Մեկնաբանություն

23.03.2010 15:56


Ինչո՞ւ են աղմկում հանրապետականները

Ինչո՞ւ են աղմկում հանրապետականները

«Այս պարագայում մեր մոտեցումն այն է, որ Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը մասնակցի բանակցային գործընթացներին»։

Սա այն նախադասությունն է, որ այս օրերին հնչում է գրեթե բոլոր ՀՀԿ-ական պատգամավորների շուրթերից։

-Որքան արագ Ղարաբաղը դառնա բանակցությունների կողմ, այնքան արագ մենք կտեսնենք ղարաբաղյան խնդրի կարգավորման վերջնական լուծումը,-լրագրողների հետ հանդիպման ժամանակ այսպիսի միտք է արտահայտել ՀՀԿ խմբակցության պատգամավոր Գագիկ Մելիքյանը։

-Ղարաբաղի հարցում մեր մոտեցումն այն է, որ ԼՂՀ-ն մասնակցի բանակցություններին,-սա էլ ՀՀԿ փոխնախագահ Ռազմիկ Զոհրաբյանի միտքն է։

-Լեռնային Ղարաբաղի ներգրավվածությունը բանակցային գործընթաց շատ ավելի ցանկալի է և արդյունավետ։ Բայց ինչ-ինչ պայմաններում այն տեղի չի ունեցել, իսկ այսօր դա արդեն հրամայական է,-իսկ սա ավելի երիտասարդ ՀՀԿ-ականի՝ Արտակ Զաքարյանի կարծիքն է։

Հետաքրքիրը կամ, ավելի ճիշտ, տարօրինակն այն է, որ այս հայտարարությունները հնչում են հատկապես վերջին երեք օրերի ընթացքում, իսկ ավելի հստակ՝ հատկապես ՀՀ նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանի հարցազրույցից հետո։

Քննադատելով իշխանությունների վարած արտաքին քաղաքականությունը՝ նախկին արտգործնախարարը մասնավորապես ասել էր. «Մենք այսօր շրջադարձային փուլում ենք: Հայաստանը նախկինում էլ է եղել այդպիսի փուլում։ Երբ հանգամանքները, գործընթացի իներցիան, միջնորդների ընկալումները մեզ համար շահավետ չեն, պետք է ոչ թե սպասել իրավիճակի զարգացմանը, այլ կտրուկ քայլերի գնալ: Անհրաժեշտ է շեշտադրումների ու նույնիսկ դիրքորոշումների փոփոխություն, որը, սակայն, պետք է լավ հիմնավորված լինի: Նման փոփոխություն եղավ 98-ին՝ իշխանափոխության արդյունքում: Իշխանափոխության դեպքում նախորդ իշխանության դիրքորոշման հետ չհամաձայնելը և փոխարենն այլ բան առաջարկելն ավելի ընկալելի է»։

Հանրապետական այս պատգամավորները չեն բավարարվել միայն հայտարարելով, թե Արցախը նույնպես պետք է մասնակցի բանակցային գործընթացին։ Տպավորությունն այնպիսին է, որ նրանք հատուկ էին ասուլիս հրավիրել, որ քննադատության թիրախում վերցնեն նախկին արտգործնախարարին։

Վերոնշյալ երեք պատգամավորներին էլ հարց ուղղեցինք, թե մի՞թե այսքան ժամանակ չէին հիշում, որ Արցախը պետք է ներգրավված լինի բանակցություններ։ Եվ հատկապես ինչո՞ւ են հիմա քննադատում Վարդան Օսկանյանին, ինչո՞ւ էին նրա պաշտոնավարման տարիներին լռում, կամ երբևէ եղե՞լ է, որ այդ մասին հրապարակավ արտահայտված լինեն։ Թեև ակնհայտ է, թե հատկապես ինչու են հենց հիմա նրանք ակտիվացել, այդուհանդերձ, նրանց պատասխանները կրկին շատ միօրինակ են, ինչը ենթադրել է տալիս, որ այս պատգամավորները հատուկ հանձնարարական են ստացել այդպես արտահայտվելու։

-Բոլոր ժամանակահատվածներում էլ քննարկումներ եղել են, գուցե ոչ հրապարակային, բայց եղել են,-ասել է Արտակ Զաքարյանը, սակայն կրկին չի հստակեցրել՝ ինչու հատկապես հիմա։

«Հերթական անգամ զարմանում եմ նախկին արտգործնախարարի հայտարարությունների վրա։ Հատկապես այն կապակցությամբ, որ Հայաստանը հայտնվել է  պատանդի կարգավիճակում։ Զարմանալի է, որ բանակցությունների ձախողման մասին խոսում է նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանը»,-սա էլ Ռազմիկ Զոհրաբյանի կարծիքն է, ով, ի դեպ, ՀՀԿ փոխնախագահն է գաղափարական գծով։ Նա, սակայն, որոշակի հստակեցում է մտցրել այն հարցում, թե ինչու հատկապես հիմա։

-Մենք եղել ենք մի թիմ՝ Ռոբերտ Քոչարյան, Վարդան Օսկանյան... և մեր կուսակցությունը համագործակցել է այդ թիմի հետ։ Այսօր որոշակի մի իրավիճակ է ստեղծվել, որ բանակցությունները նորից մտնում են փակուղի։ Մենք առաջարկում ենք շտկել սխալները, և դրանից են նեղանում նախկին իշխանավորները։ Այո՛, սխալներ եղել են, և ճիշտ կլինի քաջություն ունենալ ու շտկել դրանք»։

«Հիշու՞մ եք մի դեպք, որ քննադատած լինեք Օսկանյանին արտաքին քաղաքականության պատճառով» հարցինք Գագիկ Մելիքյանը պատասխանել է.

-Հիշում եմ, և ոչ միայն մի, այլ բազմաթիվ դեպքեր։ Այդ հարցը քննարկվել է նաև Հանրապետական կուսակցության խորհրդի նիստերում։

Բնական հարց է առաջանում, թե ինչո՞ւ Վ. Օսկանյանի նախարար աշխատած տարիներին նրա հրաժարականի պահանջ չեն ներկայացրել հանրապետականները, եթե այդքան դժգոհ էին նրա քաղաքականությունից..

-Հանրապետական կուսակցությունում նաև նման հարցեր են քննարկվել։

Փաստորեն իրենց ներսում դժգոհել են ՀՀԿ–ականները և միայն հիմա են պահանջում նախկին արտգործնախարարի հրաժարականը։ Ընդամենը։

Ամեն ինչ պարզ է։ Հիմա են նրանց «ոտքը տրորում», դրա համար էլ հիմա են ակտիվացել։ Այդ է պատճառը, որ Սերժ Սարգսյանի թիմակիցները խորհուրդ են տալիս «լռել և ոչ թե փորձել կարևորագույն այս գործընթացների համատեքստում ներքաղաքական ինչ-որ ինտրիգներ առաջ մղել»։

Տեսնենք որոշ ժամանակ հետո ՀՀԿ-ականները նույն ջանասիրությամբ կքննադատե՞ն Սերժ Սարգսյանին, երբ տեսնեն, որ հայ-թուրքական գործընթացը, կամ այսպես կոչված ֆուտբոլային դիվանագիտությունը ամբողջությամբ ձախողվել է. սահմանը բաց չէ, իսկ Ցեղասպանության ճանաչման գործընթացն էլ, ըստ էության, Սերժ Սարգսյանի «շնորհիվ» դուրս է եկել ՀՀ արտաքին քաղաքականության օրակարգից և այն, որ հիմա ցեղասպանության ճանաչման հետ կապված գործընթաց կա, ապա դա ի հեճուկս ֆուտբոլային դիվանագիտության, այլ ոչ թե շնորհիվ։ Ցեղասպանության հետ կապված վերջին գործընթացները հուշում են, որ ֆուտբոլային դիվանագիտությունը տապալվել է, և հետաքրքիր է, թե ե՞րբ կփորձեն հանրապետականների հաստիքային «հարձակվողները» խոսելու Սարգսյանի սխալների մասին։ Չնայած՝ կարող է արդեն չհասցնեն։

Ի դեպ, եթե ՀՀԿ–ականները ժամանակին դժգոհ են եղել Քոչարյանի ու Օսկանյանի վարած արտաքին քաղաքականությունից, ապա թող դուրս գային կոալիցիայից, ինչպես որ ՀՅԴ–ն արեց։ Խնդիրն այն չէ, թե ճի՞շտ էր Քոչարյանի վարած քաղաքականությունը, թե՞ ոչ։ Խնդիրը սկզբունքն է։

Սյուզի Մելքոնյան

Այս խորագրի վերջին նյութերը