Ոչ թե իրավիճակ, այլ մթնոլորտ է փոխվել. ատելությունն ամենուրեք է
Ղարաբաղյան պատերազմից տարիներ անց, երբ վերլուծաբաններն ուսումնասիրում էին պատերազմի ընթացքը, շատերը հանգեցին այն եզրակացության, որ հայկական կողմի փառահեղ հաղթանակը պայմանավորված էր ոչ միայն նրանով, որ ռազմական արվեստում գերազանցեց թշնամուն, այլ նաև այն պատճառով, որ ի տարբերություն Ադրբեջանի՝ հայկական հասարակությունը կուռ էր, զերծ էր ներքին խժդժություններից, և Հայաստան-Արցախ-Սփյուռք եռամիասնությունը աշխատում էր մեկ նպատակի ուղղությամբ: Ի տարբերություն դրա՝ Ադրբեջանում տիրում էր խայտառակ մթնոլորտ. գլուխ էին բարձրացրել ներքաղաքական խնդիրները, բայց ամենակարևորն այն էր, որ ադրբեջանական ժողովուրդը տարանջատված էր: Պատերազմի տարիներին Ադրբեջանում երեք նախագահ փոխվեց՝ Այազ Մութալիբով, Աբուլֆազ Էլչիբեյ և Հեյդար Ալիև:
Ադրբեջանական հասարակությունը թաղվել էր ներքին խնդիրների և համատարած ատելության մեջ, իսկ հայկական կողմը փայլուն կերպով օգտագործում էր այս ամենը և փայլուն հաղթանակ գրանցեց ռազմադաշտում:
Տարիներն անցան, և, ցավոք սրտի, այսօր մեր հասարակությունն է թաղվում ներքին ատելության, թշնամանքի մեջ, տարանջատվում է սևերի ու սպիտակների, մերոնքականների ու ձերոնքականների, հայաստանցիների ու ղարաբաղցիների և այլնի:
Վերջին օրերի թրենդները, ցավոք սրտի, դարձել են թշնամանքն ու ատելությունը: Երբ հայտնի երգիչ-երգահանը ղարաբաղցիների դեմ ուղղված հայտարարություններ է անում, պետք չէ սևեռվել այդ մարդու անձի վրա, այլ պետք է հասկանալ, որ նա պարզապես արտահայտում է օդում առկա մթնոլորտը: Նման իրավիճակ կար 2008 թվականին, երբ քաղաքական շարժումը Տեր-Պետրոսյանը կառուցել էր ոչ թե պոզիտիվ գաղափարի շուրջ, այլ «հայաստանցի-ղարաբաղցի» տարանջատման շուրջ, երբ ղարաբաղցիները հռչակվել էին բոլոր խնդիրների մեղավորները: Երբ այսօր վարչապետն իր գործունեությամբ ցույց է տալիս, որ ինքն առաջին հերթին «Մարտի 1-ի վարչապետն» է, գիտակցո՞ւմ է նա դա, թե ոչ, բայց իր այդ կեցվածքով կրկին արթնացնում է հանգած հրաբուխը:
2018 թթ. ապրիլ-մայիսին Նիկոլ Փաշինյանի հաղթանակի գրավականն այն էր, որ նա գրեթե բոլորի վարչապետն էր,և իր հետագա գործողություններով պետք է կարողանար պահպանել այս կարգավիճակը, սակայն նա գնաց այլ ուղղությամբ: Նա քաղաքական նկատառումներից ելնելով՝ վերաբացեց Մարտի 1-ի գործը, և փոխանակ այն իրապես ձգտեր բացահայտել իրականությունը, ստացավ բացահայտ քաղաքական երանգ: Հասկանում է Փաշինյանը, թե ոչ, ուզում է նա դա, թե ոչ, գործի այսօրինակ վերաբացումը փոխում է նաև հասարակության մեջ առկա մթնոլորտը, դրա պատճառով մեկը ղարաբաղցիների հանդեպ ատելություն է սերմանում, մյուսները կարծում են՝ իրենք իրավունք ունեն մարդուն գցելու աղբամանը: Այս ատելության մթնոլորտը վտանգավոր է ոչ միայն պետության անվտանգության տեսանկյունից, այլև հենց անձամբ Նիկոլ Փաշինյանի համար:
Ադրբեջանի «ժողովրդական նախագահ» Աբուլֆազ Էլչիբեյը սա չէր հասկանում, և վերջում հենց ինքը հայտնվեց պատմության աղբանոցում, իսկ Ադրբեջանն էլ՝ որպես պետություն, պարտություն կրեց:

Բենիամին Մաթևոսյան
Քաղաքագետ
Աղբյուրը՝ politeconomy.org