Մեկնաբանություն

12.03.2019 11:50


Հարկային տեռորը և Ամուլսարի ոդիսականը

Հարկային տեռորը և Ամուլսարի ոդիսականը

Երեկ տնտեսական լրահոսում աչքի ընկավ երկու լուր։ Մեկը վերաբերում էր հարկային բեռի ավելացմանը, մյուսը՝ «Լիդիան Արմենիայի» գործունեությանը։

Փոխանակման կետերի, գրավատների ու վարկային կազմակերպությունների ներկայացուցիչները բողոքում էին պետական տուրքի 60–անգամյա բարձրացման դեմ, իսկ գազավորված ըմպելիքների արտադրությամբ զբաղվողները՝ ակցիզային հարկի բարձրացման դեմ։

Փոքր ու միջին բիզնեսից բացի՝ կառավարության հետ խնդիր ունի նաև Հայաստանի խոշորագույն արևմտյան ներդրողը։ «Լիդիան Արմենիա» ընկերությունը նախազգուշացրել է կառավարությանը, որ կարող է միջազգային արբիտրաժում պաշտպանել իր իրավունքները։ Իրավունքներ, որոնք հեղափոխական տեխնոլոգիաներով, այն է՝ դեպի հանք տանող ճանապարհը փակելով, ոտնահարվել են։

Այս երկու տեղեկություններն իրար հետ առաջին հայացքից կապված չեն, բայց դա՝ միայն առաջին հայացքից։ Երկուսի մեջ էլ գլխավոր հերոսը կառավարությունն է։

Նիկոլ Փաշինյանի թիմը մի կողմից հարկեր է բարձրացնում՝ հիմնավորելով, որ բյուջեն պետք է լցնեն, որպեսզի կարողանան սոցիալական ու այլ գործառույթները կատարել, իսկ մյուս կողմից զարմանալի, կասկածելի ու տարօրինակ անգործություն է ցուցաբերում Ամուլսարի հանքի հետ կապված։ Հանք, որի գործունեության արդյունքում պետական բյուջեի մուտքերը կարող էին (են) համալրվել տարեկան ավելի քան 100 միլիոն դոլարով։

Եթե «Լիդիանը» միջազգային արբիտրաժ դիմի ու հաղթի (ըստ ամենայնի՝ այդպես էլ կլինի), ապա հարկատուներիս վրա դա կարող է նստել 500 միլիոնից մինչև 2 միլիարդ դոլար։ Եվ դա՝ կառավարության անգործության կամ միտումնավոր գործունեության արդյունքում։

Արբիտրաժը դեռ առջևում է, իսկ մինչ այդ հարկատուներս վճարում ենք Նիկոլ Փաշինյանի հայտարարած փորձագիտական աշխատանքների համար։ Այդ փորձագետները պետք է ուսումնասիրեին ու պատասխան տային այն հարցին, թե արդյոք Ամուլսարի հանքի շահագործումը վնասո՞ւմ է Սևանա լճին ու հանքավայրի հարակից ջրային ռեսուրսներին, թե՞ ոչ։

Ուշագրավն այն է, որ փորձաքննություն փաստացի տեղի չի ունենում, բայց պետական բյուջեից դրա համար հատկացվել է 400 հազար դոլար։

Ամուլսարի հանքի ոդիսականը բազմաթիվ հարցեր է առաջացնում, իսկ կառավարության անգործությունը՝ կասկածներ։ Արդյոք մենք գործ չունե՞նք սեփականության կոպիտ խլման դեպքի կամ այլ անօրինական գործընթացի հետ։ «Հերձումը» ցույց կտա։

Կորյուն Մանուկյան

Հ.Գ.։ Կառավարության նիստի ժամանակ լեզվակռվի մեջ մտած Փաշինյանն ու առողջապահության նախարարը, անկախ իրենց կամքից, բացահայտեցին գործադիր մարմնի, ավելի կոնկրետ՝ «ժողովրդի վարչապետի» երկակի ստանդարտները։

Թորոսյանն ընկել էր մարազմի գիրկն ու փաստացի առաջարկում էր ոչնչացնել ծխախոտագործությունը՝ հիմնավորելով իր մոտեցումն այն հանգամանքով, որ ծխախոտը վնասակար է առողջությանը։ Նա առաջարկում էր գերբարձր հարկեր սահմանել ծխախոտի համար։ Վարչապետն էլ ասում էր, թե ինչքան էլ որ վնասակար լինի ծխախոտը, հո իրենք չե՞ն կարող ոչնչացնել տնտեսության այդ ճյուղը, մարդկանց զրկել աշխատանքից, բյուջեն էլ՝ հարկերից։ Վարչապետը տվյալ վեճում ճիշտ է, բայց ընդհանուր առմամբ՝ ոչ սկզբունքային։

Եթե առաջնորդվենք Փաշինյանի հիմնավորումներով, ապա հանքարդյունաբերության նկատմամբ նրա մոտեցումը սկզբունքային առումով խիստ տարբերվում է ծխախոտագործության պահով իր իսկ դիրքորոշումից, և ահա թե ինչու։

Ծխախոտը, բոլորն էլ գիտեն, որ քաղցկեղածին է և վնասակար առողջությանը։ Դա ապացուցված է և համընդհանուր բացասական գնահատականի արժանացած։ Իսկ ահա ապացուցված չէ, որ հանքարդյունաբերությունը վնասում է առողջությանը. կարծիքներն այս առումով կիսված են և ոչ միանշանակ։

Այդ ինչպե՞ս է ստացվում, որ Փաշինյանը, վնասակար համարելով ծխախոտը առողջությանը, միևնույն ժամանակ գտնում է, որ ամեն դեպքում, չի կարելի այդ բիզնեսին վնասել ու մարդկանց աշխատանքից զրկել, իսկ ահա հանքարդյունաբերության ոլորտում հանգիստ հետևում է, թե ինչպես է, օրինակ, Ամուլսարում կրճատվել 1000–ից ավելի աշխատող, ինչպես է բյուջեն զրկվում գումարներից, ինչպես է Հայաստանի ներդրումային միջավայրը փչանում, ինչպես է Հայաստանի տնտեսությանը լուրջ հարված հասցվում և այլն, և այլն, և այլն։ Եթե մի կողմ ենք դնում խելագարության կանխավարկածը, ապա հանգում ենք այն եզրակացության, որ մութ բաներ կան Ամուլսարի հանքի հետ կապված։

Այս խորագրի վերջին նյութերը