Բանավեճ

20.03.2010 18:47


«Քաղաքական փակուղի՞, թե՞ նոր հորիզոններ»

«Քաղաքական փակուղի՞, թե՞ նոր հորիզոններ»

«7օր»-ը հյուրընկալել է «Առավոտ» օրաթերթի լրագրող Աննա Իսրայելյանին և ԵՊՀ դոցենտ, ՄԱԱ վարչության անդամ Նարինե Դիլբարյանին

-Այսօրվա քաղաքական դաշտում մենք ունենք հետևյալ դասավորությունը՝ իշխանական կոալիցիան, ՀԱԿ-ը, որ պահանջում է արտահերթ ընտրություններ, բայց խոստովանում է, որ միայնակ չի կարող իշխանափոխության հասնել։ Կա նաև մյուս բևեռը՝ ՀՅԴ-ի շուրջ հավաքված քաղաքական ուժերը, որոնք դեմ են հայ-թուրքական ներկա գործընթացին, ի տարբերություն Լևոն Տեր–Պետրոսյանի, ով, մեծ հաշվով, ողջունեց և կողմ արտահայտվեց Սերժ Սարգսյանի վարած քաղաքականությանը Թուրքիայի մասով։ Ի՞նչ եք կարծում՝ իրերի այս դասավորությունը ձեռք չի՞ տալիս իշխանությանը, և, ըստ այդմ, ի՞նչ զարգացումներ եք տեսնում առաջիկայում։

Աննա Իսրայելյան-Ես մի բան եմ ուզում հստակեցնել՝ ճի՞շտ է ասելը՝ ՀԱԿ-ը պահանջում է արտահերթ ընտրություններ։ Նրանց ժամանակացույցի մեջ ընդամենը նշված է, որ առաջարկում են անցկացնել ընտրություններ։

-Բայց իրենք բազմիցս պահանջել են իշխանության հրաժարականը։

Ա.Ի.- Այդ ժամանակացույցը ես ուսումնասիրել եմ. իրենք ասում են մարտին կամ մայիսին վերաբացելք Ա1+-ը, հունիսից սեպտեմբեր անցկացրեք արտահերթ ընտրություններ...

-Դա առաջա՞րկ է, թե՞ պահանջ։

Ա.Ի.- Չգիտեմ. ես սա ուղղակի ճշտման համար եմ ասում։

-Ամեն դեպքում ՀԱԿ–ը բազմաթիվ անգամներ պահանջել է հրաժարական և արտահերթ ընտրություններ։

Նարինե Դիլբարյան- Իսկ ես կասեի հակառակը՝ ՀԱԿ-ը փորձում է ասել, որ արտահերթ ընտրություններ իրենք չեն պահանջում, այլ դա արդեն և՛ դրսով, և՛ իշխանության ճգնաժամով պայմանավորված մի բան է, որովհետև Լևոն Տեր-Պետրոսյանի ելույթում դա կար, որ ինքը չփորձեց ասել, թե արտահերթ ընտրությունների այս իրավիճակն իրենք են ստեղծել և այլն, այլ մի քիչ այսպես օտարված էր՝ «իրենց կարծիքով դա լինելու է» տարբերակով։

-Այս կոնֆիգուրացիան ձեռք չի՞ տալիս արդյոք իշխանություններին։

Ա.Ի.-  Տեսե՛ք, ՀԱԿ-ը, այսպես ասած, իր կողմից առաջարկեց իրենց ձևակերպմամբ քաղաքական ճգնաժամի հաղթահարման ծրագիր և ասաց՝ ուզո՞ւմ եք ճգնաժամը հաղթահարվի, արեք այս, այս, այս, նաև արտահերթ ընտրություններ։ Ես դրա համար եմ ասում՝ իշխանությանն այդ իմաստով, վերադառնալով Ձեր հարցին, ձեռնտու է այն, որ քանի որ բոլորը մոռացել են, որ դա առաջարկ է, ժամանակացույց, և խոսում են ավելի շատ այն մասին, որ դա ՀԱԿ-ի պահանջն է, և սա հնարավորություն կտա իշխանությանը  հետագայում ևս մեկ անգամ ասելու՝ տեսա՞ք՝ ոնց որ անցած 2 տարիներին է եղել, իրենք ինչ-որ բան ասում էին. ասում էին՝ հեսա իշխանությունը կփլվի, չէր փլվում, սա էլ կդառնա նման հերթական մի փաստարկ, որ, տեսե՞ք, նրանք ասում էին ընտրություններ, իսկ ընտրությունները չեղան։

Ն.Դ.- Ես համոզված եմ, որ իշխանությանը դա այնքան էլ ձեռնտու չէ, որովհետև նախ իշխանությունը հիմա միաբևեռ չէ։ Կարող եմ ասել, որ մեր ակումբում հյուրընկալված իշխանական շատ գործիչներ, հանդիպումից դուրս, նշում են, որ իրենք Սերժ Սարգսյանի կառավարման շրջանում դիսկոմֆորտ են ապրում, որովհետև կարոտով են հիշում Քոչարյանի ժամանակները։

-Խոսքը հանրապետականների՞ մասին է։

Ն.Դ.- Այո՛, խոսքը հանրապետականների մասին է, որովհետև ԲՀԿ-ից շատ քիչ մարդ է մնացել այդ թշվառ կոալիցիայում և իշխանությունն այժմ միահեծան ՀՀԿ-ինն է, ՕԵԿ-ը կարելի է համարել կցորդ, և դա լուրջ չէ, և Հանրապետականի համար դա լրացուցիչ փորձություն է, որովհետև Սերժ Սարգսյանն իր բուն թիմը չի ձևավորել, և պարզ էլ չէ, թե երբ կձևավորի։

-Իսկ ինչպե՞ս կմեկնաբանեք իշխանական շրջանակների քոչարյանական այդ նոստալգիան, ինչո՞վ է դա պայմանավորված։

Ն.Դ.- Ինձ թվում է՝ հիմա տնտեսությունը և, այսպես ասենք, լծակները շատ միակենտրոն են դարձել։ Պարզվեց, որ Քոչարյանն առավել ընկերվար էր ներքին հարաբերություններում, քան Սերժ Սարգսյանը։ Այսինքն, նրանք բոլորը նշում են, որ իրենց մասամբ անտեսված են զգում։

Ա.Ի.- Ես այդ նոստալգիային բացատրություն կտայի այսպես՝ ընդհանրապես մեր քաղաքական վերնախավը, ընդ որում՝ ոչ միայն ներկա վերնախավը, նման են այն կանանց, որոնք սիրում են այն տղամարդկանց, ովքեր իրենց ծեծում են և հայհոյում։ Այ ա՛յդ տեսակի կանանց պես իրենք սիրում են ուժեղ բևեռը, և սրանով են բացատրելի մեր վերջին տարիների պատմության շատ դեպքեր։ Օրինակ՝ ինչո՞ւ էին այդքան Վազգեն Սարգսյանի շուրջ հավաքված։ Նա էլ էր, չէ՞, այդ տեսակի ուժ, խարիզմային գործիչ, նույն ձև նաև Ռոբերտ Քոչարյանն է, ասենք, էլի յուրօրինակ, մի քիչ էլ տղայական ուժեղության բան է իրենով մարմնավորում։

Ն.Դ.- Բայց ինձ թվում է՝ Քոչարյանի շուրջ դա իմիտացիա է։ Ճիշտ է, ես հիշում եմ այդ հայտնի ասուլիսը, որ ինքն ասաց՝ իսկ ո՞վ է այն տղամարդը և այլն...

-Ի դեպ, պատասխանելով Ձե՛ր հարցին...

Ն.Դ.- Այո՛, պատասխանելով իմ հարցին...

Ա.Ի.- Ի դեպ, Վազգեն Մանուկյանի մասին...

Ն.Դ.- Բայց արձանագրենք, որ իրական տղամարդը նախ չի խոսում տղամարդկության մասին։ Մի քիչ կոպիտ է հնչում, բայց ասում են՝ հաչան շունը կծան չի լինում։ Իսկ ՀՀԿ-ին, Աննա՛. Քոչարյանն իրենց չէր ծեծում, իրենց լծակներ էր տալիս։

-Ուզում եք ասել, որ հիմա Սերժ Սարգսյանն իրենց թիմում չի՞ ընկալվում որպես ուժեղ և միավորող լիդեր։

Ա.Ի.- Ես դա չասացի. ես ասացի, որ Սերժ Սարգսյանի թելադրած այդ կանոնները պակաս են հոգեհարազատ (ի դեպ, ոչ միայն քաղաքական, այլ նաև իր աջակից քարոզչական թիմին), քան ինչ ասում էր Ռոբերտ Քոչարյանը։ Թեկուզ բերեմ մի օրինակ հեռուստաընկերությունների հետ կապված։ Ինչ եկավ Սերժ Սարգսյանը, իրենց հրաման տվեց, որ փոքրիշատե բացեն եթերը, որակումներից մի քիչ զերծ մնան, բայց այդ մարդիկ դրա մեջ չեն տեղավորվում. իրենց դուր էր գալիս այն տեսակ կիրակնօրյա «Հայլուրը», որ ընդդիմադիրներին քլնգում էր, հայհոյում և այլն։ Ես քարոզչության օրինակով բերեցի, բայց կարող էի օրինակը շարունակել քաղաքական դաշտի վրա, որ մոտավորապես այն կանոնները, որ թելադրում է իրենց համար Սերժ Սարգսյանը, իրենց պակաս հոգեհարազատ են, քան այն ուժի դիրքերից խոսելը, որն անում էր Ռոբերտ Քոչարյանը։

-Անդրադառնանք ներքաղաքական վիճակին։ Արտահերթ ընտրությունների հավանականությունը որքա՞ն եք իրատեսական համարում։

Ն.Դ.- Արտահերթ ընտրությունները հավանական կլինեն, եթե Հայաստանում ֆորս մաժորային իրավիճակ ստեղծվի։

-Այսինքն, ՀԱԿ-ի գործունեությամբ չե՞ք պայմանավորում դա։

Ն.Դ.- Բացարձակապես, և, իմ տպավորությամբ, ՀԱԿ-ն ինքը ևս իրենով չի պայմանավորում այդ արտահերթ խորհրդարանական ընրությունները։ Իրենք պարզապես կողքից ասում են, մենք էլ կգանք կմիանանք, եթե դա լինի, և առաջարկում են իրենց օգնությունը։

-Ֆորս մաժոր ասելով՝ ի՞նչ ի նկատի ունեք։

Ն.Դ.- Ֆորս մաժոր ասելով՝ ի նկատի ունեմ և՛ տնտեսական հնարավոր կոլապսը, խոշոր անկումը (ոչ միայն գնաճ և այլն, որ հիմա կա), և՛ Ադրբեջանի կողմից հնարավոր հարձակումները և այլ նման երևույթները, որոնց դեպքում ես կարծում եմ՝ Քոչարյանն իրոք կարող է իր հանդեպ նոստալգիայի զգացողություն ունեցող արմատական ուժերի հետ ակտիվանալ և առաջարկել քաղաքական կոնֆիգուրացիան փոխել։

Ա.Ի.- Ես այսպես պատասխանեմ.ակնհայտ է (մանավանդ վերջին շրջանի իրադարձություններից՝ ինչ որ տեղի է ունենում կոալիցիայում և այլն), որ ներքաղաքական շրջանակներն ակտիվորեն սկսել են նախապատրաստվել հերթական 2012-ի ընտրություններին։

-Դուք այն մարդիկ եք, ովքեր անկախության սկզբնական փուլից լրատվության դաշտում են եղել, և հիմա էլ շարունակում եք մնալ այս կամ այն կարգավիճակով։ Եթե գնահատելու լինեք 3 նախագահներին, համեմատության մեջ ո՞ւմ եք տեսնում առավել արդյունավետ, և արդյոք Հայաստանը չունի՞ նոր ուժի կարիք։

Ն.Դ.- Ես երեքին էլ համարում եմ անարդյունավետ, չնայած երեքն էլ բավական տարբեր ժամանակներում են նախագահել։ Երևի թե այդ տեսանկյունից ամենադժվարը Լևոն Տեր-Պետրոսյանի վիճակն էր, բայց ոչ մեկի կառավարումն էլ արդյունավետ չէր, և բազմաչարչար բան է, բայց Հայաստանն այդ նոր ուժի կարիքը զգում է երևի 1996-ից հետո։ 96-ին առավել ակտիվ դրսևորվեց, որ ՀՀՇ-ն, որպես այդպիսին, սպառվում էր։

-Եթե նոր ուժի պահանջարկ կա, ինչո՞ւ չի ծնվում այդ ուժը։

Ն.Դ.- Մի հայտնի կարգախոս կար անկախության առաջին տարիներին. «Հա՛յ ժողովուրդ, քո ուժը քո բառադիության մեջ է», որը հայտնի հեղինակ ուներ։ Մեր հասարակությունն իրոք առաջնորդվում է հենց այդ ոչ հայկական բառով, անկազմակերպ հասարակական ինչ-որ զարգացումներով, որտեղ նոր ուժը երբ ծնվում է, եթե չլինի այդ խարիզմայի բավարար աստիճանը, չի ընդունվում, իսկ խարիզմայի այդպիսի աստիճան ունեցող վերջին մարդիկ Կարեն Սերոբի Դեմիրճյանը և Վազգեն Սարգսյանն էին, որ գնդակահարվեցին, բայց դե նրանք  ինչքանո՞վ արդյունավետ կլինեին, դժվար է ասել։

-Բայց ասում են, որ 2008–ին Լևոն Տեր-Պետրոսյանը եկավ, և տեսեք՝ ինչ ֆուռոր արեց։

Ն.Դ.- Ինքը ֆուռոր չարեց. եթե ֆուռոր լիներ, մարտի 1-ը չէր լինի, և մնացած դեպքերը չէին լինի։ Իշխանությունները կվախենային։ Երբ կա իրոք կազմակերպված հզոր ուժ, ապա այդպես գնալը՝ ինչ-որ ոստիկանական, զինվորական միավորումներով  ջարդելը տեղի չէին ունենա։

-Ձեր ասածը փակուղի՞ է ստացվում։

Ն.Դ. -Ցավոք, առայժմ վիճակը փակուղային է, դրա համար եմ ասում՝ Հայաստանին ֆորս մաժոր է պետք այս վիճակից դուրս գալու համար։

–Ձեր կարծիքը։

Ա.Ի.-Երեք նախագահների հետ էլ ես խնդիր եմ ունեցել, երեք նախագահների վերաբերյալ էլ շատ մեղմ եմ ասում՝ վերապահումներ ունեմ, դրա համար էլ դրական առումով որևէ մեկին չեմ առանձնացնի։ Կառանձնացնեմ միայն Ռոբերտ Քոչարյանին, որն ինձ համար ամենաանընդունելին էր, քանի որ Հայաստանի նկատմամբ մի տեսակ վառած հողի քաղաքականության պես վարվեց, այսինքն՝ գնալուց առաջ վառեց ու մինչև հիմա իր արածի, որ մարտի 1-ով դրսևորվեց, ամբողջ հասարակությունով ու քաղաքական դաշտով չեն կարողանում...

-Ինչու՞ եք միայն Քոչարյանին նշում։ Սերժ Սարգսյանը կապ չունե՞ր մարտի 1-ի հետ։

Ա.Ի. -Կարծում եմ՝ Սերժ Սարգսյանը վայելում է մարտի 1-ի հետևանքները, բայց, այնուամենայնիվ, մարտի 1-ի գաղափարախոսը Ռոբերտ Քոչարյանն է, բայց նորից եմ ասում՝ Սերժ Սարգսյանը վայելում է և ինչ-որ տեղ նաև շարունակում է, քանի որ նույն ձևով շարունակում է խոչընդոտներ դնել ընդդիմության առաջ։

-Ձեր ասածով ստացվեց, որ Լևոն Տեր-Պետրոսյա՞նն է Ձեր համար համեմատաբար լավ։

Ա.Ի.- Ո՛չ, որովհետև ես կարծում եմ, որ Լևոն Տեր-Պետրոսյանի և մյուս նախագահների միջև ինձ համար կարևորություն ներկայացնող հարցերում՝ մարդու իրավունքներ, ժողովրդավարություն, ընդդիմախոսների հանդեպ վերաբերմունք և այլն, ոչ մի տարբերություն չկա։ Ուղղակի ժամանակավորապես, քանի որ տերպետրոսյանենք ընդդիմությունում են, այդ բաներն առանձնապես չի առանձնացվում, բայց ես շարունակ տեսնում եմ գոնե իրենց համակիր մամուլի վերաբերմունքից (անհանդուրժողականության առումով), որ եթե հանկարծ այդ թիմը նույն ձևով գա իշխանության, առանձնապես չի տարբերվի նրանից, ինչով դա արվում է գործող իշխանության մամուլի կողմից։ Վերադառնալով նոր ուժի վերաբերյալ Ձեր հարցադրմանը՝ ես ուղղակի չեմ հասկանում՝ որտեղի՞ց պետք է ծնվի այդ ուժը, այդ մարդիկ։ Հայաստանում այլևս չեն մնացել մարդիկ, ում չի կարելի մատով ցույց տալ, ասել՝ բա որ դու...։

-Միգուցե սխալ է հենց ա՞յդ մոտեցումը, որ մարդու հետևից գնան։ Միգուցե գաղափարի՞ հետևից արժե գնալ և կարևոր չի լինի, թե ով կլինի այդ գաղափարի կրողը։

Ա.Ի. -Հայաստանում ամեն ինչ, նույնիսկ եթե օրենքների վերաբերյալ է, ունի անուն, ազգանուն։ Ամեն ինչ շատ անձնավորված է. եթե քաղաքական ուժ է, ապա անձ է։

Ն.Դ. -Իրականությունը դա է։

Ա.Ի. -Իրականության մեջ, էլի մեր նորագույն, վերջին շրջանի պատմության մեջ իրավիճակ է եղել, երբ թվացել է՝ փակուղի է, մեկ էլ հանկարծ հենց իշխանության միջից է մի բան ծնվում, ասենք՝ ինչպես եղավ 1998-ին։ Պոտենցիալ չի էլ երևում, որովհետև իշխանությունը հիմա բավական մոնոլիտ է, միատարր։ Դե ասում են, որ հիմա գոնե առավել է փորձ արվում այդպիսին դարձնել։ Մասնավորապես վերադառնալով այս վերջին շրջանում «Օրինաց երկրում» տեղի ունեցածներին՝ հենց այդ համատեքստում էլ ամեն ինչը մեկնաբանվում է, որ սա իշխանությունն ավելի միատարր դարձնելու փորձ է։

-Եթե փակուղի է, եթե վակուումային իրավիճակ է, այն, ի վերջո, պետք է պայթի, չէ՞։ Դուք դա պայմանավորում եք ֆորս մաժորո՞վ։ Ֆորս մաժոր նկատի ունեք դրսի՞ց եկող, ղարաբաղյա՞ն պատերազմ։

Ն.Դ. -Ես տնտեսությունն էլ նշեցի։ Ֆորս մաժորը կարող է լինել և՛ Ղարաբաղ, և՛ դրսից, և՛ Հայաստան-Թուրքիա արձանագրությունների վավերացման հետ կապված։ Ճիշտ է, շատերը սիրում են ասել, որ հայերը սոցիալական բունտ չեն անի և այլն, բայց ես, ճիշտն ասած, այնքան էլ այդ կարծիքին չեմ, հատկապես որ սոցիալական այդ բունտը կարող է խառնվել տարբեր այլ երանգների հետ։

Ա.Ի. -Որտե՞ղ ես տեսել, որ հայերն իրենց սոցիալական իրավունքները պաշտպանեն։ Տաքսիստները, մնացածները լոկալ բնույթ են կրում։

Ն.Դ. -Սոցիալական բունտի նախադեպ չի էլ կարող լինել, որովհետև Հայաստանում երբեք նման վիճակ չի եղել։ Եթե վերցնենք Լևոն Տեր-Պետրոսյանի այն բազմաչարչար տարիները, որոնց մասին բոլորը խոսում էին՝ խավարի ու ցրտի, ապա դրանք պարտադրված էին Ղարաբաղի պատերազմով, և դա ոչ ոք ցավագին չէր տանում։ Հայաստանում երբեք չի եղել տնտեսական խիստ ահագնացող ու սարսափելի վիճակ։ Եկեք օբյեկտիվ լինենք։ Հայ ժողովուրդն ընդհանրապես հնարամիտ ժողովուրդ է, և մանր կրպակատերերը կամ մանր ձեռներեցները դոմինանտ են։ Անգամ ԵՊՀ-ում բոլոր մարդիկ մի փոքր գործ ունեն և այդպես իրենց ապահովում են, բայց երբ հարկային բեռը խիստ դաժանացնում են, քանի որ բյուջեն դատարկ է և այլն, ապա հանապազօրյա հացի համար հայ ժողովուրդն ամեն ինչ կանի, որովհետև հացը մեզ մոտ շատ կարևոր է։

-Այսինքն, Լևոն Տեր-Պետրոսյանի ժամանակ համարում եք, որ ժողովուրդն ըմբռնումո՞վ էր մոտենում իրավիճակին, քանի որ պատերազմ կար, իսկ հետպատերազմյան տնտեսական անկումը չի՞ ներվի։

Ն.Դ. -Իհա՛րկե։ Պատերազմից հետո տնտեսությունը գնալով բարձրանում էր։ Ես դա չեմ ասում, որ Բագրատյանին բարձրացնեմ, բայց դա փաստ էր։ Գիտեք, կարևորը հույսերի աստիճանն է։ Դու կարող ես այսօր ոչինչ չունենալ, բայց եթե հույս ունես վաղվա համար, լավ իմաստով ունես, ապա ամեն ինչ կհանդուրժես ու կսպասես։ Իմ շփման շրջանակը մեծ է՝ և՛ ուսանողներ, և՛ դասախոսներ, և՛ ակադեմիական միջավայր, բոլորը մռայլ դեպրեսիայի մեջ են։ Երբեք այսպես չի եղել, որովհետև չկա այն սպասումը։ Հայերը միշտ ապրում են վաղվա օրով, այսօրվա օրը մենք, չգիտես ինչու, միշտ արհամարհում ենք կամ անցյալը գրկում նստում ենք ու սպասում պայծառ ապագայի։ Հիմա անցյալը վատ է, իսկ ապագան էլ՝ ավելի սարսափելի։ Թումանյանի ասած՝ «Մեր ուզածն ի՞նչ է՝ մի կտոր չոր հաց, էն էլ, հրեն հա՜, երկնքից կախված»։ Հիմա ավելի է երկինքը բարձրանում։

Ա.Ի.-Հայ-թուրքական հարաբերությունների առումով ֆորսմաժորային բան, մանավանդ վերջին իրադարձությունների համատեքստում, կարծես թե էլի բացառվում է, որովհետև ակնհայտորեն մեր իշխանությունների կողմից հետ քայլ կա։

–Հարկադրված։ Անկախ իրենց կամքից...

Ա.Ի.։ Այո, հարկադրված, այն բանից հետո, երբ տեսան, որ, այնուամենայնիվ, Թուրքիան չի փոխվել, որքան էլ փորձում է ԵՄ անդամ դառնալ, երբ պարզվեց, որ իրենց հիշեցրին...

-Դա թուրքերի խնդիրը չի, դա Հայաստանի վարած քաղաքականության հետևանքն է, որ այնտեղի «խաղաղության աղավնի» Էրդողանին սարքեցին «բազե»։

Ա.Ի.-Հայ-թուրքական վիճակն այնպիսին է, որ այդտեղ տարակարծության տեղ չկա, որովհետև այն բանից հետո, երբ կանգնում ու ասում են, որ դուք եք մեզ կոտորել, ինչ որ արեց Էրդողանը, դրանից հետո էլ ի՞նչ...

-Եթե նայում ենք, Սերժ Սարգսյանի իշխանության օրոք բոլոր ոլորտներում առկա են  ձախողումներ՝ տնտեսության անկում, քաղաքական լարվածության պահպանում, արտաքին քաղաքականության բացեր։ Ձեր կարծիքով նրա իշխանության մնալու ռեսուրսն այս պահին ո՞րն է։

Ա.Ի. -Նախ՝ հանկարծ չստացվի, որ ես Սերժ Սարգսյանի փաստաբանն եմ, բայց տնտեսական անկումը միայն մեր խնդիրը չէ. համաշխարհային խնդիր է։ Հայաստանում այն ավելի շատ է դրսևորվել։ Ես գիտեմ, որ իմ երկրորդ ասածի հետ չի համաձայնի ընդդիմությունը՝ հանձինս ՀԱԿ-ի, եթե ես ասեմ, որ, այնուամենայնիվ, ներքաղաքական լարվածությունը զգալիորեն պակասել է, որովհետև համաներում  ու այլ բաներ եղան և այդ բոլոր միջոցների շնորհիվ լարվածությունն իջավ, այնպես որ այդ երկրորդ գործոնն էլ մեղմացավ։ Ինչ վերաբերում է երրորդ՝ արտաքին խնդիրներին, ապա ինձ համար շատ ավելի հետաքրքիր է, թե արտերկիրն ինչպես կարձագանքի իր խաբված հույսերին։

Ն.Դ.-Այդ ամենի մեջ  միայն Հայաստանն ու Թուրքիան չեն. նաև ԱՄՆ-ն է, որն այդքան շահագրգռված է այդ գործընթացում։

Ա.Ի.-Ստացվում է, որ բոլոր հայացքներն ուղղվում են դեպի Արևմուտք, բայց կարծես թե չգիտեն՝ որքան են Հայաստանում այն քաղաքական ուժերը, որոնք այդ խաղաքարտը կցանկանան շահարկել, օգտագործել, որովհետև գոնե առնվազն ՀԱԿ-ի առաջնորդն ասել է, որ ինքն այդ բանը չի անի արտաքին ճնշումների հետ կապված։

-Իշխանության տարբեր ներկայացուցիչներ կարծես հավատարմության երդում տալու պես ասում են, որ իրենք չեն պատրաստվում նախագահական ընտրություններին, այլ սատարելու են Սերժ Սարգսյանին։ Ինչքանո՞վ  եք հավանական համարում Սերժ Սարգսյանի երկրորդ անգամ առաջադրվելը և նախագահ դառնալը երկրորդ ժամկետում։

Ն.Դ. -Ես բացարձակ անհավանական եմ համարում, և ինձ թվում է՝ ինքն էլ է այդ կարծիքին, որովհետև իրեն չհաջողվեց թիմ ստեղծել։ Իմիջիայլոց, ինքը մեծ ջանքեր էլ չգործադրեց։ Երբ առաջին շրջանում ինքն առաջադրվում էր, տարբեր շրջանակներում ինչ-որ հույսեր կային, որ ինքը կբերի նոր մարդկանց, բայց...

-Բայց ինքը շունչ քաշելու ժամանակ էլ չունեցավ։ Իր նախաձեռնությամբ՝ իհարկե։

Ն. Դ.-Ո՛չ, ինքն ունեցավ ժամանակ, ինքը պարզապես չտնօրինեց այդ ժամանակը։ Շատ մարդիկ, որոնք ասում են՝ Հայաստանը փոքր երկիր է, և այստեղ չկան մարդիկ, ում չի կարելի մատնացույց անել ու ասել՝ այ դո՛ւ։ Դա այդպես չէ։ Այս երկրում կան մարդիկ, որոնց կարելի է չկարողանալ մատնացույց անել, և այդպիսիք ես գիտեմ տարբեր ոլորտներից՝ և՛ տնտեսական, և՛ քաղաքական վերլուծաբաններ, տեսաբաններ, գիտական տիտղոսներ ունեցող։ Ես գիտեմ, որ նրանցից մի մասը գնաց, առաջարկեց իր ծառայությունները։ Մի մասն առաջարկեց՝ ելնելով տարբեր շահագրգռություններից, բայց առաջարկեց։ Նրանցից ոչ ոք չընտրվեց։ Ես Ձեզ ասեմ՝ նոր կառավարության մեջ եթե դուք նայեք բոլոր քիչ թե շատ լծակներ ունեցող տեղերը, ապա այնտեղ հայտնվեցին նույն մարդիկ, որոնք և՛ Քոչարյանի հետ էին դրանից առաջ, և՛ Լևոնին էին առաջարկել իրենց քստմնելի ծառայությունները և բացարձակ անարդյունավետ են այդ մարդիկ։  Այսինքն, Սերժ Սարգսյանը ոչինչ չարեց նոր թիմ ձևավորելու համար, դրա համար երբեմն ինձ մոտ տպավորություն է առաջանում, որ ինքն էլ չի հավատում, որ երկարաժամկետ նախագահ է։ Նա ոչինչ չի ձեռնարկում այս վիճակից դուրս գալու համար, ուրեմն ինքն էլ չի հավատում դրան։

Ա.Ի. -Մի երեք տարի կա մինչև հերթական նախագահական ընտրություններ, և այսօր գոնե ինձ համար հնարավոր չէ այդ հարցին պատասխանել, որովհետև չափազանց շատ են նախապայմանները։ Մեկը այն, թե հայ-թուրքական այս ամբողջ պատմությունն ինչպես կավարտվի, երկրորդ՝ Ղարաբաղի հետ կապված ինչպես կավարտվի։ Բնականաբար, Սարգսյանը կցանկանա, բայց, բայց, բայց...

Զրույցը վարեց Վախթանգ Մարգարյանը

Այս խորագրի վերջին նյութերը