Մեկնաբանություն

22.03.2010 19:37


Կուսակցականացման սինդրոմ

Կուսակցականացման սինդրոմ

Կուսակցական դառնալու մրցավազքն այժմ ոչ պակաս տեմպերով է ընթանում, անկախ Հայաստանում, քան սովետական տարիներին։ Եթե այն ժամանակ կոմունիստ էին դառնում, որ կարողանային պահեստը թալանելու հնարավորություն ստանալ, ապա մեր օրերում կուսակցականացումը նախարար դառնալու նախապայման է և կրկին «պահեստի» հետ կապված հարցերը լուծելու նպատակով։

Նախորդ շաբաթ բոլորովին անսպասելիորեն հայտնի դարձավ, որ «Օրինաց երկիր» կուսակցության քաղաքական խորհրդի նիստում որոշվել է հետ կանչել ՕԵԿ քվոտայով Արտակարգ իրավիճակների նախարար Մհեր Շահգելդյանին և Տրանսպորտի նախարար Գուրգեն Սարգսյանին։ Տրանսպորտի նախարար նշանակվեց Մանուկ Վարդանյանը, Արտակարգ իրավիճակների նախարար՝ Արմեն Երիցյանը: Ու որքան հանկարծակի այս «գումարելիների» փոփոխությունը տեղի ունեցավ, այնքան հանկարծակի նրանք մեկ ակնթարթում դարձան օրինացերկրականներ։

Խնդիրն այստեղ ո՛չ ՕԵԿ-ն է, ո՛չ էլ ակնթարթային կուսակցականացումը, այլ այն հարցը, որ եթե նրանք ՕԵԿ-ական չդառնային, կամ էլ նախարարական այդ պորտֆելները կոալիցիոն հուշագրով չպատկանեին ՕԵԿ-ին, ապա տվյալ նախարարությունների աշխատակազմերում ի՞նչ «գաղափարական», այսինքն՝ կուսակցական փոփոխություններ կլինեին։ Հիշեցնենք, որ ընդամենը վերջերս ՀՀ քաղաքացիական ծառայության խորհրդի նախագահ Մանվել Բադալյանը մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց, որ նախարարները թեև թիմով չեն գալիս, բայց, այդուհանդերձ, կա՛մ հետո են նախարարության աշխատակիցներին դարձնում իրենց կուսակցականներից, կա՛մ աշխատակիցներն են ինքնակամ անդամագրվում այդ կուսակցությանը։

-Կուսակցականացման միտում ենք անընդհատ տեսնում աշխատակազմերում։ Հատկապես կոալիցիոն կառավարության դեպքում, երբ գրեթե բոլոր նախարարները տարբեր կուսակցությունների անդամներ են։ Յուրաքանչյուր աշխատակազմում ղեկավարների կողմից կուսակցականացման ավելորդ ջանասիրություն եմ նկատում և ուզում եմ ասել, որ դա իրենց պատիվ չի բերում։ Իրենց պատիվ կբերի, եթե աշխատակազմերը համալրվեն որակյալ, բանիմաց, փորձառու մասնագետներով ու մարդկանցով,-հայտարարեց Քաղծառայության խորհրդի նախագահը,- տեսնում ես՝ երեկ հանրապետական էր, այսօր «Օրինաց երկրի» կրծքանշանով է, որովհետև երեկ չէ առաջին օրը նախարար է դարձել օրինացերկրացին։ Մեղք է այս ժողովուրդը, մե՛ղք է։ Այդ արժեքային համակարգի տեր մարդուց լուրջ պետական ծառայող դուրս չի գալու, ինչքան ուզում ես՝ հղկի, շտկի, ինչքան ուզում ես՝ պահանջի, սկզբունք չկա։

Մ. Բադալյանը նաև ավելացրեց, որ շատ-շատերը մի քանի կուսակցական տոմս են կրում իրենց տարբեր գրպաններում։

-Եկեք կոչ անենք նման մարդկանց, որ մի քիչ ավելի սկզբունքային լինեն,- նշեց նա՝ հավելելով, որ լինում են դեպքեր, երբ որևէ նախարարի փոփոխությունից կես կամ մեկ ժամ անց աշխատակիցները դառնում են նորանշանակ նախարարի կուսակցության անդամ։

-Առաջ հարում էր, ասենք, չգիտեմ՝ ում, հիմա հարում է Նժդեհին։ Այդ մարդու անունն էլ է էժանանում։ Այդ մեծ մարդն ափսոս է, որ այսքանին այսպես տեղի-անտեղի տալիս են,–նշել էր Բադալյանը։

Այս իրողությունը, համոզված եմ, ոչ մեկի համար նորություն չի, և ոչ էլ դրա ճշմարտացիությունը տարակուսանք կառաջացնի, սակայն դա ապացուցելն է դժվար։ Բացի նրանից, որ բոլորին հայտնի է տվյալ նախարարի կուսակցական պատկանելությունը, որևէ այլ տեղ որևէ վիճակագրություն չկա, թե որ նախարարությունում աշխատակիցներից քանիսն են կուսակցական, և ով որ կուսակցությանն է հարում։ Փորձեցինք պարզել այդ հարցը պետական մարմիններից։

ՀՀ կապի և տրանսպորտի նախարարության մամուլի խոսնակ Սուսաննա Տոնոյանը մեզ ասաց, որ իրենք նման վիճակագրություն չունեն.

-Մենք աշխատանքի ընդունելուց չենք հարցնում, թե ով որ կուսակցությանն է պատկանում, և մեզ համար դա չափանիշ չէ,- նշեց նա։

Նույն պատասխանն ստացանք նաև ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունից։ Անձնակազմի կառավարման բաժնի պետ Ալինա Աղաբեկյանն ասաց, որ անձնական թերթիկներն ընդունված ձև ունեն, և դրանցում կուսակցական պատականելությանը վերաբերող տող չկա նշված։

ՀՀ կրթության և գիտության նախարարության հասարակայնության հետ կապերի վարչության պետ Արթուր Բաղդասարյանն էլ միայն ասաց, որ նախարարի (ով ՀՀԿ–ական է–Ա.Մ.) տեղակալներից մեկը՝ Արա Ավետիսյանը, Հայաստանի հանրապետական կուսակցության անդամ է, մյուսը՝ Մանուկ Մկրտչյանը՝ անկուսակցական։ Ա. Բաղդասարյանի խոսքերով՝ նախարարության մյուս աշխատակիցների տվյալներն անձնական են, և իրենք ո՛չ կարող են դրանք տրամադրել, ո՛չ էլ ունեն։

Արտակարգ իրավիճակների նախարարության մամուլի խոսնակ Սուսաննա Աբրահամյանի խոսքերով՝ փոխնախարար Ռուբիկ Հարությունյանը «Բարգավաճ Հայաստան» կուսակցության անդամ է։ Իսկ ընդհանրապես այս նախարարությունում, ըստ Ս. Աբրահամյանի, ոչ թե հաշվի է առնվում աշխատակիցների կուսակցական պատկանելությունը, այլ մասնագիտական ունակությունները։

ՀՀ ֆինանսների նախարարության մամուլի խոսնակ Սոֆի Սիմոնյանն էլ փոխանցեց, որ այդպիսի վիճակագրություն չունեն, որովհետև անձնական գործերում չի նշվում կուսակցական պատկանելությունը՝ ասելով միայն, որ ֆինանսների 4 փոխնախարարներից 3-ն անկուսակցական են, մեկը՝ Վարդան Արամյանը՝ ՀՀԿ-ական։

Համեմատաբար մանրամասն տեղեկություն տրամադրեց ՀՀ առողջապահության նախարարի մամուլի քարտուղար Շուշան Հունանյանը։ Նախարարի տեղակալներ Հայկ Դարբինյանն ու Ալեքսանդր Ղուկասյանը ՀՀԿ-ական են, Աբրահամ Մանուկյանն ու Թաթուլ Հակոբյանը՝ անկուսակցական։ ԱՆ պետական հիգիենիկ հակահամաճարակային տեսչության պետ Արտավազդ Վանյանը, աշխատակազմի ղեկավար Գագիկ Սայադյանը, Պետական առողջապահական գործակալության պետ Արա Գրիգորյանը և բուժվարչության պետ Վահան Պողոսյանը նույնպես ՀՀԿ-ական են, իսկ ԱՆ ֆինանսատնտեսական վարչության պետ Արմեն Կարապետյանը և գիտության, կրթության անձնակազմի կառավարման վարչության պետ Տիգրան Սահակյանը՝ անկուսակցական։

Ինչ վերաբերում է ՀՀ արտգործնախարարությանն ու պաշտպանության նախարարությանը, ապա այդ գերատեսչությունների աշխատակիցների կուսակցական պատկանելությունն օրենքով է արգելված։ Միայն փոխարտգործնախարար Շավարշ Քոչարյանն է կուսակցական (Ազգային ժողովրդավարական կուսակցության նախագահն է), քանի որ, ԱԳՆ մամուլի և հասարակայնության հետ կապերի վարչության պետ Տիգրան Բալայանի խոսքերով, հայեցողական պաշտոն է զբաղեցնում։

Իրոք, ՀՀ աշխատանքային օրենսգրքի 84-րդ հոդվածի պահանջների համաձայն աշխատանքային պայմանագրում չի նշվում աշխատողի կուսակցական պատկանելությունը։ Հետևաբար նախարարություններին ուղղված մեր այս հարցումից հետո ՀՀ քաղծառայության խորհրդի նախագահ Մանվել Բադալյանից ևս մեկ անգամ հետաքրքրվեցինք՝ որտեղի՞ց են այն հիմքերը՝ հայտարարելու, որ նախարարությունների աշխատակազմերում կուսակցականացման միտում կա, իսկ որևէ նախարարի փոփոխությունից կես կամ մեկ ժամ անց աշխատակիցները դառնում են նորանշանակ նախարարի կուսակցության անդամ, և արդյոք նախարարության աշխատակազմերը միտումնավո՞ր են թաքցնում աշխատակիցների կուսակցական տվյալները։

-Իսկապես, քաղաքացիական ծառայության թափուր պաշտոններն զբաղեցնելու համար դիմող քաղաքացիներից չի պահանջվում ներկայացնել իրենց կուսակցական պատկանելության մասին վկայող որևէ փաստաթուղթ։ Քաղաքացիական ծառայողների անձնական գործերում ևս նման տեղեկություններ կամ փաստաթղթեր չեն հավաքվում։ Դրա իմաստը չի եղել, որովհետև «Քաղաքացիական ծառայության մասին» ՀՀ օրենքը սահմանում է քաղաքացիների համար իրենց մասնագիտական գիտելիքներին և աշխատանքային ունակություններին հա­­­մա­­պա­տաս­խան, քաղաքացիական ծառայության հավասար մատչելիության սկզբունքը։ Հետևաբար բնական է, որ քաղաքացիական ծառայության համակարգում ընդգրկված մարմիններում նման վիճակագրություն անցկացնելու խնդիր չի դրվել։ Եվ հիմնականում հենց այս իրողությունն է պատճառը, որ հնարավոր չի դարձնում մեր կողմից պետական մարմինների աշխատակազմերի կուսակցականացման միտումների հետ կապված արդյունավետ ուսումնասիրությունների անցկացումը, չնայած այդ միտումներն իսկապես տեսանելի են թե՛ մեր, թե՛ հասարակության կողմից,- իր գրավոր պատասխանում նշել է Մ. Բադալյանը,- աշխատակազմերի կուսակցականացման միտումները մենք տեսնում ենք ամենօրյա աշխատանքում՝ ելնելով քաղաքացիների, քաղաքացիական ծառայողների մտահոգություններից, ինչպես նաև առանձին դեպքերում թափուր պաշտոնների զբաղեցման մրցույթների, դրանց առանձին մասնակիցների նկատմամբ այս կամ այն կուսակցության կողմից դրսևորվող անթաքույց շահագրգռություններից, որոնք ամեն կերպ փորձում ենք չեզոքացնել։ Բացի դրանից, 2007-2008թթ. «Քաղաքացիական ծառայության համակարգում հասարակական միավորումների դիտորդական առաքելության խրախուսումը որպես հակակոռուպցիոն միջոցառում» ծրագրի շրջանակներում 7 հասարակական կազմակերպություններ իրականացրին քաղաքացիական ծառայության թափուր պաշտոնների զբաղեցման մրցույթների և քաղաքացիական ծառայողների ատեստավորումների համատեղ մոնիթորինգ և սոցիոլոգիական հարցումներ, որոնց առանցքային խնդիրներից մեկը հենց այդ գործընթացների վրա քաղաքական ուժերի հնարավոր ազդեցության պարզումն էր։ Եվ այդ ուսումնասիրությունների արդյունքում պարզվեց, որ ավելի շատ պաշտոնների են նշանակվում մրցույթի արդյունքում հաղթող ճանաչվող այն քաղաքացիները, ովքեր կա՛մ նույն կուսակցության ներկայացուցիչներ են, ինչ տվյալ գերատեսչության ղեկավարը, կա՛մ ներկայացնում են կոալիցիոն այլ կուսակցություններ։ Ներկայացնելով մտահոգությունները՝ մենք հակված ենք այս խնդրի լուծումը տեսնել մրցույթի մասնակիցներին ներկայացվող պահանջների, նյութի, առաջադրվող հարցերի բարեփոխման, բարդացման, նրանց մասնագիտական, մարդկային որակներն ու հմտությունները բացահայտող ավելի արդյունավետ մեխանիզմների ներդրման մեջ, որպեսզի անկախ հաղթողների կուսակցական պատկանելությունից նրանք առաջին հերթին լինեն իրենց գործի մասնագետները, համապատասխանեն պետական ծառայողի կերպարին և բարձր կոչմանը։

Ինչ վերաբերում է «Նախարարների փոփոխությունից կես կամ մեկ ժամ անց աշխատակիցները դառնում են նորանշանակ նախարարի կուսակցության անդամ» դիտարկմանը, Քաղծառայության խորհրդի նախագահն ասել է, որ իր այդ կարծիքը հիմնված է քաղաքական համակարգի չկայացածության, մեր հասարակության մեջ առկա նմանատիպ երևույթների հետ բոլորիս առնչությունների վրա.

-Մենք պարզապես խնդիրը մասնավորեցրել ենք քաղաքացիական ծառայության համակարգում, որովհետև մտահոգ ենք առաջին հերթին այս համակարգի կայացմամբ և որովհետև տեսնում ենք, որ այն ևս զերծ չէ մեզանում առկա այդ արատավոր դրսևորումներից։ Հարկ չենք համարում հիմա կոնկրետ դեպքեր նշել, սակայն նման իրողություն կա, և դրա մասին է, որ մենք բարձրաձայնում ենք։

Արեգնազ Մանուկյան

Հ.Գ. Մանվել Բադալյանի այն հայտարարության վերաբերյալ, որ կուսակցականացման միտում է տեսնում նախարարությունների աշխատակազմերում, փորձեցինք ճշտել ընդամենը վերջերս ՀՀԿ-ական դարձած ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի կարծիքը։ Տիգրան Սարգսյանին 2 շաբաթ առաջ մեր այդ հարցն ուղղեցինք նրա անձնական բլոգի միջոցով (անձնական բլոգ ունենալն էլ ՀՀ քաղաքական կյանքում մի նոր «ֆիքստուլություն» է), սակայն մինչ օրս այդպես էլ պատասխանը չենք ստացել։ Հիշեցնենք, որ երբ ՀՀ վարչապետն անդամագրվեց ՀՀԿ-ին, նրա օրինակին անմիջապես հետևեցին մի քանի նախարարներ և կառավարության աշխատակազմի անդամներ, և սա այն դեպքում, երբ մեր հարցին ի պատասխան նույնիսկ ՀՀԿ գաղափարախոսության հայր համարվող Գարեգին Նժդեհի ազգանունը չէին կարողանում ասել այդ մարդիկ։

Այս խորագրի վերջին նյութերը