Լրահոս

04.03.2019 17:42


ԵՊՀ ռեկտորատի ընդլայնված նիստ է հրավիրվել

ԵՊՀ ռեկտորատի ընդլայնված նիստ է հրավիրվել
ԵՊՀ գիտխորհրդի նիստերի դահլիճում այսօր տեղի ունեցավ ռեկտորատի ընդլայնված նիստը, որի ընթացքում ԵՊՀ ռեկտորն անդրադարձավ մի շարք հարցերի:
Արամ Սիմոնյանը ներկաներին նախ տեղեկացրեց, որ արդեն պատրաստ է ԵՊՀ պատմության գիրք-ալբոմը: Ռեկտորի հավաստմամբ, այն տպագրվել է միայն հայերեն, քանի որ նյութն այնքան էլ հետաքրքրական չէ օտարերկրացիների համար. «Ֆակուլտետներին այն կտրամադրենք՝ ըստ ամբիոնների քանակի, ինչպես նաև մեկական օրինակով՝ դեկաններին»:
Այնուհետև ԵՊՀ ռեկտորն անդրադարձավ Հոգաբարձուների խորհրդի նիստին՝ նշելով, թե այն ցույց տվեց, որ ԵՊՀ թիմը միասնական չէ. «Թիմի շատ անդամներ սկսել են գործողություններ, որոնք հարիր չեն ո՛չ թիմակցին, ո՛չ համալսարանականին: Ինչևէ»: Արամ Սիմոնյանը շնորհակալություն հայտնեց խորհրդի ուսանող-անդամներին և 4 դասախոս-անդամներին՝ միաժամանակ իր մտահոգությունը հայտնելով առ այն, որ անդամներից շատերն այդպես էլ հստակորեն չհայտնեցին իրենց կարծիքը:
«Ես հասկանում եմ՝ այն թիմը, որն այս տարիներին ղեկավարում էր համալսարանը, այսօր միատարր չէ, և դա չի կարող մտահոգություն չառաջացնել: Ես ուզում եմ առանձնակի նշել այն հանգամանքը, որ շատ մարդիկ՝ համալսարանականին ոչ հարիր կեցվածքով, փորձում են, այնուամենայնիվ, պղտոր ջրում ձուկ որսալ, որը պատիվ չի բերում ո՛չ իրենց, ո՛չ մեզ և ո՛չ էլ համալսարանին»,- ասաց Արամ Սիմոնյանը:
ԵՊՀ ռեկտորը նշեց, որ համալսարանում կան շատ խնդիրներ, որոնք ունեն օբյեկտիվ և սուբյեկտիվ պատճառներ. «Խնդիրները բոլորիս կողմից իրականացված աշխատանքի ընթացքում թույլ տված սխալների, օբյեկտիվորեն ստեղծված իրավիճակի հետևանք են, բայց ուզում եմ նորից շեշտել նաև այն փաստը, որ բոլորիս աշխատանքի արդյունքն է համալսարանի ֆինանսական կայունությունը»:
Արամ Սիմոնյանի հավաստմամբ, խնդիրները հարուցում են ոչ միայն պրոֆեսորադասախոսական կազմի, այլև առաջին հերթին ուսանողների դժգոհությունը. «Արդարացի դժգոհություններ կան շատ ամբիոնների և ստորաբաժանումների աշխատանքի վերաբերյալ: Եվ մենք առաջիկայում լուրջ փոփոխությունների կարիք ունենք՝ թե՛ կադրային, թե՛ կառուցվածքային և թե՛ բարեփոխումների առումով»:
Դիմելով ռեկտորատի անդամներին՝ ԵՊՀ ռեկտորն առաջարկեց բոլոր ստորաբաժանումներում առաջիկա մեկ շաբաթվա ընթացքում քննարկել ստեղծված իրավիճակը, գնահատական տալ տեղի ունեցած իրադարձություններին. «Եթե պետք է քննադատել համալսարանի ղեկավարությանը, քննադատեք, մատնացույց արեք սխալները և ներկայացրեք կոնկրետ առաջարկություններ, թե ինչպես կարելի է լավացնել համալսարանի գործունեությունը: Այդ փոփոխությունները ցույց կտան, որ անկախ նրանից, թե ովքեր են համալսարանի ղեկավարության կազմում, ԵՊՀ-ն ունի ներուժ, կամք և հնարավորություն՝ իր գիտակրթական գործունեությունը, առօրյան ավելի լավը դարձնելու համար»:
Արամ Սիմոնյանը պահանջեց կադրային, կառուցվածքային, գործառնական ու ընթացակարգային փոփոխությունների վճռական և գործնական առաջարկներ, ինչպես նաև գնահատականներ. «Կան հարցեր, որոնց վերաբերյալ լինելու ենք անհանդուրժող: Նախևառաջ նկատի ունեմ կոպիտ վերաբերմունքն ուսանողների կարիքների նկատմամբ: Այդ հարցերից է նաև ֆակուլտետների և ստորաբաժանումների կողմից որևէ հարցի լուծում իրար փոխանցելու արատավոր պրակտիկան և այլն»:
ԵՊՀ ռեկտորը հիշեցրեց, որ Հոգաբարձուների խորհրդի նիստի ժամանակ խորհրդի անդամ Դավիթ Գյուրջինյանը համալսարանը ճահիճ անվանեց, ինչը զարմանալիորեն համալսարանականների վրդովմունքը չառաջացրեց. «Մեր բուհից շատերը չվիրավորվեցին: Ես սպասում էի, որ դեկաններ ու ամբիոնի վարիչներ ելույթ կունենան, կզայրանան, բայց ոչինչ: Կարծես թե այդ որակումը բոլորիս չէր վերաբերում: Խոսեք, արտահայտեք ձեր կարծիքները՝ դրական, թե բացասական»:
Արամ Սիմոնյանը ևս մեկ անգամ հորդորեց կոպիտ վերաբերմունք չցուցաբերել որևէ ուսանողի նկատմամբ. «Շատ խիստ եմ վերաբերվելու նման դրսևորումներին: Կոպտությունը համալսարանից պետք է դուրս գա: Ուսանողը մեր ծառան չէ, նա իր վճարի դիմաց ծառայություն ստացող քաղաքացի է: Կան դեկանատներ ու բաժիններ, որոնց աշխատակիցներն անցել են բոլոր չափերը»:
«Շուտով տեղի են ունենալու դեկանների ընտրություններ: Ես հույս ունեմ, որ դրանց ժամանակ հենց բարեփոխումների կամ տվյալ ֆակուլտետների հետագա ընթացքի վերլուծությունը կոլեկտիվներին հնարավորություն կընձեռի վստահության քվե տալու այսօրվա դեկաններին կամ ընտրելու նորերին»,-ասաց Արամ Սիմոնյանը:
ԵՊՀ ռեկտորը, անդրադառնալով ԵՊՀ 100-ամյակին նվիրված միջոցառումներին, փաստեց, որ ԵՊՀ աշխատանքային խումբը շարունակում է աշխատել. «Շուտով կստեղծվի հոբելյանական մեծ հանձնաժողովը, կընդհանրացնենք արված գործը, կնախանշենք այն, ինչ պետք է անենք: Դե իսկ պետության վերաբերմունքը մեզանից կախված չէ»:
Աղբյուրը՝ ysu.am

Այս խորագրի վերջին նյութերը