Մեկնաբանություն

11.03.2019 11:50


«Շան որդի է, բայց մեր շան որդին է»

«Շան որդի է, բայց մեր շան որդին է»

Նախորդ տարվա ապրիլ–մայիսին տեղի ունեցած քաղաքական գործընթացների արդյունքում բազմաթիվ փուչիկներ պայթեցին, բազմաթիվ դեմքեր պատռվեցին ու բազմաթիվ կառույցներ «խուրդվեցին»։

Շատերի համար պարզ դարձավ, որ Նիկոլ Փաշինյանը, որպես կանոն, ստել է, իսկ երբեմն էլ՝ անկեղծորեն սխալվել։

Պարզ դարձավ նաև, որ Հայաստանում ոչ միայն արդարադատությունն է զանգովի, այլ նաև իրավապաշտպանությունը։

Նախորդ տարվա մայիսից հետո տեղի ունեցավ նաև արհեստածին «քաղաքացիական հասարակության» ցեղասպանություն։ Բոլոր նրանք, ովքեր նախկինում կոկորդ ու մարմնի այլ մաս էին պատռում այս կամ այն իրավախախտման դեպքում, հիմա դարձել են համր, ինչպես ձուկը, կամ էլ սովետական «Պրավդայի» ոճով քծնում ու պաշտպանում են Նիկոլ Փաշինյանին այնպես, ինչպես «Ազատություն» ռադիոկայանը։

Նախկինում քարի ու թփի համար «պայքարիստները» սկսել են չնկատել այն պատմական շինությունը, որը քանդվում է «ժողովրդի քաղաքապետ» կարգին Հայկոյի հրահանգով։

Իրենց վարքագիծը փոխել են նաև գրանտատու կազմակերպությունները, արևմտյան կառույցներն ու դեսպանատները։ Եթե նախկինում սրանք արագ արձագանքում էին, օրինակ, քաղաքացիական ակտիվիստ կոչվածների դեմ որևէ գործողությանը կամ անգամ ծաղրանկարների պատռմանը, ապա այժմ կուրացել են և իրենց դրել ռետինե խողովակի տեղ։

Բերենք ամենաթարմ օրինակը։ ԱՄՆ դեսպանության, Եվրամիության պատվիրակության, ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակի կողմից 2018 թվականի «Երիտասարդ առաջնորդ»-ի պարգևին արժանացած, իսկ դրանից առաջ Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոնի և «Բաց հասարակության հիմնադրամների»՝ Սորոսի հիմնադրամի հայաստանյան գրասենյակի կողմից մրցանակ ստացած «Ռեստարտ» նախաձեռնության անդամ Դավիթ Պետրոսյանն իր ընկերների հետ խուլիգանություն էր արել։ Նրանք հասարակական ակտիվությամբ աչքի ընկնող և իշխանությունների նվագի տակ չպարող Նարեկ Մալյանի դեմ բռնություն էին կիրառել ու հետո դա դարձրել ինքնագովազդի առարկա։

111

Ուշագրավն այն է, որ եթե նախկինում նման բան լիներ, ապա ԱՄՆ դեսպանատունը, ԵՄ–ի հայաստանյան գրասենյակը, բազմազան սաքունցները և զարմանազան իրավապաշտպան կառույցները բոցաշունչ հայտարարություններ կտարածեին, զորակցություն կհայտնեին ակտիվիստին ու կպահանջեին դադարեցնել բռնությունները՝ ձեռքի հետ ակնարկելով, որ բռնության հետևում իշխանական պատվեր են տեսնում։ Հիմա այս շրջանակները քար լռություն են պահպանում։ Եվ դա այն դեպքում, երբ իշխանությունը փաստացի չի էլ թաքցնում, որ հովանավորում է այդ բռնությունը։

Փաստորեն, գործ ունենք երկակի ստանդարտների հետ։ Արևմտյան կառույցների ու գրանտատուների համար կան լավ ու վատ, սև ու սպիտակ քաղակտիվիստներ։

222

Իշխանական «հունվեյբին» Դավիթ Պետրոսյանի վարքագիծը և արևմտյան կառույցների կիրառած երկակի ստանդարտները մի հետաքրքիր պատմություն հիշեցրեցին։

Նիկարագուայում մինչև նախորդ դարի կեսերը իշխում էր զինվորական բռնապետ Անաստասիո Սամոսան։ Նա իշխանությունը զավթել էր ամերիկյան օկուպացիոն զորքերի դեմ կռիվ տվող հեղափոխական Ավգուստո Սանդինոյին սպանելով։

Իշխանությունը զավթելուց հետո Սամոսան դարձավ դաժան բռնապետ, բայց մարդու իրավունքների պաշտպանության առաջամարտիկ ներկայացող ԱՄՆ–ը չէր նկատում բռնությունները, քանզի Սամոսան ծառայում էր ԱՄՆ շահերին։

A_Somoza-Garsia_1936

Ասում են, որ երբ ԱՄՆ նախագահ Ֆրանկլին Ռուզվելտին հերթական անգամ զեկուցել են Սամոսայի բռնությունների ու Նիկարագուայում տիրող վայրագությունների մասին, Ռուզվելտը թևավոր դարձած միտք է ասել։

«Սամոսան շան որդի է, բայց մեր շան որդին է»,–հայտարարել է Ռուզվելտը։

Ռուզվելտի բանաձևի շրջանակներում է, որ արևմտյան կառույցները Հայաստանում նախորդ տարվա մայիսից հետո փոխել են իրենց վարքագիծը և սկսել են չնկատել իշխանական թևի բռնությունները՝ «Մեր շանորդիներն են» ծրագրի շրջանակներում։

Հայկ Ուսունց

Այս խորագրի վերջին նյութերը