Կարծիք

03.03.2019 12:03


Լուսադեմի 5-ի կողմն էր, դուռը ծեծեցին, բացեցի ու սարսափեցի…դռան ետևում Նիկոլն էր

Լուսադեմի 5-ի կողմն էր, դուռը ծեծեցին, բացեցի ու սարսափեցի…դռան ետևում Նիկոլն էր

Առավոտյան 7։35-ից մարդիկ ինձ համառորեն շնորհավորում են գարնան առաջին օրվա կապակցությամբ, էլ ծաղիկ, ամպիկ ու թիթեռնիկ չմնաց, որ նկարը չուղարկեն։ Միտք չունեմ լալահառաչ տեքստեր գրելու, բայց մարտի մեկն ինձ մոտ գարնանային տրամադրություն չի առաջացնում։ Մարտի մեկը միշտ հիշեցնում է այն առավոտվա մասին, երբ զարթնեցինք ու իմացանք, ու տեսանք, թե ինչպես են Ազատության հրապարակից մարդկանց ծեծելով քշում։ Հիշեցնում է, թե ինչպես էինք ողջ օրվա ընթացքում Ալենի հետ Թումանյանի «Սիցիլիայից» գնում ու գալիս Մյասնիկյանի արձանի մոտ, ինչպիսի տրամադրություն էր տիրում ակումբում՝ բոլորը զայրացած էին ու սպասողական վիճակում։ Հիշում եմ, ինչպես էինք ջուր բաժանում մարդկանց, ինչպես էինք այնտեղ զարմանում՝ տեսնելով նրանց, ովքեր մինչ այդ չէին մասնակցել ցույցերին, բայց այդ օրն այլեւս չկարողացան տանը նստել։ Հիշում եմ, որ այնքան լարված էինք ու այնքան շատ էինք քայլել, որ Ալենի ոտքը վնասվել էր ու քայլում էր կաղալով։ Հիշում եմ, ոնց կեսգիշերին մոտ կռիվ արեցինք, որովհետեւ չթողեց ինձ այնտեղ մնալ եւ ուղարկեց տուն։ Հիշում եմ, ոնց էի ողջ գիշեր զանգում ու համոզում, որ գնա տուն, բայց նա հրաժարվում էր, անհանգիստ էի, գիտեի, որ վատ է վերջանալու այդ ամենը։

Հիշում եմ, որ լուսադեմի 5-ի կողմն էր, ես դեռ արթուն էի, մեկ էլ դուռը ծեծեցին, վազեցի, բացեցի ու սարսափեցի։ Դռան ետեւում Նիկոլն էր, սեւ վերարկուով ու արդեն նշմարվող ճերմակած մազերով։ Մամաենք զարթնեցին, տանը իրարանցում սկսվեց, Նիկոլն ահագին երկար չէր խոսում, մեկ էլ զանգեց ձեռքի բջջայինը՝ տնով մեկ դղրդաց Բեթհովենի հանրահայտ գործը, նա արագ հանեց մարտկոցը եւ բոլորս սկսեցինք ծիծաղել, որովհետեւ պարզվեց՝ ոստիկաններից թաքնվելու ողջ ընթացքում հեռախոսի ձայնը միացված էր, ինչը ցանկացած պահի կարող էր իրեն մատնել։

Այդ օրվանից մեր կյանքում մի հետաքրքիր շրջան սկսվեց, հայտնվեցինք կինոյի մեջ, որը մինչ օրս չի ավարտվել։

Մարիամ Մարգարյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը