Լրահոս

12.03.2019 12:14


34-ամյա քասախցին մետաղյա ձողով հարվածել է համագյուղացուն

34-ամյա քասախցին մետաղյա ձողով հարվածել է համագյուղացուն

ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչությունում ավարտվել է 31-ամյա տղամարդու առողջությանը դիտավորությամբ ծանր վնաս պատճառելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը. մեղադրանք է առաջադրվել Քասախ գյուղի՝ 34-ամյա բնակչին: Այս մասին տեղեկացնում է՝ ՀՀ քննչական կոմիտեի դեպարտամենտի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնը։

Դեպքը տեղի է ունեցել 2018թ. ապրիլի 19-ին՝ ժամը 00:10-ի սահմաններում, Կոտայքի մարզի Քասախ գյուղում:

Նախնական քննության տվյալներով՝ նշված գյուղի բնակիչների միջև տեղի է ունեցել վիճաբանություն, որի ժամանակ էլ նրանցից մեկը դիտավորությամբ ծանր վնաս է պատճառել համագյուղացուն՝ ծնված 1987 թվականին:

Մինչդատական վարույթում ձեռք բերված փաստական տվյալների համաձայն՝ 1984 թվականին ծնված տղամարդը, իր ընկերների հասցեին հայհոյանքներ հնչեցնելու հարցի շուրջ պարզաբանումների կապակցությամբ ծագած վիճաբանության ժամանակ, իր մոտ եղած մետաղյա ձողով հարվածել է համագյուղացու ձախ թիկունք-թևային շրջանին ու վայր գցել, որից հետո նույն մետաղյա ձողով շարունակել է բազմաթիվ հարվածներ հասցնել վերջինիս ոտքերին՝ նրա առողջությանը պատճառելով «աջ ոլոքի պրոքսիմալ մետաէպիֆիզի միջաձիգ, բեկորային տեղաշարժով, ձախ նրբոլոքի դիստալ մետադիաֆիզի կոտրվածքների, աջ սրունքի վերին երրորդականի, ձախ սրունքի միջին-ստորին երրորդականի քերծվածքների ձևով» ծանր վնաս:

Ձեռք բերված բավարար ապացույցների հիման վրա՝ 34-ամյա տղամարդուն մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասով: Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել ստորագրություն՝ չհեռանալու մասին:

Հայտարարվել է նախաքննության ավարտի մասին, և քրեական գործը՝ մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել է դատարան:

Այս խորագրի վերջին նյութերը