Լրահոս

05.03.2019 16:05


Ճանապարհային ոստիկանությունը հիշեցնում է՝ որտեղ կայանել մեքենան

Ճանապարհային ոստիկանությունը հիշեցնում է՝ որտեղ կայանել մեքենան

Ճանապարհային ոստիկանությունը հիշեցնում է, որ ճանապարհային երթեւեկության, այդ թվում՝ անվտանգության ապահովման հետ կապված իրավահարաբերությունները կարգավորվում են «Ճանապարհային երթեւեկության անվտանգության ապահովման մասին» օրենքով, Ճանապարհային երթեւեկության կանոններով եւ մի շարք այլ իրավական ակտերով:

Ըստ այդ իրավական ակտերով սահմանված կարգավորումների՝ տրանսպորտային միջոցների երթեւեկությունը, հետեւաբար նաեւ կանգառը եւ կայանումը պետք է իրականացվի ճանապարհի երթեւեկելի մասով: Հետեւաբար, բոլոր այն վայրերը (հատվածները), որոնք նախատեսված չեն երթեւեկության համար, նախատեսված չեն նաեւ կանգառ կատարելու կամ կայանելու համար: Մասնավորապես, դրանց թվին են դասվում մայթերը, անվտանգության կղզյակները, արգելապատնեշները, աստիճանները, սիզամարգերը, այգիները, տների կամ շենքերի մուտքերը, ստորգետնյա կամ վերգետնյա հետիոտնային անցումները եւ այլն:

Կանգառը եւ կայանումը մայթերին թույլատրվում է բացառապես համապատասխան ճանապարհային նշանների առկայության դեպքում կամ, այլ հնարավորության բացակայության դեպքում, ճանապարհային եւ կոմունալ սպասարկման ծառայությունների մեքենաներին, ինչպես նաեւ անմիջապես մայթերի մոտ տեղակայված առեւտրային եւ այլ օբյեկտներ սպասարկող տրանսպորտային միջոցներին` խոչընդոտ չհանդիսանալով հետիոտներին եւ ապահովելով երթեւեկության անվտանգությունը:

Քաղաքային երթեւեկության պայմաններում հաճախ են հանդիպում դեպքեր, երբ վարորդները չեն պահում այդ կանոնները, ինչը ոչ միայն խոչընդոտում է հետիոտների երթեւեկությանը, այլ նաեւ վտանգ է հանդիսանում նրանց համար:

Ճանապարհային ոստիկանությունն այս խնդրի լուծման նպատակով մշտապես իրականացնում է հատուկ միջոցառումներ եւ կրկին կոչ է անում երթեւեկության բոլոր մասնակիցներին պահպանել ճանապարհային երթեւեկության կանոնները եւ դրսեւորել փոխադարձ հարգանք:

Այս խորագրի վերջին նյութերը