Քաղաքական

09.03.2019 20:25


Քարոզարշավի ֆինանսավորման ամբողջականությունը խաթարվել է. ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ զեկույցը՝ 2018-ի ԱԺ ընտրությունների մասին

Քարոզարշավի ֆինանսավորման ամբողջականությունը խաթարվել է. ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ զեկույցը՝ 2018-ի ԱԺ ընտրությունների մասին

ԵԱՀԿ Ժողովրդավարական հաստատությունների և մարդու իրավունքների գրասենյակը (ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ) հրապարակել է ՀՀ ազգային ժողովի 2018թ. դեկտեմբերի 9-ին տեղի ունեցած արտահերթ ընտրությունների վերաբերյալ վերջնական զեկույցը, որում անդրադարձել է մի շարք հարցերի:

Մասնավորապես զեկույցում նշվում է, որ դեկտեմբերի 10-ին հրապարակված «Նախնական արդյունքների և եզրակացությունների վերաբերյալ հայտարարությունը» գտել էր, որ ընտրություններն «անցկացվել են հիմնարար ազատությունների պահպանմամբ և վայելել են հանրության լայն շրջանակների վստահությունը, ինչը պետք է պահպանվի ընտրական հետագա բարեփոխումների միջոցով: Քաղաքական բաց բանավեճը, այդ թվում՝ ԶԼՄ-ներում, նպաստել է աշխույժ քարոզարշավի անցկացմանը՝ չնայած առցանց սադրիչ հռետորաբանության դեպքերը մտահոգության տեղիք են տվել: Քարոզարշավի ֆինանսավորման ամբողջականությունը խաթարվել է կարգավորման, հաշվետվողականության և թափանցիկության պակասի պատճառով:

Զեկույցի հեղինակներն ընդգծվում է, որ կուսակցություններն ու դաշինքները հնարավորություն են ունեցել ազատ քարոզարշավ իրականացնել. միավորումներ կազմելու, խաղաղ հավաքների, արտահայտման և տեղաշարժի հիմնարար ազատությունները լիարժեք կերպով հարգված են եղել: Քարոզարշավի պաշտոնական ժամկետը կարճ էր, սակայն քարոզչությունը սկսվել էր ավելի վաղ, ինչն արգելված չէ օրենքով: Քարոզարշավի ընթացքում արձանագրվել են ապատեղեկատվության տարածման դեպքեր, ինչպես նաև սոցիալական ցանցերում ընտրապայքարի որոշ մասնակիցների միջև ագրեսիվ և թեժ փոխանակումներ: Թեև քարոզչությունը որոշ չափով հատկանշվել է մամուլում ընտրապայքարի որոշ մասնակիցների միջև սադրիչ փոխանակումներով՝ կուսակցությունների և դաշինքների՝ միմյանց և ընտրողներին դիմելու տոնայնությունը, ընդհանուր առմամբ դրական շարժ է ապրել քարոզարշավի վերջին փուլերում:

Քարոզարշավի ընթացքում ագրեսիվ հռետորաբանություն նկատվել է նաև սոցիալական ցանցերի մեկնաբանությունների դաշտում: Որոշ ԺՀՄԻԳ Ընտրությունների դիտորդական առաքելության (ԸԴԱ) զրուցակիցներ նշել են, որ ենթադրյալ «կեղծ» ֆեյսբուքյան օգտահաշիվների միջոցով իրականացավում էր սադրանք, տարածվում ապատեղեկատվություն և առանձին թեկնածուների դեմ ուղղված վիրավորական արտահայտություններ:

Զեկույցում նշվում է, որ իշխանությունները պետք է կազմակերպեն ընտրողների ուսուցման արշավներ՝ խթանելու ԶԼՄ գրագիտությունը, պատասխանատվությունն ու սոցիալական ներառումը: Սադրիչ և վիրավորական լեզուն բացառելու համար՝ ընտրապայքարի մասնակիցները կարող են մշակել և կիրառել վարքագծի կանոններ և ինքնուրույն ձևավորել լավ գործելակերպ:

ԵԱՀԿ-ԺՀՄԻԳ զեկույցում նշված է նաև, որ դատարանի վճռով անգործունակ ճանաչված անձինք չեն ունեցել ընտրելու իրավունք, ինչը հակասում է հաշմանդամություն ունեցող անձանց քաղաքական իրավունքների ոչ ողջամիտ սահմանափակումների վերացման մասին միջազգային պարտավորություններին: Մեկից ավելի քաղաքացիություն ունեցող անձանց առաջադրվելու իրավունքի սահմանափակումները ևս հակասում են ԵԱՀԿ-ի առջև ստանձնած պարտավորություններին և Մարդու իրավունքների եվրոպական դատարանի նախադեպային իրավունքին:

Նշվում է նաև, որ կանայք շարունակում են մնալ թերներկայացված քաղաքականության մեջ: Քաղաքական կուսակցությունները գրանցել են կին թեկնածուների ընդհանուր թվի 32 տոկոսը, իսկ նորընտիր Ազգային ժողովում պատգամավոր կանայք կազմում են 24 տոկոս: Կուսակցությունները հազվադեպ են կին թեկնածուներին դարձրել իրենց քարոզարշավի կենտրոնական դեմք: Կանայք շատ քիչ դեպքերում են քարոզարշավ իրականացրել միայնակ և հազվադեպ են ելույթով հադես եկել քարոզարշավային հանրահավաքներում: Որոշ կին թեկնածուներ իրենց սեռով պայմանավորված դարձել են նաև ստորացնող հռետորաբանության թիրախ:

Հեղինակները նկատում են՝ ընտրությունների օրն անցել է հանգիստ, խաղաղ և առանց ընտրողների նկատմամբ ճնշումների ու ահաբեկումների: Դիտորդները մեկնարկի և քվեարկության գործընթացը դրական են գնահատել դիտարկված գրեթե բոլոր տեղամասային կենտրոններում, ինչը խոսում է այն մասին, որ ընտրական ընթացակարգերը պահպանվել են ԸԸՀ-ների կողմից: Այնուհանդերձ, դիտարկված տեղամասային կենտրոնների համարյա երեք քառորդը հասանելի չէր տեղաշարժման դժվարություններ ունեցող անձանց համար: Այս խոչընդոտը հակասում է բոլոր ընտրողների համար հավասար ընտրական իրավունքի ապահովման միջազգային պարտավորություններին: Տեղամասային կենտրոնների հասանելիության մասին տվյալների պարբերական հավաքագրում չի արվել ուսումնասիրման նպատակներով, ոչ էլ ներկայացվել է հանրությանը: Իշխանությունների կողմից պատշաճ միջոցների ոչ բավարար ձեռնարկումը զգալիորեն խոչընդոտում է հաշմանդամություն ունեցող անձանց լիարժեք մասնակցությանն ընտրական գործընթացին՝ որպես ընտրող և թեկնածու:

Դիտորդները ձայների հաշվարկը դրական են գնահատել դիտարկված բոլոր տեղամասային կենտրոններում, բացի երկուսից: Նկատվել են վստահված անձանց և դիտորդների կողմից միջամտության առանձին դեպքեր:

Զեկույցում նշվում է, որ իշխանությունների, ընտրապայքարի մասնակիցների և անձամբ ընտրողների մոտ առկա էր մեծ քաղաքական կամք՝ չքաջալերելու ընտրակաշառքի կիրառումը: Դրական է, որ ընտրական շահառուներն ընտրակաշառքի կիրառման կամ այլ ընտրական խախտումների սիստեմատիկ փորձերի մասին հաղորդումներ չեն ներկայացրել: Մի շարք ԺՀՄԻԳ ԸԴԱ զրուցակիցներ պնդել են, սակայն, որ տեղի էր ունեցել քարոզարշավի որոշ աշխատողների և քաղաքացիական հասարակության կազմակերպությունների (ՔՀԿ) դիտորդների ներգրավում կարճաժամկետ աշխատանքային պայմանագրերի մեջ, հիմնականում մեկ կուսակցության կողմից, նրանց ձայները անուղղակի կերպով գնելու նպատակով:

Նաև նշվում է, որ ԺՀՄԻԳ-ի և Վենետիկի հանձնաժողովի նախկին որոշ հանձնարարականներ դեռ մնում են չկատարված, այդ թվում՝ այնպիսիք, որոնք վերաբերում են քարոզարշավի ֆինանսավորման հաշվետվություններից կազմակերպչական ծախսերի բացառմանը, ընտրական բողոքներ բերելու իրավունքի սահմանափակմանը, թեկնածուների քաղաքացիության հետ կապված պահանջներին, ինչպիսիք առկա են սահմանադրությունում, ինչպես նաև դաշինքների՝ խորհրդարան անցնելու համար սահմանված շեմերին:

Քվեարկության ընթացակարգերն, ընդհանուր առմամբ, պահպանվել են, և ընտրական պարագաները հիմնականում հասանելի էին, սակայն դիտարկված տեղամասային կենտրոնների 10 տոկոսում թեկնածուների ցուցակները հրապարակված չէին:

Ընտրողներն, ընդհանուր առմամբ, սակայն ոչ միշտ, քվեարկել են գաղտնի: Քվեարկության գաղտնիությունը խախտվել է հիմնականում այնպիսի դեպքերում, երբ ընտրողները ցուցակում գրանցվելուց հետո ստիպված էին լինում սպասել որևէ քվեախցիկի ազատվելուն: Դա ենթադրում է, որ կա հերթերի պատշաճ կառավարման, կամ որոշ տեղամասային կենտրոններում ավելի շատ քվեախցիկներ տեղադրելու անհրաժեշտություն:

Մանրամասները՝ Tert.am-ում։

Այս խորագրի վերջին նյութերը