Կարծիք

09.03.2019 12:50


Մեր տարածաշրջանի ժողովրդագրությունը

Մեր տարածաշրջանի ժողովրդագրությունը

Միջազգային կազմակերպությունները (ներառյալ, ասենք, ՄԱԿ-ը) բավական ակտիվ են համացանցում: Այս կառույցների համացանցային էջերը լրջագույն աջակցություն են պետական պաշտոնյաների, միջազգայնագետների և անգամ գործարարների համար:

Տեսե՛ք, թե ինչ որակի ու ինչ մանրակրկիտ ժողովրդագրական տեղեկություններ կարելի է գտնել ՄԱԿ-ի կայքէջերում մեր տարածաշրջանի մասին: Սկսենք Վրաստանից: Բնակչությունը 3 մլն 817 հազար մարդ է: 88.5 տոկոսը իրեն քրիստոնյա է համարում, 10.7 տոկոսը մահմեդական է, 0,8 տոկոսն իրեն աթեիստ կամ կրոնական պատկանելություն չունեցող է համարում: Առցանց կարելի է տեսնել բնակչության քանակի փոփոխությունը (ծնունդներ և մահեր) օրական կտրվածքով: Սրանից զատ՝ տրվում է բնակչության տարիքային կառուցվածքը: Ներկայացվում է ոչ աշխատունակ տարիքի (երեխաներ և ծերեր) բնակչության հարաբերակցությունը աշխատունակ տարիքի խմբի նկատմամբ:

«Դեմոգրաֆիական ճնշում» կոչվող այս ցուցանիշով Վրաստանը հետնապահ է մեր տարածաշրջանում՝ 46,4–տոկոսանոց ցուցանիշով: Վրաստանի պարագայում ցածր է նաև պոտենցիալ համալրման ցուցանիշը՝ 22,9 տոկոս (սա այն հաշվարկն է, որը ցույց է տալիս, թե ինչ չափաբաժնով են 14 տարեկանից ցածրները մտնում աշխատանքի շուկա և փոխարինում թոշակի անցնողներին): Ժողովրդագրական այս ոչ շահեկան թվացող պատկերի պատճառներից էականն այն է, որ Վրաստանում արձանագրվում է կյանքի ամենամեծ տևողության ցուցանիշը: Մեր տարածաշրջանում, բնականաբար:

Վրաստանում տղամարդկանց կյանքի միջին տևողությունը 73.8 տարի է, կանանցը` 80.8: Համեմատելու համար նշենք՝ Հայաստանում այս թվերը համապատասխանաբար 69,6 և 77.3 են: Իսկ Ադրբեջանում` 63.2 և 72 տարի համապատասխանաբար: Այստեղ կարելի է ուշադրություն դարձնել այն փաստի վրա, որ Ադրբեջանում թոշակառուների ճնշումը աշխատողների վրա ամենացածրն է տարածաշրջանում` 9.2 տոկոս: Հայաստանում այդ ցուցանիշը 13.9 տոկոս է: Ադրբեջանում այս տարվանից սկսած՝ յուրաքանչյուր տարի 6 ամսով մեծանալու է թոշակի անցնելու տարիքը: 2024 թվականից տղամարդիկ թոշակի կգնան 65 տարեկանից: Ուշադրությո՛ւն դարձրեք, տղամարդկանց կյանքի սպասվող տևողությունը 63.2 տարի է: Այսինքն, թոշակառու տղամարդկանց քանակը Ադրբեջանում անզուսպ մոտենալու է զրոյի: Բայց սրան զուգահեռ՝ նշվում է, որ այս երկրի բնակչությունն աճելու է մինչև 2040 թվականը՝ գերազանցելով 11 մլն-ն, ապա մինչև 2100թ.–ն կրճատվելու է՝ դառնալով 9.5 մլն:

Միջազգային ժողովրդագիրների կարծիքով ողջ 21-րդ դարում Հայաստանի և Վրաստանի բնակչությունը նվազելու է: Հայաստանի բնակչությունը 3 մլն 2100–ից դառնալու է մոտ 1 մլն 850 հազար, Իսկ Վրաստանինը՝ այսօրվա 3,8 մլն-ից` 2.5 մլն: Այս թվերի ֆոնին նշվում է, որ այս տարի (հունվար–փետրվարին) Հայաստանից արտագաղթել է 400 մարդ: Ադրբեջանի նույն ցուցանիշը 600-ից ավելի է: Իսկ Վրաստանը «դատարկվում» է մեծ թվերով` 10 հազարից ավելի մարդ ընդամենը երկու ամսում:

Ադրբեջանի ժողովրդագրական տարօրինակ տվյալների մեջ կարելի է առանձնացնել, որ այս երկրում աշխատուժի պոտենցիալ համալրման ցուցանիշն ամենաբարձրն է տարածաշրջանում: Վրաստանում այն 22.9 տոկոս է, Հայաստանում՝ 24.3 տոկոս, իսկ Ադրբեջանում` 33: Սա բացատրվում է մի կողմից ծնելիության բարձր ցուցանիշով, մյուս կողմից` կյանքի տևողության սպասվելիք ցածր ցուցանիշով:

Մեր տարածաշրջանի ժողովրդագրական ցուցանիշներին ծանոթացող օտար մասնագետները բավական զարմանալի փաստեր կհայտնաբերեն: Օրինակ՝ այն, որ բոլոր երկրներում բնակչության գրագիտության ցուցանիշը 99 տոկոսից ավելի է: Նույնիսկ արևմտյան մասնագետների համար ցնցող փաստ է այն, որ գրագիտության ցուցանիշը գենդերային ոչ մի ենթատեքստ չունի: Գրագիտության հարցը սեռային պատկանելության հետ աղերս չունի:

Բավական բարձր է նաև կրոնական պատկանելության ինքնագնահատականը: Վրաստանի թվերը վերը նշել ենք: Հայաստանցիների 98.5 տոկոսը քրիստոնյա է, 0.2 տոկոսը` այլադավան: Աթեիստների քանակով մեր երկիրն առաջինն է՝ բնակչության 1,3 տոկոսը: Նշենք, որ Ադրբեջանում 97 տոկոսն իրեն մահմեդական է համարում, 3 տոկոսը՝ քրիստոնյա: Աթեիստ ներկայացնողներ չեն արձանագրվել:

2019թ. համար նշվում է, որ տարածաշրջանի երեք երկրում էլ բնակչության բնական աճի ցուցանիշը դրական է լինելու: Պարզ ասած, ծնունդների քանակը բոլոր երկրներում գերազանցելու է մահվան թվերին: Բայց նշվում է, որ նախորդ տարվա միգրացիոն գործընթացների տրամաբանությունը չփոխվելու դեպքում բնակչության թվաքանակը նվազելու է: Հայաստանի պարագայում 2 հազար մարդուց մի փոքր ավելի նվազում է կանխատեսվում: Ադրբեջանի համար՝ մոտ 3.5 հազար: Իսկ Վրաստանի սպասվող ցուցանիշը կարելի է ներկայացնել առանց մեկնաբանությունների` մոտ 55 հազար: Բայց նաև կարելի է արձանագրել, որ աշխարհաքաղաքական փոթորիկները չար կատակի են վերածվում մեր դրացի երկրում:

Արա Գալոյան

Տնտեսական մեկնաբան

Աղբյուրը՝ politeconomy.org

Այս խորագրի վերջին նյութերը