Մեկնաբանություն

13.03.2019 16:25


Փաշինյանը Սարգսյանին՝ դու ճիշտ էիր, ես սխալվեցի (տեսանյութ)

Փաշինյանը Սարգսյանին՝ դու ճիշտ էիր, ես սխալվեցի (տեսանյութ)

Արցախի խնդրի արդար ու տևական կարգավորումը պետք է հիմնված լինի Հելսինկիի եզրափակիչ ակտի սկզբունքների վրա՝ մասնավորապես ուժի կամ ուժի սպառնալիքի չկիրառման, տարածքային ամբողջականության և հավասար իրավունքների ու ժողովուրդների ինքնորոշման: Այն նաև պետք է ներառի հավելյալ տարրեր, ինչպես 2009-2012 թվականներին առաջարկել են համանախագահող երկրների նախագահները: Այս մասին, մասնավորապես, նշված էր ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների մարտի 9-ի հայտարարության մեջ:

Ստեփանակերտում տեղի ունեցած անվտանգության խորհուրդների համատեղ նիստում Նիկոլ Փաշինյանի ելույթը ցույց տվեց, որ Հայաստանի վարչապետը համաձայնել է Արցախի հարցով մտնել բանակցային գործընթաց, այն էլ՝ 2009-2012թթ. արված առաջարկների շրջանակներում:

«Համանախագահների կողմից առաջարկված սկզբունքները, տարրերը, ինչպես արդեն նշեցի, վերջին 10 տարիներին ամենատարբեր և ամենատարածական մեկնաբանությունների տեղիք են տվել, և հետևաբար, առաջիկա բանակցային գործընթացի կարևորագույն նպատակը պետք է լինի, այսպես ասած, հիմնական հասկացությունների՝ 3 սկզբունքների և 6 տարրերի պարզաբանումը, և մենք պատրաստ ենք նաև այսպիսի խոսակցության»,- հայտարարեց Փաշինյանը՝ 2009-ից հետո տեղի ունեցած բանակցային գործընթացները նկատի ունենալով: Ասել է թե՝ Փաշինյանը բանակցելու է Սերժ Սարգսյանի՛ նախագահության ժամանակահատվածում շրջանառվող փաստաթղթերի «ռամկայի» մեջ: Մնացածը լիրիկայի ոլորտից է՝ կգնամ, կճշտեմ, կպարզաբանեմ, կլսեմ և այլն:

Տեղին է հիշեցնելը, որ վարչապետ դառնալուն պես Փաշինյանը հայտարարում էր, որ չի բանակցելու Արցախի փոխարեն, քանզի չունի մանդատ: Հիմա բանակցելու է: Նա նաև հայտարարում էր, որ նախկինները միայն հող հանձնելու թեմայով են բանակցել: Հիմա ինքն այդ «հող հանձնելու» փաթեթն է բանակցային հիմք ընդունում:

Հիմա Փաշինյանը կազանյան գործընթացի շրջանակներում է բանակցելու: Իսկ դա նշանակում է, որ նա հետ է կանգնում իր նախկին հայտարարություններից: Ժանրի կանոնների համաձայն՝ Փաշինյանը պետք է, ուրեմն, հայտարարի՝ Սերժ Սարգսյանը ճիշտ էր, իսկ ես սխալվեցի: Ի դեպ, փաստացի, արդեն հայտարարել է:

ՀՀԿ-ական Արմեն Աշոտյանի երեկվա ֆեյսբուքյան «լայվը» հենց այս թեմայով էր: Աշոտյանը արձանագրեց, որ Փաշինյանը եկել է իրենց ասածներին և բանակցելու է իրենց բանակցածի շրջանակներում, հետևաբար այլևս իրավունք չունի նախկիններին մեղադրել «հող հանձնելու» համար, կամ էլ Նիկոլը պետք է ընդունի, որ ինքն էլ է սկսել բանակցություն՝ «հող հանձնելու» թեմայով: Աշոտյանը պարզապես արձանագրեց Փաշինյանի նահանջն, ու վերջ:

Ահա այսպիսի «թավշյա» ու «հեղափոխական» բաներ:

Հայկ Ուսունց

Այս խորագրի վերջին նյութերը