Մեկնաբանություն

02.03.2019 15:00


Փաշինյանը պետք է կողմնորոշվի

Փաշինյանը պետք է կողմնորոշվի

Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Հանրային խորհրդի նախագահ Վազգեն Մանուկյանի հետ և ուշագրավ մտքեր հայտնել:

«Քիչ առաջ 2008 թվականի մարտի 1-ի իրադարձությունների կապակցությամբ հանդես եմ եկել ուղերձով և այնտեղ, որպես վարչապետ, պետության անունից ներողություն եմ խնդրել Երրորդ Հանրապետության պատմության ընթացքում տեղի ունեցած բոլոր ընտրակեղծիքների, բոլոր քաղաքական հետապնդումների համար: Այդ ուղերձը, ներողության խոսքերն ուղղված են Երրորդ Հանրապետության ընթացքում քաղաքական հետապնդման ենթարկված բոլոր քաղաքական ուժերին, քաղաքական գործիչներին և քաղաքացիներին:

Ուզում եմ ընդգծել, որ այդ ուղերձն ուղղված է նաև Ձեզ՝ պարո՛ն Մանուկյան, որպես Հայաստանի Հանրապետությունում երկար տարիներ ընդդիմադիր քաղաքական ուժ ղեկավարած և ընտրակեղծիքների զոհ դարձած քաղաքական ուժի ղեկավար, քաղաքական գործիչ»,- ասել է վարչապետը:

Իր հերթին Մանուկյանը նշել է, որ ճիշտ կլինի՝ մարտի 1-ը լինի ոչ թե իրար դեմ պայքարելու, այլ համերաշխության, միասնության ու դաս քաղելու օր:

Իսկապես ողջունելի է 1996-ի նախագահական ընտրություններում ընտրակեղծիքների, բռնությունների ու քաղաքական հետապնդումների զոհ դարձած Վազգեն Մանուկյանից այսպիսի ձևակերպումներ լսելը: Դա պետական մտածողության և ողջամտության դրսևորում է:

Փաշինյանի անձնական վենդետտան

Ուշագրավն այն է, որ Փաշինյանն իր ուղերձում խոսում է բոլոր ընտրակեղծիքների ու դրանք մերժելու մասին, բայց գործնականում ընտրակեղծիքների ամբողջ շղթայից առանձնացրել է մեկ թվական՝ 2008-ը, և մեկ մարդու՝ ՀՀ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին: Ի՞նչ է սա, եթե ոչ անձնական վենդետտա՝ պայմանավորված սեփական բարդույթներով, վախերով ու մտասևեռումներով:

Եթե Փաշինյանը համարում է, որ Վազգեն Մանուկյանն ընտրակեղծիքների զոհ դարձած քաղաքական գործիչ է, ու եթե նա որոշել է բացել նախագահական ընտրությունների հետ կապված «Պանդորայի արկղը», ապա պետք է սկսի 1996-ից ու Լևոն Տեր-Պետրոսյանից: Եթե դա չի արվում, նշանակում է՝ մենք Քոչարյանի պահով գործ ունենք անձնական վենդետտայի հետ, ինչը հղի է կանխատեսելի վատ հետևանքներով և՛ Փաշինյանի, և՛ «Իմ քայլը» դաշինքի բոլոր անդամների համար: Վերջիններս պետք է իմանան, որ գերի են դառնում Փաշինյանի անձնական «բզիկներին» ու հետագայում անձամբ են պատասխան տալու վենդետտաների համար:

Իսկ եթե Փաշինյանը վենդետտա չի անում, ապա պետք է անդրադառնա բոլոր թվականների ընտրակեղծիքներին՝ սկսելով իր քաղաքական հայրերից:

Ի դեպ, Փաշինյանի «հոգևոր հայր» Վանո Սիրադեղյանը տարիներ առաջ բացահայտ էր հայտարարել, որ 1996-ին կեղծել են ընտրությունները, քանզի ըստ Վազգեն Սարգսյանի՝ Տեր-Պետրոսյանը պատրաստ չի եղել 2-րդ փուլի:

1996-ին հայտարարվեց, որ եթե ընդդիմությունը 100 տոկոս էլ ձայն հավաքեր, ապա միևնույն է՝ ուժային կառույցները չէին ենթարկվելու ընդդիմության առաջնորդին կամ այլ կերպ ասած՝ իշխանությունը չէին հանձնելու Մանուկյանին:

Այս ամենը «չնկատել» ու գնալ մեկ մարդու ուղղությամբ նշանակում է իրականացնել ոչ թե քաղաքական և իրավական գործողություն, այլ անձնական վրեժխնդրություն:

Կա՛մ ..., կա՛մ...

Իշխանագողությունը և ժողովրդի կարծիքի վրա բռնանալը սկսվել են 1995-ից ու այս կամ այն չափով դրսևորվել մյուս համապետական ընտրությունների ժամանակ:

2008-ին Փաշինյանը պաշտպանել է ու կանգնել 1996-ին ժողովրդի ձայնը գողացած և ընտրությունները կեղծած Լևոն Տեր-Պետրոսյանի կողքը (այդ կեղծիքների պահով Փաշինյանը հայտնել է և՛ նախկինում, և՛ Մանուկյանի հետ հանդիպման ժամանակ), իսկ նման բաները վաղեմության ժամկետ չունեն: Հիմա ի՞նչ:

Մի խոսքով, Նիկոլը պետք է կողմնորոշվի՝ կա՛մ գնում է բոլոր ընտրակեղծիքների իրավական հետապնդման ճանապարհով, ուրեմն այդ դեպքում պետք է սկսի 1995-1996-ից ու հետո անցնի անձամբ իրեն, կա՛մ պետք է միայն քաղաքական գնահատական տա անցած բոլոր ընտրություններին, գիծ քաշի, իրավական առումով 2008-ի 10 սպանությունների բոլոր հանգամանքներն ամբողջությամբ բացահայտի ու անցնի առաջ: Մենք երկրորդ տարբերակի կողմնակիցն ենք, ու դա բխում է նաև Փաշինյանի շահերից:

Վենդետտաներով մեր երկիրն առաջ չի գնա, քանզի մի օր էլ կարող են ամբոխի տրամադրությունները փոխվել (արդեն իսկ ահագին փոխվել են), ու վենդետտայի զոհ կդառնա արդեն Փաշինյանը, ինչը մեր երկիրը կգցի հավերժ ցնցումների գիրկը:

Արժե մտածել այս ուղղությամբ:

Պետրոս Ալեքսանյան

Այս խորագրի վերջին նյութերը