Մեկնաբանություն

04.03.2019 12:55


Ինչու են Տերպետրոսյանենք «վերևից» քծնում, իսկ «տակից» հարվածում Նիկոլ Փաշինյանին (տեսանյութ)

Ինչու են Տերպետրոսյանենք «վերևից» քծնում, իսկ «տակից» հարվածում Նիկոլ Փաշինյանին (տեսանյութ)

Լևոն Տեր-Պետրոսյանի գլխավորած ՀԱԿ-ը «ցիկլիկ» հարաբերությունների մեջ է Նիկոլ Փաշինյանի հետ։ Նրանք մեկ միասին են, մեկ՝ բաժանված։ Սակայն միշտ նույն նավակում են, քանզի նույն՝ քիրվայական միջավայրի ներկայացուցիչ են։ Մեկն ուսուցիչն է, մյուսը՝ աշակերտը։

Փաշինյանը վարչապետ դառնալուց հետո փորձում էր խզել իր հոգևոր կապերը Լևոն Տեր-Պետրոսյանի հետ, քանզի հասկանում էր, որ 1–ին նախագահի հետ ասոցացումն իրեն միայն վնաս կբերի, սակայն «Մարտի 1»–ի թեմայով քաղաքական վենդետտա անելն ու Արցախի հարցով Բոլթոնի պլանի շուրջ բանակցելը նրան դարձրեցին ՀՀ 1–ին նախագահի կցորդը։

Սիրելի ատելություն կամ ատելի սեր

Փաշինյան–Տեր–Պետրոսյան հարաբերությունները զիգզագաձև են։

1996–ին Փաշինյանը քննադատում էր նախագահական ընտրությունների կեղծիքները։

Նա Վանո Սիրադեղյանի կցորդն էր։ Վանոյի փախնելուց հետո՝ Լևոն Տեր–Պետրոսյանի քարոզիչն ու հակաղարաբաղցիական կոդերի գլխավոր տարածողն իր «մուտիլովկայական» «Հայկական ժամանակ» թերթով։

2008–ին Նիկոլը նախագահի թեկնածու Լևոն Տեր–Պետրսյանի հանրահավաքային դիջեյն էր։ Հետո՝ մարտի 1–ի զարգացումների դիջեյը։

Մարտի 1–ից հետո Նիկոլը փախած էր։ Վանոյի պես։

Փախնելուց հետո հայտնվեց, քանզի իշխանությունների հետ պայմանավորվածությունն էր այդպիսին։ Մի քիչ նստեց բանտում, ապա «երկխոսացված» Լևոն Տեր–Պետրոսյանի օգտին դիջեյությունը շարունակեց ՀԱԿ–ի կազմում։

Երբ Տեր–Պետրոսյանին Սերժ Սարգսյանը «երկխոսացրեց», ձեռքի հետ «երկխոսացվեցին» նաև ՀԱԿ առաջնորդի թիմակիցները, այդ թվում՝ Նիկոլ Փաշինյանը։ Վերջինս այն աստիճանի էր «երկխոսացվել», որ պոկվեց ՀԱԿ–ից ու «քաղաքացիական պայմանագիր» կնքեց Բ26–ի հետ։ Այն ժամանակվա իշխանությունները, փաստորեն, փակեցին Օպերայի տարածքի զուգարանները Լևոն Տեր–Պետրոսյանի առաջ։ Զուգարանների փակ դռների փոխարեն Բ26–ը Փաշինյանին առաջարկեց հաճախորդաց բաց դռներ, ու գործարքը կայացավ։ Այդ փուլից սկսած՝ Տեր–Պետրոսյանն ու Փաշինյանն ատում և հայհոյում էին միմյանց, ավելի ճիշտ՝ նրանց ու թիմակիցների՝ միմյանց նկատմամբ ատելությունը դարձավ անթաքույց, քանզի Փաշինյանը համարում էր, որ «քցվել» է 2008–ի մարտի 1–ի ժամանակ, իսկ Փաշինյանի թիմակիցները, օրինակ՝ Սասուն Միքայելյանը, ուղիղ մեղադրում էին Տեր–Պետրոսյանին մարտի 1–ին սխալ պահելու և զոհեր տալու համար։

Տեր–Պետրոսյանի ու Փաշինյանի «փոխհրաձգությունը» հասավ այնտեղ, որ ՊՊԾ գնդի գրավման օրերին Փաշինյանը 1–ին նախագահին մեղադրեց Արցախի հողերը հանձնելու ծրագրին աջակցելու համար։ Մինչ այդ Լևոնենք Նիկոլին մեղադրում էին Բ26–ին ծախվելու համար, ու պատկերացրեք, որ երկուսի ասածների մեջ էլ ճշմարտության հսկայական չափաբաժին կար։ Ինչևէ։

2018–ին մեկնարկած նիկոլական քայլերթը ՀԱԿ–ը չէր ողջունում։ Ավելին՝ նրանք աշխատում էին Սերժ Սարգսյանի օգտին, բայց երբ զգացին, որ այլ ուղղությամբ է գնում գործընթացը, դարձան «թունդ հեղափոխական և մոլի նիկոլական»։

Հիմա Լևոն Տեր–Պետրոսյանը քծնում է Նիկոլ Փաշինյանին։ Պատճառը վախն է ու ջրի երեսին մնալու ցանկությունը։ Քծնելով՝ լևոնենք նաև հույս ունեն, որ եթե Նիկոլը Արցախի հարցում գնա Բոլթոնի պլանով, ապա իրենց կարիքը կզգացվի, ու ՀՀ 1–ին նախագահը կարող է պահանջված դառնալ։

Ինչո՞ւ են Լևոնենք «տակից» հարվածում Փաշինյանին

Քծնելուն զուգահեռ՝ Լևոնենք նաև «տակից» հարվածում են Նիկոլ Փաշինյանին, քանզի վախենում են, որ սեփական ամբիցիաները բավարարելու և ինքնահաստատվելու համար նա կարող է Լևոն Տեր–Պետրոսյանին «փուռը տալ»։ Իսկ դրա հիմքերը կան։ Մասնավորապես՝ 1996թ. նախագահական ընտրությունները։

Լևոնենք հիմա մնացել են իրենց իսկ «պրյոմի» տակ։ Նրանք ողջունում ու քաջալերում են Փաշինյանի՝ Ռոբերտ Քոչարյանի հանդեպ կիրառվող քաղաքական վենդետտան, սակայն չէին հաշվել, որ կարող են մեղադրողից դառնալ մեղադրյալ 1995–ի ու հատկապես 1996–ի ընտրությունների համար։

Հիմա լևոնականները հարձակվել են Վազգեն Մանուկյանի վրա, բայց նրանց իրական թիրախը ոչ թե Մանուկյանն է, այլ Փաշինյանը։

2 օր առաջ Փաշինյանի ու Մանուկյանի հանդիպման ժամանակ Փաշինյանը ընտրակեղծիքների զոհ էր համարել Վազգեն Մանուկյանին։ Իսկ դա նշանակում է դատապարտել 1996–ը։

Լևոնենք լավ են հասկանում, որ Փաշինյանը կամ պետք է բոլոր ընտրություններին անդրադառնա ու տալով քաղաքական գնահատական՝ փակի հին էջերն ու նոր էջ բացի (2008–ի մարտի 1–ի 10 զոհի բացահայտման հարցը լրիվ առանձին պետք է դիտարկել ու աշխատանքներ տանել դրանց բացահայտման ուղղությամբ ու մնալ բացառապես իրավական հարթության մեջ, ինչը, ցավոք, հիմա չի արվում. իշխանությունը չի դրել սպանությունների բացահայտման խնդիր), իսկ այդ դեպքում պետք է դադարեցվի Ռոբերտ Քոչարյանի հետապնդումը, կամ էլ, եթե գնում ենք ընտրությունների պատմությունը փորփրելու ուղղությամբ, ապա Փաշինյանի իշխանությունը պետք է սկսի 1995-1996–ից, իսկ այդ դեպքում մեղադրյալի աթոռին կհայտնվի Լևոն Տեր–Պետրոսյանը։

Դատելով ամենից՝ Փաշինյանը, անձնական հաշվարկներից ելնելով, սևեռվել է Ռոբերտ Քոչարյանի ուղղությամբ և իր անձնական հաշվարկները բավարարելու համար պատրաստ է նաև իր երբեմնի «շեֆին»՝ Լևոն Տեր–Պետրոսյանին կալանավորել 1996–ի համար։ Վազգեն Մանուկյանին մարտի 1–ին հանդիպելն ու նրան ընտրակեղծիքների զոհ համարելն այդ առումով շատ խորհրդանշական ստացվեց։ Փաշինյանն այդպիսով ցույց տվեց, որ հանուն Քոչարյանին կալանքի տակ պահելու և հանուն իր վախերը 2–րդ նախագահից հաղթահարելու՝ կարող է Տեր–Պետրոսյանին կալանավորել, որպեսզի չմեղադրվի կողմնակալության մեջ։

Հենց այս հեռանկարն էլ հունից հանել է ՀԱԿ–իստներին ու նրանց «վոժդին», և նրանք սկսել են «կծմծել» ... Վազգեն Մանուկյանին՝ «կո՛ւժ, քեզ ասում եմ, կուլա՛, դո՛ւ հասկացիր» տարբերակով։ Այսինքն՝ նրանց հարձակման իրական հասցեատերը Փաշինյանն է։

Թե ինչով կավարտվի նույն նավակում հայտնվածների պատմությունը, դժվար է ասել։ Մեկ բան հստակ է՝ եթե Փաշինյանը կանգ չառնի ու գնա քաղաքական վենդետտայի իրականացման ճանապարհով, ապա ինքն ու իր երբեմնի կուռքը՝ Լևոն Տեր–Պետրոսյանը, կհայտնվեն իրենց իսկ բացած «Պանդորայի արկղում»։

Կորյուն Մանուկյան

Այս խորագրի վերջին նյութերը