Կարծիք

13.03.2019 13:12


Հարևանները տարի են ամփոփում

Հարևանները տարի են ամփոփում

Մինչ մենք քննարկում ենք նոր Հարկային օրենսգիրքը՝ փորձելով պարզել՝ կօգնի՞ այն, թե կխանգարի տնտեսական աճին, մինչ փորձում ենք հասկանալ՝ կա՞ արդյոք իրական ու նոր տնտեսական քաղաքականություն, մեր հարևան երկրները հրապարակում են նախորդ տարվա տնտեսական ցուցանիշները:

Իհարկե, կարելի է արդարանալ ու ասել, որ Վրաստանում ու Ադրբեջանում անցած տարի հեղափոխական գործընթացներ չեն եղել: Ուստի այս երկրների իշխանությունները «բնականոն» հունով ամփոփում են տնտեսական տարին: Բայց այդ ամփոփ ցուցանիշներն այն բազան են, որի վրա մշակվում է երկրի տնտեսական քաղաքականությունը: Հետևաբար, քանի դեռ այդ տվյալների վրա համեմատված ու վերլուծված չեն մեր իշխանությունների՝ տնտեսության ոլորտի «քայլերը», դրանք առայժմ կմնան լոզունգ-պլակատային մակարդակում:

Ճանաչողության ամենատարրական կանոնը պնդում է, որ ամեն ինչի արժեքը ճշտվում է համեմատության մեջ: Հետևաբար, առաջարկում եմ տեսնել, թե տնտեսական ինչ արդյունքներ են արձանագրվել մեր հարևան երկրում: Վրաստանում, օրինակ, արդեն պաշտոնապես հրապարակվել են անցած տարվա ուղղակի ներդրումների տվյալները:

Ինչպես մեր պարագայում, այս թեման ցավոտ է նաև վրաց իշխանությունների համար: Բայց նրանք չեն հետաձգել այս ոլորտի «ձախողման» հաշվետվությունը: 2018-ին, նախորդ տարվա համեմատ, արտասահմանյան ներդրումները շատ կտրուկ են նվազել` 34,9 տոկոսի չափով: 2017-ի 1 մլրդ 894 մլն դոլար ներդրումների փոխարեն 2018-ին հաջողվել է «ներգրավել» 1 մլրդ 232 մլն դոլար: Կից ներկայացված գրաֆիկից նկատելի է, որ «արտասահմանյան ներդրում» ասված երևույթը հարևան երկրում իսկապես արտասահմանյան է: Այսինքն, Վրաստանի պարագայում խոսքը երկրից օֆշոր տեղափոխած ու, իբր, այնտեղից կատարվող ներդրումների մասին չէ (միակ կասկածելին կարելի է համարել պանամական ներդրումը):

Կարելի է, իհարկե, նաև զարմանալ, որ բարդ քաղաքական հարաբերություններին զուգահեռ՝ նկատելի ներդրում է կատարվել Ռուսաստանից: ՌԴ-ն 60.1 մլն դոլար չափաբաժնով Վրաստանի իններորդ գործընկեր երկիրն է: Հաշվետվության մեջ նաև նշվում է, որ ուղղակի ներդրումներից 400 մլն դոլարն ուղղորդվել է ֆինանսական ոլորտ: Իսկ 210 մլն դոլար ներդրում կատարվել է տրանսպորտի ոլորտում: Այս դեպքում խոսքը 2018-ին ավարտված գազամուղի շինարարական աշխատանքների մասին է: Այս գազամուղի շինարարության հիմնական ներդրողը Ադրբեջանն էր` մոտ 240 մլն դոլար, որը Վրաստանի արտասահմանյան ներդրումների 19,5 տոկոսն է:

Ադրբեջանը ևս կառավարության նիստում ամփոփել է տնտեսական տարին: Այստեղ ևս տնտեսական ցուցանիշները հակասական են: Տնտեսության զարգացման աճը հայտարարվում է 1.4 տոկոս (2017թ-ի 0.1 տոկոսի համեմատ): Իշխանությունները սա հաջողություն են համարում: Իսկ փորձագետները նշում են, որ աճն արձանագրվել է հիմնականում նավթի գնաճի հաշվին: 2018-ին ոչ նավթային ոլորտի տնտեսությունը ընդամենը 1.8 տոկոս աճ է գրանցել 2017-ի 2.7 տոկոսի դիմաց: Նշվում է արդյունաբերության 1.5 և գյուղատնտեսության 4.6–տոկոսանոց աճի մասին:

Ադրբեջանը խուսափում է հրապարակել ուղղակի ներդրումների չափը, փոխարենը՝ հայտարարվում է, որ 2018-ին օտարերկրյա ներդրումները գերազանցել են 10 մլրդ դոլարը: Ի տարբերություն Վրաստանի՝ այս պարագայում առայժմ հրապարակված չեն ոչ երկրները, որտեղից կատարվել են ներդրումներ, ոչ էլ ներդրումային ոլորտները: Այլ կերպ ասած, այս թվերը միանշանակ ընկալել չի կարելի: Օրինակ՝ մակրոտնտեսական թվերի համադրմամբ՝ կարելի է նկատել, որ Ադրբեջանի արտաքին պարտքի աճը տնտեսական ակտիվության ցուցանիշից առաջանցիկ է: Անցած տարի արտաքին պարտքն աճել է 3.2 տոկոսով` հասնելով 9.7 մլրդ դոլարի: Այս ցուցանիշը ևս կասկածի տակ է առնում 3 մլրդ դոլարով երկրի տարադրամային պահուստի աճի հայտարարությունը: Բոլոր դեպքերում, այս հարևան երկրի տնտեսական ցուցանիշները խիստ կապված են նավթի համաշխարհային գների տատանումների հետ։ Այդ փաստը նույնիսկ երկրի իշխանությունները չեն թաքցնում և անընդհատ խոսում են տնտեսությունը նավթահումքային ասեղից «պոկելու» անհրաժեշտության մասին: Բոլորն են հիշում «հալվա ասելով բերանդ չի քաղցրանա» արևելյան առածը:

Վերջում մնում է արձանագրել, որ մեր իշխանությունները տարածաշրջանում վերջինն են տնտեսական տեղեկատվություն հրապարակելու հարցում, արձանագրել ու կրկնել, որ այդ տեղեկատվությունն ինքնանպատակ չէ: Այն առաջին հերթին իշխանություններին է պետք տնտեսական հարցերում կողմնորոշվելու և հոդաբաշխ տնտեսական ծրագրեր մշակելու համար:

Արա Գալոյան

Տնտեսական մեկնաբան

Աղբյուրը՝ politeconomy.org

Untitled (1)

Այս խորագրի վերջին նյութերը