Կարծիք

05.03.2019 08:53


Նիկոլ Փաշինյանին ինստիտուցիոնալ ընդդիմախոս կարող է լինել միայն մամուլը

Նիկոլ Փաշինյանին ինստիտուցիոնալ ընդդիմախոս կարող է լինել միայն մամուլը

2018թ․ թավշյա հեղափոխությունը լրջագույն փոփոխություններ բերեց նաև զանգվածային լրատվության միջոցների բնագավառում:

Հետհեղափոխական առաջին շրջանում թվում էր, թե մամուլի համար ստեղծվել էին նոր հնարավորություններ։

Սակայն դրանք չափազանցված էին:

Երկրում հասարակական-քաղաքական իրավիճակի ցանկացած սրացում զուգորդվում է լրագրողների ու լրատվամիջոցների նկատմամբ հարձակումների և տարատեսակ ճնշումների ավելացմամբ:

Այս առումով բացառություն չէր նաև թավշյա հեղափոխությունը:

Հեղափոխությունից հետո իրավապահ մարմիները ակտիվություն ցուցաբերեցին լրագրողների և օպերատորների նկատմամբ բռնություների դեպքերին արձագանքելու և մեղավորներին հայտնաբերելու գործում, սակայն այդ ակտիվությունն աստիճանաբար նվազեց:

Նշենք, որ հասարակությունում ձևավորված մթնոլորտը ևս խոչընդոտում է անկախ մամուլի գործունեությանը։

Մամուլի ցանկացած հրապարակում, որը հաճո չէ այս կամ այն կողմի համար, անմիջապես որակվում է որպես հակառակորդ խմբի շահերի սպասարկում, հրապարակման հեղինակն ու այն հրապարակած լրատվամիջոցը հայտնվում են սոցցանցային դատարանի առաջ՝ ստանալով ընդհուպ անվտանգությանն ուղղված սպառնալիքներ։

Այս պայմաններում մամուլի ու լրագրողների համար չափազանց դժվար է աշխատելը՝ պահպանելով օբյեկտիվության ու հավաստիության կանոնները։

Հաշվի առնելով նաև այն հանգամանքը, որ Հայաստանում այլևս ընդդիմություն չկա՝ ուստի, Նիկոլ Փաշինյանին ինստիտուցիոնալ ընդդիմախոս կարող է լինել միայն մամուլը:

Դա է պատճառը, որ տարվա սկզբից Փաշինյանը նետվեց մամուլին լռեցնելու։

Մամուլի նկատմամբ այդ արշավը սկսվեց խաշի դեպքի հետ կապված նյութի հրապարակմամբ:

Երբ լրատվամիջոցներից մեկը գրել էր, որ մինչև նոր ԱԺ-ն կսկսի իր աշխատանքները, «Իմ քայլը» դաշինքի մերձեցման առավոտը խաշի սեղանի շուրջ տեղի կունենա, որպեսզի «Իմ քայլի» պատգամավորական ֆրակցիան և կառավարության անդամները միմյանց մոտիկից ծանոթանան:

Հիշեցնենք, որ Դավոսում վարչապետը հայտարարում էր, թե ՀՀ-ում մամուլը դեռ երբեք այսքան ազատ չի եղել, ինչպես այսօր, բայց օրեր անց ԱԱԾ կանչվեց կայքերից մեկի ղեկավարը:

Արդյոք սա չի՞ նշանակում, որ այսօր մամուլի ազատությունը վերջանում է այնտեղ, որտեղ իշխանությունների համար այն դառնում է ոչ ցանկալի:

Եվ հետո, կոռեկտ չէ, երբ վարչապետը գնահատում է երկրի մամուլը:

Այն պետք է գնահատեն ընթերցողն ու մամուլի աշխատողը:

ԱԺ փոխնախագահը նույնպես մի առիթով նշել է, որ մամուլն իրենց դեմ արշավանք է սկսել:

Կոռեկտ չէ անընդհատ կենտրոնանալ մամուլի վրա, որովհետև մամուլը պարտավոր է իշխանություններին պահել ուշադրության կենտրոնում, իշխանությունների հանդեպ իր քննադատական վերաբերմունքը ցույց տալ:

Բայց կարծես նոր իշխանություններին դուր չի գալիս իրենց հասցեին հնչող քննադատությունը:

Ցավալին այն է, որ այս իշխանությունների զգալի մասը նախկինում եղել են լրագրող ու չգիտես ինչի, մոռացել են, թե իրենք ինչպես են աշխատել կամ իրենց թվում է, թե իրենք լրիվ նոր որակի իշխանություններ են, որոնք անքննելի են, անձեռնմխելի:
Ուստի, 2019-ին սպասվում են մամուլի հանդեպ լուրջ ճնշումներ:

Քննադատող մի օղակին՝ ընդդիմությանն իրենք վերացրեցին, մյուս օղակը՝ մամուլը մնաց ու հիմա պիտի ամեն ինչ անեն, որպեսզի սահմանափակեն մամուլի ազատությունը:

Մի խոսքով, հայտարարվեց մամուլի հանդեպ որսի սեզոնի բացումը։

Մամուլի նկատմամբ հերթական ճնշումն այն էր, երբ Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանի որոշմամբ Բյուզանդի 1/3 շենքում գտնվող մի շարք լրատվականներ պետք է ազատեն իրենց զբաղեցրած տարածքները:

Քաղաքապետարանն արդեն ծանուցումներ է ուղարկել շենքում գտնվող բոլոր խմբագրություններին:

Քաղաքապետը խմբագիրներին 5 օր ժամանակ էր տվել տարածքն ազատելու համար։

Հայկ Մարությանի այս որոշումը տարակուսանք է առաջացրել խմբագիրների շրջանում:

Քանի որ նրանք այդ տարածքները զբաղեցնում են պայմանագրով, իսկ պայմանագիրը դեռ ուժի մեջ է և ավարտվելու է հաջորդ տարի։

ԶԼՄ-ը ներկայացուցիչներից շատերը պատրաստվում են քաղաքապետի այս որոշումը վիճարկել դատարանում։

Քաղաքապետի նման որոշումն առնվազն անհարգալից վերաբերմունք է ԶԼՄ ներկայացուցիչների նկատմամբ։

Այս ամենը ևս մեկ անգամ ապացուցում է, որ այսօրվա իշխանությունն ավելի վատ է գնահատում ազատ խոսքը, մամուլի աշխատանքը, քան նախորդ իշխանությունները:

Նշենք, որ ոչ միայն Բուզանդի 1/3 հասցեում գտնվող լրատվամիջոցները, այլ նաև Իսահակյան 28 հասցեի և Մամուլի շենքում տեղակայված լրատվամիջոցները ևս նման «սև» թուղթ են ստացել։

Իսկ ահա, օրեր առաջ վարչապետի ընտանիքի անդամներից ևս մեկը՝ Մարիամ Փաշինյանը, մամուլին փորձեց դասեր տալ ու դեղին անվանել լրատվամիջոցներին, որոնք քննադատում են իրենց ընտանիքին։

Նա հույս էր հայտնել, որ մամուլը մի օր Հայաստանում կթևակոխի մի նոր որակյալ հարթություն, որը իսկապես կլինի օգտակար հասարակությանը ուղղորդելու, իրականությունը ներկայացնելու ու իշխանություններին հասարակության իրական խնդիրները մատուցելու հարցում:

Վերջում հավելենք, որ այսօր Հայաստանում էդպիսի մամուլ չկա:
Հավանաբար Մարիամ Փաշինյանը փոքր է եղել, և հաստատ չի հիշում, թե ինչպիսի ընդդիմադիր լրագրող է եղել իր հայրը՝ Նիկոլ Փաշինյանը:

Նա հաստատ չի հիշում, թե ինչպիսի թերթ է եղել նրա հոր թերթը, որն առավոտից մինչ երեկո ջանք ու եռանդ չէր խնայում, որպեսզի քննադատեր ու սևացներ օրվա իշխանություններին:

Հավանաբար նա լավ չի հիշում՝ Նիկոլ Փաշինյան լրագրողն ինչպես էր երբեմն անցնում չափը, երբ անդրադառնում էր այս կամ այն քաղաքական գործիչների սիրուհիներին, մխրճվում նրանց անձնական կյանք, երբեմն նաև նրանց անկողին, ու անգամ անդրադառնում նրանց ներքնաշորերին:

Իսկ հիմա հարց.

Նիկոլ Փաշինյանը և նրա ընտանիքի անդամները, այդ ո՞ր բարոյական իրավունքով են փորձում ճնշումներ գործադրել լրագրողների և նրանց խմբագիրների վրա:

Այդ ո՞ր իրավունքով են նրանց դասեր տալիս, թե ում կամ ինչին անդրադառնան:

Ո՞վ է նրանց իրավունք տվել, որ մամուլը դարձնեն իրենց համար գնդակ, և գլորեն այս ու այն կողմ:

Եվ եթե ներկայիս ՀՀ վարչապետը մոռանում է, թե ինքը նախկինում ինչպիսի ընդդիմադիր լրագրող է եղել, ապա մամուլն այդ մասին անպայման կհիշեցնի:

Հետևությունները թողնում ենք Ձեզ:

Հասմիկ Սարգսյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը