Կարծիք

01.03.2019 21:10


«Դեղին բաճկոնների» շարժումը. ի՞նչ է սա

«Դեղին բաճկոնների» շարժումը. ի՞նչ է սա

Ֆրանսիայում դեղին բաճկոնավորների շարժումը, որը համաեվրոպական բնութ է կրում արդեն, ըստ էության, կարելի է ասել, որ հակագլոբալիստական պայքար է: Այն հախուռն շարժում է, չի կառավարվում կոնկրետ ինչ-որ կուսակցությունների կամ արհմիությունների կողմից, քանի որ բոլոր կուսակցություններն ու արհմիությունները շատ թե քիչ վերահսկվում են էլիտաների կողմից:

Վերջին մի քանի տասնամյակների ընթացքում, երբ արևմտյան աշխարհում գլոբալ էլիտաները, այսինքն՝ անդրազգային իմպերիալիստական կլանները, սկսեցին կառավարությունների վրա ավելի ու ավելի մեծ ազդեցություն ունենալ՝ երկրորդ պլան մղելով ազգային էլիտաներին ու քաղաքացիական հասարակությանը, սկսվեց ազգային վերնախավերի և միջին խավի դեգրադացիա՝ նրանց ինքնակազմակերպվածության անկման տեսքով, հետևաբար՝ նաև սոցիալական վիճակի վատթարացման տեսքով (կոնկրետ միջին խավի պարագայում):

Երևի թե 1-ին համաշխարհային պատերազմից հետո արևմտյան աշխարհում սոցիալական բևեռվածությունը դեռ երբեք այնքան ուժեղ չի եղել, որքան այսօր է, տարեցտարի եվրոպական երկրներում ու նաև հյուսիսամերիկյան երկրներում միջին խավը փոքրանում ու աղքատանում է, և բնական է, որ դա անհետևանք չի մնա, ու դրա դեմ կուտակված ցասումը օրերից մի օր հորդելու է փողոց. դեղին ժիլետների շարժումն ահա այս տրամաբանության մեջ պիտի դիտարկենք:

Արևմտյան երկրները ժամանակին աշխարհի մնացած բոլոր երկրներից սոցիալ-տնտեսական զարգացածության տեսակետից առաջ անցան, քանի որ հոլանդական, հետագայում՝ նաև անգլիական բուրժուադեմոկրատական հեղափոխություններից հետո կամաց–կամաց հրաժարվեցին միջնադարյան ավատատիրական տնտեսական ու քաղաքական կացութաձևերից և սկսեցին կառուցել լիբերալ արժեհամակարգի վրա խարսխված մոդեռնիստական աշխարհ, բայց 20-րդ դարում, հատկապես 2-րդ համաշխարհային պատերազմից հետո գլոբալիզացիոն պրոցեսների արդյունքում անդրազգային իմպերիալիզմը սկսեց կառուցել պոստմոդեռնիստական աշխարհ, որի տեսլականն է գլոբալ կայսրության ստեղծումը, և, բնականաբար, ուղղված է ազգային սուվերենությունների դեմ:

Ցանկացած կայսրություն սարսափում է մշակութային բազմազանությունից. կայսրությունը անում է ամեն ինչ, որպեսզի իր ենթակայության տակ գտնվող երկրներում ժողովուրդները հրաժարվեն իրենց ազգային ինքնությունից, ու նաև անում է ամեն ինչ, որպեսզի այդ երկրներում չառաջանա ամուր միջին խավ, որը ցանկացած ազգի ողնաշարն է, և ի վիճակի է պայքար մղել սեփական իրավունքների և ազատությունների համար:

Եթե ժամանակին կայսրությունները, օրինակ՝ Բրիտանական կայսրությունը, իրենց գաղութներում վարում էին հենց այդպիսի քաղաքականություն, որպեսզի թույլ չտան, որ ձևավորվեն ազգային ինքնության գիտակցում ունեցող էլիտա և միջին խավ, բայց մյուս կողմից ուղիղ հակառակն էին անում մետրոպոլիաներում, որտեղ ամրացնում էին կայսերաստեղծ ազգին՝ ամեն ինչ անելով, որպեսզի նա ունենա ազգայնական էլիտա և ուժեղ ու բարեկեցիկ միջին խավ, ապա այսօրվա պոստմոդեռնիստական գլոբալ կայսրությունն այլևս մետրոպոլիա չունի, ու որևէ մի ազգի վրա հիմնված չի կարող լինել, այն ամբողջովին ապազգային է, հետևաբար նրա համար ամենագլխավոր թիրախը արևմտյան կայացած ազգերն են՝ իրենց կենսունակ պետականություններով:

Գլոբալիստները չեն վախենում 3-րդ աշխարհի թույլ ազգերից, օրինակ՝ հայերից, որոնց գլխին որպես իշխանություն կարող են կարգել Նիկոլին՝ իր կապույտ ու կարմիր ներկած մազերով աղջնակների ու թրաշամանուկների թիմով (որոնց մտահորիզոնը փաբերում տժժալուց այն կողմ չի անցնում), ու բոլորովին չմտահոգվել, որ նրանք կարող են տանուլ տալ և կորցնել իշխանությունը, բայց, օրինակ, եվրոպական լուրջ ազգերից վախենում են և հասկանում են, որ նրանց հետ այդպես վարվել չեն կարող. այնտեղ Նիկոլի թիմի որակներով մարդիկ իշխանության գլխին հայտնվելու շանսեր չունեն, իսկ եթե, այնուամենայնիվ, հրաշքով այդպիսի բան տեղի ունենա, միևնույն է, նրանց իշխանությունը նույնիսկ մեկ ամիս չի ձգի:

Ահա սա է պատճառը, որ գլոբալ էլիտաներն ավելի ու ավելի են կենտրոնանում արևմտյան շատ ավելի ուժեղ ու կայացած հասարակությունների վրա՝ փորձելով տարեցտարի, փոքր, բայց հաստատուն քայլերով թուլացնել ու այլասերել նրանց ազգային ինքնությունը, որի արդյունքում կկարողանան սահմանափակել վերջիններիս սուվերենությունները: Բայց, ի հեճուկս իրենց, լուրջ դիմադրությունից, այնուամենայնիվ, չեն կարողանա խուսափել։

Դեղին ժիլետավորների հախուռն ու անկազմակերպ պայքարին գալու է փոխարինելու կազմակերպված ու գաղափարապես թրծված պայքար: Մենք ուշադիր պիտի հետևենք Եվրոպայում տեղի ունեցող քաղաքական անցուդարձին. այնտեղ հակագլոբալիստական ուժերը կոնսոլիդացվում են և ավելի ու ավելի են իրենց դիրքերն ամրացնելու (վերջին մի քանի տարվա ընթացքում ազգային ընտրությունների մակարդակով դա արդեն երևում է). շուտով տեղի ունեցող եվրախորհրդարանի ընտրություններում նույնպես այդ թրենդը պահպանվելու է, ու դա լավ է, որ այդպես է, քանի որ մարդկությունը առաջ կգնա, և կզարգանա միայն այն դեպքում, երբ կկարողանա պահպանել ու զարգացնել իր մշակությաին բազմազանությունը:

Գլոբալ էլիտաների ցնորամիտ էքսպերիմենտը՝ նոր բաբելոնյան աշտարակ կառուցելու առումով, տապալվելու է այնպես, ինչպես որ ժամանակին դա տեղի է ունեցել: Պատմությունը կրկնվելու հատկություն ունի, եթե անգամ կրկնության ցիկլը այնքան մեծ է, որ նախորդ ցիկլը մարդկության հիշողության մեջ առասպելների տեսքով է միայն պահպանվել:

Թորոս Ալեքսանյան

Այս խորագրի վերջին նյութերը