Քաղաքական

13.03.2019 15:13


Վրաստանի համար կարևոր է, որ տարածաշրջանում եղած հակամարտությունները չտեղափոխվեն իր տարածք. Սալոմե Զուրաբիշվիլի

Վրաստանի համար կարևոր է, որ տարածաշրջանում եղած հակամարտությունները չտեղափոխվեն իր տարածք. Սալոմե Զուրաբիշվիլի

Կայունությունն ու խաղաղությունը պարտադիր նախապայման է, որ զարգանա երկու երկրի միջև տնտեսությունը, որ մենք խորացնենք տնտեսական համագործակցությունը: ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հետ հանդիպումից հետո լրագրողների հետ հանդիպմանն այսպես ասաց Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին:

«Մեր տարածաշրջանում շատ մարտահրավերներ կան, և կարևոր է, որ իմանանք, որ այժմ խնդիրները պետք է լուծվեն խաղաղ ճանապարհով, որ դրանց լուծումը պետք է հիմնված լինի միջազգային օրենքների վրա»,-ասաց նա: Սալոմե Զուրաբիշվիլիի խոսքով՝ Վրաստանի համար կարևոր է, որ տարածաշրջանում եղած հակամարտությունները չտեղափոխվեն Վրաստանի տարածք:

«Մեզ համար շատ կարևոր է, որ հայկական ծագմամբ կամ ադրբեջանական ծագմամբ քաղաքացիները խաղաղ ապրեն մեր երկրում և լինեն ինտեգրված մեր երկրում»,-ասաց նա: Ըստ վրաց նախագահի՝ ինքը պարտավորություն ունի, որ ավելին անի Վրաստանում ապրող հայերի համար, որ կարողանան ինտեգրվել Վրաստանի մշակութային, կրթական կյանքում:

Նա նաև նշեց, որ իր կարծիքով՝ արդեն եկել է ժամանակը, որ Հայաստանն ու Վրաստանը լուծեն սահմանային հարցերը: «Պետք է աշխատենք այդ ուղղությամբ»,-ասաց նա:

«Մենք ունենք մեծ ապագա, երկուսս էլ լավատես ենք: Մտադիր ենք մեր զրույցը շարունակել և չբավարարվել միայն հայտարարությամբ»,-ասաց վրաց նախագահը՝ նկատելով, որ ինքն ու ՀՀ նախագահն ունեն իրավունք և հնարավորություն իրենց խորհուրդներով ազդելու երկու երկրների ժողովուրդների և կառավարության միջև համագործակցության զարգացման վրա:

Հիշեցնենք, որ Վրաստանի նախագահը պաշտոնական երկօրյա այցով Հայաստանում է նախագահ Արմեն Սարգսյանի հրավերով:

Աղբյուրը՝ Tert.am

Այս խորագրի վերջին նյութերը