Կարծիք

08.03.2019 13:46


Կանանց տոնը և ֆեմինիզմը

Կանանց տոնը և ֆեմինիզմը

Քանի որ այսօր կանանց տոնն է, նախ ուզում եմ շնորհավորել նրանց, ցանկանալ ամենալավ բաները ու խնդրել, որ շատ չտարվեն ֆեմինիստական որոշ ծայրահեղ գաղափարներով, որոնց ես ֆեմինիստական շարիաթ եմ անվանում, քանի որ եթե իսկապես մարդկությունը սկսի ապրել նրանց կողմից առաջարկվող այդ գաղափարներին ու վարքականոնին համահունչ, ապա տուժողը առաջին հերթին հենց կանայք են լինելու:

Բանն այն է, որ արևմտյան աշխարհում ուլտրալիբերալ շրջանակներն ուղղակի մարտահրավեր են նետել բնության օրինաչափություններին, և մարդու իրավունքների ու տոլերանտության անվան տակ ասպարեզ են հանել խիստ դեստրուկտիվ իդեաներ, որոնք գիտակից մարդկանց մոտ, մեղմ ասած, տարակուսանք են առաջացնում: Այդ ուլտրալիբերալ հոսանքի գաղափարախոսները արդեն այն աստիճանի են մարազմի վերածել ամեն ինչ, որ շատ օպերային թատրոններում բեմադրողները, օրինակ, Բիզեի «Կարմեն» ստեղծագործության ավարտը փոխել են, և արդեն Դոն Խոսեն Կարմենին չի սպանում, որովհետև դա կնոջ նկատմամբ աննախադեպ բռնության քարոզ է համարվում։ Նոր տարբերակի համաձայն՝ Կարմենն է սպանում Դոն Խոսեին, քանի որ, ըստ ուլտրալիբերալների, որոնք իրականում ծպտյալ ֆաշիստներ են, տղամարդը երևի թե մարդ չի, այլ անասունի նման մի բան է, ու նրան սպանել, իհարկե, կարելի է, հատկապես երբ կինն է դա անում:

Կամ Բրիտանիայում մի խումբ «ակտիվիստ» կանայք դիմել են համապատասխան մարմիններին, որպեսզի արգելվի «Քնած Գեղեցկուհին» հեքիաթը, քանի որ, ըստ նրանց, այդ հեքիաթի մեջ բռնաբարության քարոզ է տարվում, որովհետև արքայազնը, առանց քնած գեղեցկուհուց թույլտվություն հարցնելու, համբուրում է նրան:

Այս ամենն արդեն այնքան է զայրացնում նորմալ կանանց, որ, օրինակ, մոտ մեկ տարի առաջ հռչակավոր կինոդերասանուհի Քեթրին Դենյովը, մի շարք այլ ճանաչված կանանց հետ համատեղ, հանդես եկավ հայտարարությամբ՝ ի պաշտպանություն ազատ սեքսի, ֆլիրտի ու տղամարդկանց կողմից կանանց սիրահետելու իրավունքի, եթե դա, իհարկե, բռնությամբ չի ուղեկցվում: Իրենք դա արեցին, որովհետև հասկանում են, որ ֆեմինիստական շարիաթը իսկական տղամարդու տեսակին պատերազմ է հայտարարել, իսկ կինը խորապես դժբախտ է, եթե կողքին չունի իսկական տղամարդ:

Արևմտյան աշխարհում ֆեմինիստական աբսուրդն արդեն այն աստիճանի է հասել, որ տղամարդիկ սեփական իրավունքների մասին բարձրաձայնելու դեպքում կարող են այլատյաց ու սեքսիստ հայտարարվել և հալածանքների ենթարկվել: Այդ խտրականությունը նույնիսկ արդարադատության ոլորտում է ներդրվել. օրինակ՝ եթե ինչ-որ տղամարդ ինչ-որ մի կնոջ համբուրել է՝ առանց վերջինիս համաձայնությունը ստանալու, ապա այդ տղամարդու նկատմամբ դատարաններում կարող են ավելի խիստ դատավճիռներ կայացնել, քան, ասենք, ռեցիդիվիստ մարդասպանների նկատմամբ:

Արդեն դեպքեր են արձանագրվել, երբ պետության առջև մեծ վաստակ ունեցող բարձրաստիճան պաշտոնյան ստիպված է եղել հրաժարական տալ միայն այն բանի համար, երբ ինչ-որ մի կին հանկարծ հայտարարել է, թե այդ մարդը երիտասարդության տարիներին իր հետ զրուցելու ժամանակ ձեռքը դրել է իր ծնկին: Հոլիվուդյան մի դերասանուհի հայտարարում էր, որ տխրահռչակ կինոպրոդյուսեր Վայնշտեյնին 4 անգամ հրավիրել է իր տուն, և 4 անգամն էլ նա բռնաբարել է իրեն։ Բայց այստեղ մի հարց է առաջանում՝ եթե այդ վայրենին ամեն անգամ քո տուն գալուց քեզ բռնաբարում էր, այդ դեպքում ինչո՞ւ էիր նորից ու նորից հրավիրում նրան քո տուն. միգուցե դա քեզ դու՞ր էր գալիս:

Ինչևէ, փառք աստծո, Արևմուտքում դեռ կան Դենյովի նման կանայք, որոնք արհամարհում են օլիգարխիկ կլաններին ծախված կամ էլ ուղղակի բարդույթավորված կանանց կողմից պրոպագանդվող ֆեմինիստական ծայրաղեղությունները: Հուսանք, որ Արևմուտքում քաղաքացիական հասարակությունները դեռ գոյություն ունեն, ու նրանք դեռ կպայքարեն իսկական լիբերալ արժեքների համար:

Կարծում եմ, որ 60-ականների ու 70-ականների սեքսուալ հեղափոխության իդեալների ազդեցության տակ ձևավորված Դենյովների սերնդին ու նրանց դաստիարակությունը ստացած հաջորդ սերունդներին շատ դժվար կլինի պարտադրել ֆեմինիստական շարիաթի վարքականոնը։ Այնպես որ, նորից շնորհավորելով այս գեղեցիկ տոնի կապակցությամբ՝ աշխարհի բոլոր կանանց ցանկանում եմ միայն մեկ բան՝ թող միշտ շրջապատված լինեն իսկական տղամարդկանցով:

Թորոս Ալեքսանյան

Աղբյուրը՝ politeconomy.org

Այս խորագրի վերջին նյութերը