ադրբեջանը մի գեղեցիկ օր կարող է և գնա այդ քայլին, ինչո՞ւ ոչ, չէ՞ որ սեփական քաղաքացիների հետ բանակցելը (ականջը կանչի Արարատ Միրզոյանի) իր սուվերենությանն ու տարածքային ամբողջականությանը սպառնալիք չի կարող հանդիսանալ, այլ ընդհակառակը՝ դա իր համար դիվանագիտական հաղթանակ է լինելու:

Թորոս Ալեքսանյան

Աղբյուրը՝ politeconomy.org

Այս խորագրի վերջին նյութերը