Կարծիք

04.03.2019 18:11


Մի զրոյացրեք փոփոխության այդքան բաղձալի հույսը

Մի զրոյացրեք փոփոխության այդքան բաղձալի հույսը

«Ռեստարտ» նախաձեռնության անդամների կողմից Նարեկ Մալյանի առևանգմանը կամ նրա վրա հարձակմանը անդրադառնալու ցանկություն չունեի։ Նարեկ Մալյանն իր իրավունքները պաշտպանել գիտի, նաև ուզում եմ հավատալ, որ իրավապահ մարմինները կտան կատարվածի անաչառ, իրավական գնահատականը։

Իսկ կատարվածին իրավական նաև հանրային, ինչու չէ՝ հաև քաղաքական գնահատական տալը բխում է ոչ միայն Նարեկ Մալյանի, այլև մեր ողջ հասարակության շահերից, և այն հատկապես կարևոր է մեր երկրում կատարվող բարոյական և քաղաքական փոփախությունների ընկալման դիտանկյունից։

Իհարկե, ինչպես արդեն ասացի, չէի անդրադառնա կատարվածին, եթե աչքովս չընկներ հենց «Ռեստարտի» տարածած տեսաերիզը և տեսաուղերձը, ուր ամենայն վստահությամբ, անթաքույց, «Ռեստարտ» նախաձեռնության ղեկավարը իրենց գործողությունները տեղավորում է և բացատրում ոմանց կողմից հեղափոխության փոփոխությունները չընկալելու տրամաբանության մեջ։

Հենց այստեղ է, որ վերջանում են սոսկ Նարեկ Մալյանի իրավունքները և սկսվում են այլոց կամ բազմաց/մեր իրավունքները։ Ի վերջո, հեղափոխության փոփոխությունները չնկատողները, արդարացիորեն չտեսնողները կամ պարզապես քաղաքական այլ արժեքներով և սկզբունքներով ապրող մարդիք, ժողովրդավարական երկրում ունեն այլ տեսակետ ու կենսակերպ ունենալու իրավունք և ազատ են իրենց հայացքներում։

Եվ, ի՞նչ, եթե այդ քաղաքացիների տեսակետները չեն համընկնում «Ռեստարտ» նախաձեռնության և նրա հովանավորների (կամ այլ կազմակերպության) մանիֆեստին, սրանից հետևում է, որ նրանք պաշտպանված չեն և պիտի հետապնդվեն ու հալածվեն։
Ո՞ւր մնացին ազատության և հպարտության մասին ձեր լոզունգները։

Հիմա ասում եմ ձեր, որովհետև ձեր ինքնիրավչությամբ հենց դուք եք զրոյացնում փոփոխության այդքան բաղձալի հույսն ու փչացնում ոչ բռնի, թավշե հեղափոխության իմիջը։

Տղաներ, մոռացե՞լ եք, որ օրեր առաջ ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանի հեռացման ձեր պահանջներում իբրև մեղադրանք հնչեցնում էիք քաղաքական հայացքների համար հետապնդումները, ուսանողների ազատ տեղաշարժման և արտահայտման իրավունքի կաշկանդումը, բարձրաձայնում էիք, որ ԵՊՀ մթնոլորտը չի համապատասխանում հեղափոխության հռչակած սկզբունքներին և արժեքներին։
Տղաներ, ես կհարգեի ձեր սկզբունքները, եթե դրանք երկակի չլինեին․․․

Տղաներ, տեղյակ չեմ, թե ձեր ո՞ր «սկզբունքային գործունեության ու քաղաքացիական հասարակության զարգացման գործում նշանակալի» ի՞նչ ներդրման համար, «Թրանսփերենսի Ինթերնեշնլը» և Բաց Հասարակության հիմնադրամը ձեզ առաջին մրցանակ շնորհեցին, բայց մարդ առևանգելը հաստատ չի տեղավորվում քաղաքացիական հասարակության բնորոշիչներում և բանաձևերում, ավելին՝ այն Ուրիշ Օրենսգրքից է։

Հ․Գ
Ու հեղափոխության անունից խոսելու իրավունք հաստատ ձեզ ոչ ոք չի տվել։ Փողոցային դատարանների ժամանակն էլ անդառնալիորեն անցել են, բռնությունը տեղ չունի ժամանակակից Հայաստանում․․․ Ու նաև, ձեզ ոչ ոք իրավունք չի տվել խորացնել մեր հասարակությունում թանձրացող բաժանարարները։

Լիլիթ Գալստյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը