Մեկնաբանություն

03.03.2019 13:20


Երբ գողն առաջինն է գոռում՝ «Բռնե՛ք գողին»

Երբ գողն առաջինն է գոռում՝ «Բռնե՛ք գողին»

Ցինիկ ու փարիսեցիական ժամանակներ են եկել։ Ավելի ճիշտ՝ այդ երևույթները խորացել են։ Արդյունքում՝ հայտնվել ենք կապիկների մոլորակում։

Անբարոյականները բարոյականություն են քարոզում, գողերը՝ օրինապաշտություն, հաճախորդները՝ քաղաքական մաքրություն, ագահները՝ ժուժկալություն, անկուշտները՝ քչակերություն, անգրագետները՝ գրագիտություն և այլն։ Պատկերը զզվելի է։

Զզվելի է, երբ ընտրակեղծիքների ներդրման գլխավոր տեխնոլոգ Գագիկ Ջհանգիրյանը խոսում է ընտրակեղծիքների անթուլատրելիությունից, արդարությունից և սահմանադրականության դասեր տալիս հայ ժողովրդին։

Անտեղյակներին ասենք, իսկ տեղեկացվածներին էլ հիշեցնենք, որ 1995–ի հուլիսի 5–ին տեղի ունեցած խորհրդարանական ընտրությունների և սահմանադրական հանրաքվեի ժամանակ Գագիկ Ջհանգիրյանը հանդիսանում էր Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահի տեղակալ։ Իրականում նա փաստացի ղեկավարն էր, քանզի ղեկավարի դերում նստացրել էին կոմունիստական «Ֆունտի», որպեսզի նրա թիկունքից Ջհանգիրյանն իր գործն աներ։ Եվ արեց։ Ներդրվեց ընտրակեղծիքի ավանդույթը՝ լցոնումներ, քվեատուփերի գողություն, ծեծ ու ջարդ, ընտրահանձնաժողովականների ահաբեկում և այլն։

Հետագայում Ջհանգիրյանը տարբեր պաշտոններ զբաղեցրեց։ Ըստ օդում կախված լուրերի՝ նա դատախազության ամենակաշառակեր դեմքերից էր և իր վրա էր վերցնում բանակում սպանությունների գործերը «սվաղելու» դերակատարումը (օրինակ՝ «Մատաղիսի գործը»)։

Ու հիմա, երբ Ջհանգիրյանը Հանրային հեռուստատեսության եթերից ազատ ընտրություններ և սահմանադրական իրավունք է քարոզում, հասկանում ես, որ Հայաստանը ոչ միայն կապիկների մոլորակ է դարձել, այլ նաև վերածվել է ծուռ հայելիների թագավորության։

Եվ ինչքա՞ն պետք է այս ամենը հանդուրժել։ Ինչքա՞ն կարելի է հետևել, թե ինչպես է գողն առաջինը գոռում՝ «Բռնե՛ք գողին»։

Մինչև 1995–ի և հատկապես 1996–ի ընտրակեղծիքների համար չպատժվեն ընտրակեղծիքների հիմնադիր–հայրերը, որևէ այլ թվականներին անդրադառնալը կլինի ոչ լեգիտիմ ու կընկալվի որպես անձնական վրեժխնդրություն, ավելին՝ հանցակցություն կամ հանցագործության կոծկում։

Պետրոս Ալեքսանյան

Այս խորագրի վերջին նյութերը