Կարծիք

11.03.2019 11:18


Լիբերալ պահպանողականություն կամ ազատական պահպանողականություն

Լիբերալ պահպանողականություն կամ ազատական պահպանողականություն

Քաղաքական գիտության մեջ ընդունված է համարել, որ լիբերալիզմը հակադրվում է պահպանողականությանը։ Այդպես էր ի սկզբանե, երբ առաջացան այս գաղափարախոսությունները սոցիալ-տնտեսական և քաղաքական վերափոխումների, հեղափոխությունների և միջազգային տեսությունների սկզբնավորման փուլում:

Հայտնի է, որ որպես գաղափարական-քաղաքական ուղղություններ՝ այսօր էլ աշխարհում դոմինանտ կարգավիճակ ունեն լիբերալներն ու պահպանողականները: Այսօր, սակայն, դա ստանում է նոր բնույթ ու դրսևորումներ։

Որոշ երկրներում, այս կամ այն առանձնահատկությամբ, նրանք մնացել են նույնը և կազմում են տվյալ պետության ու հասարակության հիմնական գաղափարախոսական առանցքը: Թե՛ Մեծ Բրիտանիայում, թե՛ ԱՄՆ-ում, թե՛ զարգացած ժողովրդավարություններում պահպանողականները կողմ են ուժեղ պետության և հասարակական կարգի պահպանությանը, ինչպես նաև կոշտ հարկային վարչարարության միջոցով փորձում են ապահովել պետության զարգացումը և տնտեսական կայունությունը: Մյուս կողմից, որպես հակադրվող բևեռ՝ լիբերալները կողմ են պետության ազատականությանը, բաց հասարակություն ունենալուն, մարդու, անհատի ազատություններին, իրավունքներին և բարեկեցությանը:

Ազատականությունն առանձին քաղաքական շարժման վերածվեց լուսավորության դարաշրջանում, երբ այն սկսեց ժողովրդականություն վայելել Արևմուտքի փիլիսոփաների ու տնտեսագետների շրջանում։

Ազատականությունը մերժում էր ժառանգության իրավունքի, պետական կրոնի, բացարձակ միապետության և թագավորների աստվածային իրավունքի՝ ժամանակին տարածված հասկացությունները։

Ազատականությունն՝ իբրև փիլիսոփայական առանձին ավանդույթ, վերագրվում է 17-րդ դարի փիլիսոփա Ջոն Լոքին։ Լոքը գտնում էր, որ ամեն մարդ ունի կյանքի, ազատության ու սեփականության բնական իրավունք, և ավելացնում էր, որ կառավարությունները չպետք է ոտնահարեն այդ իրավունքները՝ հասարակական պայմանագրի (կոնտրակտի) հիման վրա։ Ազատականները դեմ էին ավանդական պահպանողականությանը և ջանում էին կառավարության բացարձակ իշխանությունը փոխարինել ներկայացուցչական ժողովրդավարությամբ ու օրենքի գերակայությամբ։ Լիբերալիզմի և կոնսերվատիզմի մշտական պայքարը հասարակության և անհատի դիալեկտիկական հակադրումն էր, որովհետև, ըստ լիբերալների, եթե անհատը չլինի ուժեղ, ազատ, պաշտպանված և պետության կողմից պատճաշ ուշադրութան ներքո, պետությունը չի կարող լինել ինքնաբավ, կայացած և հզոր, իսկ կոնսերվատորներն էլ վստահ էին, որ պետությունը կարող է լինել կայուն և զարգացող, եթե անխափան գործեն պետական ինստիտուտները, պետության ուժային մեքենան, չխարխլվի հասարակական և սահմանադրական կարգը, պահպանվեն ազգային ու ավանդական արժեքները և այլն:

Պահպանողականությունը քաղաքական-գաղափարախոսական հոսանք է, որն առաջին անգամ օգտագործել է ֆրանսիացի գրող Շատոբրիանը, որը 1818թ. հրատարակեց «Կոնսերվատոր» հանդեսը: Դասական պահպանողականության հայր է համարվում անգլիացի փիլիսոփա, հրապարակախոս, քաղաքական գործիչ Էդմունդ Բյորքը: 1790-ին նա հրատարակեց պահպանողական հիմնադրույթներն իր մեջ ունեցող «Մտորումներ ֆրանսիական հեղափոխության շուրջ» աշխատությունը: Պահպանողական գաղափարախոսության եւ քաղաքականության շնորհիվ Մեծ Բրիտանիան այսօր աշխարհի առաջատարներից է: Զարգացման այդ ուղին են որդեգրել ամբողջ Եվրոպան, ԱՄՆ-ը, այդ ճանապարհին է վերադառնում նաև Ռուսաստանը:

Գալով լիբերալ պահպանողականությանը՝ պետք է նշել, որ այն, ըստ էության, չունի մաքուր ձև: Ազատական պահպանողականությունը՝ որպես ընդունված, առաձին գաղափարախոսություն, իր տեղը դեռ չի գտել ակադեմիական քաղաքագիտության մեջ, սակայն մյուս կողմից այս ուղղության պատմությունն առավել հետաքրքրական է՝ հաշվի առնելով, որ դրա ծագման ծիլերը տանում են դեպի Անգլիա՝ Բուրժուադեմոկրատական հեղափոխություն, Երրորդ Ռեյխ, 1874-1931 թվականների Իսպանիա: Լիբերալ կոնսերվատիզմը, ըստ էության, գտնվում է սոցիալ հայրենասիրության և քրիստոնյա լիբերալիզմի կենտրոնում: Այն մոտարկում է պահպանողական և ազատական գաղափարների հիմնական դրույթները՝ հաստատելով, որ կապիտալիզմի և ազատ շուկայական տնտեսական հարաբերությունների տեսանկյունից ընդունելի է ազատականությունը, իսկ ազգային ինքնության արդիականացման, հանրային և սոցիալական տեսանկյունից որդեգրում է պահպանողականությունը:

Այն չի հետևում արդեն ժամանակավրեպ ձախ-աջ հակասություններին և բաժանումներին՝ արդյունավետորեն զբաղեցնելով ավանդապաշտական քաղաքական կենտրոնի դիրք:

Ինչո՞վ է հետաքրքիր լիբերալ պահպանողականությունը կամ ազատական պահպանողականությունը մեզ նման՝ պատրիարխալ և անցումային հասարակությունների համար: Մենք կարծում ենք, որ հայ ժողովորդը իր ծագումնաբանության, սոցիոմշակութային և մշակութաքաղաքակրթական իմաստով իր հավաքական պատմական հիշողության մեջ ունի թե՛ ազատական և թե՛ պահպանողական մտածողության և համակեցության տարրեր: Հայ ժողովրդի պատմության երկարատև շրջանն ապացուցել է, որ պահպանողականությունը՝ որպես հայկական ԵՍ-ի զարգացման ու անվտանգության նախապայման, այլընրանք չունի: Այսօր, սակայն, հետևելով հարահոս փոփոխվող աշխարհի ընթացքին, հայ հասարակության կառուցվածքային սոցիալական և քաղաքական վարքաբանությանը՝ պարզ է դառնում, որ մեզ անհրաժեշտ է նաև ազատականություն: Պետության տնտեսության զարգացման, երկկողմ և բազմակողմ միջպետական հարաբերությունները, բիզնես աշխարհի զարգացման և կերպափոխման միտումները, տարածաշրջանային և աշխարհաքաղաքական վերաձևումները տեղ չեն թողնում մեզ հապաղելու: Մենք կարող ենք իբրև ազգ ու պետություն մեր ինքնության պահպանման ու արդիականացման համար ամուր կառչել պահպանողականությունից, որովհետև դա է մեր ազգային ու ավանդական կառուցվածքի հիմնական առանցքը, բայց մյուս կողմից մենք չենք կարող առանց ազատականության, ընդ որում՝ առանց չափավոր ազատականության զարգանալ և բարգավաճել:

Քաղաքական և քաղաքագիտական գրականության մեջ շատ են հանդիպում նաև հրապարակումներ, որ լիբերալիզմն ու կոնսերվատիզմը իրականում հակադրելի չեն, ավելին՝ նրանք շատ ավելի համադրելի են, քան կարելի է պատկերացնել: Պետական ինստիտուտների կարևորության, ազգային ու հասարակական անվտանգության գլոբալ և լոկալ խնդիրները մենք կարող ենք լուծել միայն պահպանողականության ուժեղ դիրքերի վրա մնալու շնորհիվ, բայց տնտեսություն մենք չենք կարող զարգացնել պերֆեկցիոնիստական ազգային ներուժի վրա հիմնված, քանի որ Հայաստանը, լինելով փոքր պետություն, իրականում չունի մեծ հնարավորություններ զարգանալու, դրա համար պետք է ազատականացնել տնտեսությունը, բայց պետության կառավարման ներքո թողնել ռազմավարական կարևոր ենթակառուցվածքները: Դրանք, մեր ընկալմամբ, պետք է լինեն ազգային, ահա սրանում է, այսպես կոչված, չափավոր ազատականությունը: Լիբերալ պահպանողական գաղափարական հոսանքը կարող է ընդգրկել ձախակողմյան սոցիալիստական պահպանողական և աջակողմյան սոցիալ-ազատական պահպանողական անհատներին ու խմբերին:

ՀՀ ՊԿԱ Քաղաքական կառավարման և հանրային քաղաքականության ամբիոնի երկրորդ կուրսի մագիստրանտ Սմբատ Ղահրամանյան

Աղբյուրը՝ politeconomy.org

Այս խորագրի վերջին նյութերը