Լրահոս

11.03.2019 19:44


Տանկերի ապագա կին նավապետը երազում է գալ Հայաստան

Տանկերի ապագա կին նավապետը երազում է գալ Հայաստան

Կապիտան չեն դառնում, այլ ծնվում են, նման կարծիքի է Բաթումի պետական ծովային ակադեմիայի ուսանող Լուսինա Թամարյանը։ Նա 21 տարեկան է և երկու բան է երազում՝ դառնալ նավապետ, ինչը թույլ կտա շրջագայել ամբողջ աշխարհում, և այցելել պատմական հայրենիք՝ Հայաստան։

Լուսինեն Բաթումում ծնված հայերի երկրորդ սերնդի ներկայացուցիչ է։ Նրա նախնիները Մուշից հրաշքով փրկվել են Օսմանյան կայսրությունում իրականացված Հայոց ցեղասպանության ժամանակ։ Հայրը ծնվել է արդեն Վրաստանում, Լուսինեն` նույնպես։ Երեք տարի առաջ աղջիկը կյանքում կարևորագույն ընտրություն է կատարել՝ ընդունվել է Բաթումի պետական ծովային ակադեմիայի ծովային նավիգացիայի ֆակուլտետ։ Այսօր նա արդեն սովորում է երրորդ կուրսում և պատրաստվում է պրակտիկան անցկացնել հեռավոր նավարկությունում։

«Ծովը միշտ գրավել է ինձ։ Մանկուց սիրել եմ նայել ալիքներին և պատկերացրել եմ, որ մի օր դուրս կգամ բաց ծով», - ասաց Թամարյանը Sputnik Արմենիայի թղթակցի հետ զրույցում։


Աղջկան երբեք չեն գրավել կանանց մասնագիտությունները, բայց նավաստի դառնալու որոշումը նա ընդունել է վերջին պահին։

Քննություն հանձնելուց առաջ Լուսինեն մտածել է, որ դա իր համար կատարյալ տարբերակ կլինի՝ հաշվի առնելով ծովի նկատմամբ սերը։

«Մասնագիտությունը թույլ կտա ինձ աշխատել, ճանապարհորդել», - ասում է Լուսինեն։

Ի դեպ, ընտանիքն ըմբռնումով է մոտեցել նրա ընտրությանը և չի փորձել հակառակը համոզել աղջկան. հաշտվել են նույնիսկ նրանք, ում դուր չի եկել նրա ընտրությունը։ Լուսինեի կուրսում սովորում է մոտ 160 մարդ, խմբում 25 տղա կա և մեկ աղջիկ՝ ինքը։

«Տղաներն ապշած էին, երբ իմացան, որ ես սովորելու եմ իրենց հետ։ Հիմա նրանք հպարտանում են, հարգում են իմ ընտրությունը և ձգտումը», - ասաց Լուսինեն։

17631569 Հիմա Լուսինեն պատրաստվում է մեկնել հեռավոր նավարկության՝ պրակտիկայի։ Նա սովորական է համարում իր մասնագիտությունը, ուղղակի մարդիկ են իր որոշումն անսովոր ընդունում։

«Ծովում ասես ամպերի մեջ լինես։ Մենք օդաչուների նման պետք է բուժզննություն անցնենք, հոգեբանորեն կայուն և առավելագույնս կենտրոնացած լինենք», - ասում է Լուսինեն։

Նրա խոսքով՝ լավ նավաստի դառնալու համար անհրաժեշտ են գիտելիքներ և ճարպկություն։ Թամարյանի համար ամենաբարդը առաջին անգամ բաց ծով հեռավոր նավարկության գնալն է։ Սակայն աղջիկը չի վհատվում. Լուսինեն իր առջև նպատակ է դրել դառնալ տանկերի նավապետ և պատրաստ է 10-15 տարի սպասել երազանքի իրագործմանը։

Նրան չեն վախեցնում ո՛չ փոթորիկը, ո՛չ ալիքները։ Հայուհին խորհուրդ է տալիս մյուսներին, ովքեր երազում են ծով դուրս գալ, դադարել երազել, նպատակ դնել և հասնել դրան։ Ապագայում Լուսինեն անպայման կայցելի պատմական հայրենիք՝ Հայաստան, որպեսզի ծանոթանա իր արմատներին։

Այս խորագրի վերջին նյութերը