Կարծիք

01.03.2019 17:04


ԵԱՏՄ-ում ու Ռուսաստանում չեն սիրում և չեն սիրելու «հեղափոխություն» բառը

ԵԱՏՄ-ում ու Ռուսաստանում չեն սիրում և չեն սիրելու «հեղափոխություն» բառը

Պաշտոնական Երևանը՝ ի դեմս Ռուսաստանում Հայաստանի դեսպան Վարդան Տողանյանի, իր վրդովմունքն է հայտնել Բաքվում փետրվարի 26-ին կայացած հակահայկական միջոցառմանը ՌԴ Պետդումայի մի խումբ պատգամավորների մասնակցության կապակցությամբ: Պատասխանելով հարցին, թե ինչպե՞ս է հայկական կողմը վերաբերվում այն փաստին, որ մի խումբ ռուս խորհրդարանականներ Բաքվում մասնակցել են Խոջալուի դեպքերի հերթական տարելիցին նվիրված միջոցառմանը, դեսպանն ասել է․

«Մենք մեր վրդովմունքն ենք հայտնում այն կապակցությամբ, որ մի խումբ ռուս պատգամավորներ մասնակցել են Բաքվում կայացած հակահայկական երթին»:

Տողանյանն ընդգծել է, որ այդ երթն ակնհայտ հակահայկական բնույթ ուներ, և Բաքուն այն օգտագործել է տարածաշրջանում վստահության խաթարման նպատակով:

Միանշանակ, այդ երթին ռուսաստանցի պատգամավորների մասնակցության մեջ ոչ մի դրական բան չկա, և հետագայում հայաստանյան ցանկացած նոր իշխանություն պետք է կարողանա այնպիսի բարիդրացիական հարաբերություններ հաստատել Ռուսաստանի հետ, որ նմանօրինակ երևույթներն այլևս չկրկնվեն: Սակայն պետք է նախ և առաջ հասկանալ, թե ինչով են պայմանավորված հայ-ռուսական հարաբերություններումարձանագրված արդեն ոչ առաջին նմանօրինակ տհաճ դրվագները: Ավելին՝ պետք է հասկանալ, թե ինչու Հայաստանի հարաբերություններն այլ երկրների հետ ՀԱՊԿ և ԵԱՏՄ շրջանակներում նույնպես զերծ չեն ճգնաժամային դրսևորումներից:

Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը ռուսական RBK հեռուստաընկերությանը տված հարցազրույցում պատասխանելով լրագրողի հարցին՝ պատրաստվո՞ւմ է արդյոք Հայաստանը տնտեսական հեղափոխություն անել ԵԱՏՄ-ում, ծիծաղելով՝ նշել է, որ միության տարածքում չեն սիրում «հեղափոխություն»բառը: Հայաստանի վարչապետը փոքր–ինչ անկեղծ չէ: ԵԱՏՄ տարածքում ոչ թե չեն սիրում «հեղափոխություն»բառը, այլ պարզապես նա ինքը այսքան ժամանակ չի կարողացել յուրային դառնալ այդ միության շրջանակներում:

Գիտակցո՞ւմ է արդյոք Փաշինյանը, թե ոչ, սակայն նրա և Ռուսաստանի, Բելառուսի, Ղազախստանի և եվրասիական տարածքի այլ ղեկավարների միջև գոյություն ունի դասակարգային անտոգոնիզմ: Հայ հանրության և վերլուծաբանների շրջանակներում շատերն այս փաստը չեն գիտակցում (կամ անգամ ուրախանում են), սակայն իրականությունն այնպիսին է, որ սրա պատճառով բարդություններ են առաջանալու երկու հայկական պետությունների համար:

Ցանկացած իշխանություն իր պետության անվտանգությունն ապահովում է երկու մակարդակում աշխատելով՝ներքին և արտաքին: Ասելով անվտանգություն՝ խոսքը գնում է դրա ոչ միայն ռազմական, այլ ավելի լայն շրջանակների մասին (պարենային, կիբերանվտանգություն և այլն): Կարևորը՝ այս երկու մակարդակներում աշխատանքն այնպես կազմակերպել, որ իրենք լինեն զուգահեռ և հակասության մեջ չմտնեն միմյանց հետ:

Եւս մեկ կարևոր հանգամանք՝ սեփական անվտանգության այլընտրանքային երաշխիքներ չստեղծելով՝ առնվազն միամտություն է գործող երաշխիքներից հրաժարվելը, իսկ հաշվի առնելով, որ Հայաստանը գտնվում է սառը պատերազմի վիճակում՝ նման վարվելակերպը դառնում է խիստ վտանգավոր պետության համար: Նման իրավիճակում Նիկոլ Փաշինյանը պետք է կարողանար բալանս գտնել և ԵԱՏՄ տարածքում եթե չդառնա յուրային, ապա գոնե իր քաղաքական կանխատեսելիությամբ ու հուսալիությամբ պետք է դառնար վստահելի գործընկեր:

ԵԱՏՄ և ՀԱՊԿ երկրների ղեկավարների, այսպես ասած, քաղաքական մոհիկանների համար (չնայած նաև արևմտյան ժողովրդավարական երկրների համար) բառացիորեն փողոցից եկած իշխանությունը վտանգավոր է: Ռուսաստանում, Ղազախստանում կամ անգամ Ֆրանսիայում, Գերմանիայում կան «սեփական Փաշինյաններ»,որոնք կարող են ներշնչվել հայաստանյան հեղափոխությամբ ու փողոցից գալ իշխանության:

Նիկոլն ու նրա խորհրդականները, իհարկե, չեն հասկանում, որ հայաստանյան հեղափոխությունը, ինչպես ցանկացած այլ հեղափոխություն, ունի «արտահանման ներուժ», և դա նյարդայնացնում է բոլորին՝ առաջին հերթին ՀԱՊԿանդամ երկրների ղեկավարներին: Փաշինյանն իշխանության գալով՝ չարեց բացարձակապես ոչինչ, որպեսզի փարատի իր նկատմամբ եկած կասկածները, ինչպես նաև չխարխլի ՀԱՊԿ և ԵԱՏՄ կառույցներում առկա փխրուն բալանսը: Դրա փոխարեն Փաշինյանը մի շարք սխալներ արեց:

Առաջին սխալն այն էր, որ նա փորձեց ձերբակալել ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովին, երկրորդ՝ Հայաստանի ներսում քաղաքական վենդետտաների իրականացումը, երրորդ՝ կադրային քաղաքականությունը, որն իշխանության է բերել հակառուսական, հակաեվրասիական և հակապուտինյան ակցիաների մասնակցած էլեմենտներին:

Քավ լիցի, բացարձակապես ոչ մի վատ բան չկա նրանում, որ մարդը նման կերպով իր քաղաքացիական դիրքորոշումն է արտահայտում, սակայն երբ մարդու գլխավոր արժանիքը հենց դա է լինում, և դրա համար մարդը պաշտոն է ստանում, ապա դա հարցեր է առաջացնում և՛ երկրի ներսում, և՛ երկրից դուրս:

Արդյոք Փաշինյանը չի՞ գիտակցում, որ Քոչարյանին ձերբակալելով՝ նա անուղղակիորեն հրահրում է եվրասիական տարածքի այլ «փաշինյաններին»՝ գալ իշխանության ու «դատել Պուտինին, Նազարբաևին, Լուկաշենկոյին»: Նա անուղղակիորեն ասում է նաև, որ դա անելու համար հարկավոր է միայն փողոց փակել:

«Ուզում ենք՝ ինչպես Հայաստանում» կարգախոսը եվրասիական տարածքում ապրող նիկոլների համար դառնում է գայթակղիչ, որն էլ իր հերթին մեզ թշնամացնում է Ռուսաստանի և ԵԱՏՄ-ի այլ անդամ երկրների հետ: Ընդունում են սա փաշինյանենք, թե ոչ, բայց իրականությունը հենց այսպիսին է: Իսկ պե՞տք է մեզ արդյոք թշնամություն ՀԱՊԿ և ԵԱՏՄ անդամ երկրների հետ, առավել ևս Ռուսաստանի հետ ՝ այն պարագայում, երբ մենք ունենք այնպիսի թշնամիներ, ինչպիսիք են Թուրքիան և Ադրբեջանը:

Եթե Հայաստանը լիներ գերտերություն և աշխարհագրորեն լիներ Շվեյցարիայի տեղում, ապա մենք կարող էինք մեզ նման շռայլություն թույլ տալ: Սակայն ներկայիս պայմաններում՝ հայկական պետության տարածքային խորության բացակայության դեպքում, երբ կշեռքի նժարի երկու կողմում դրված են Արցախի և Հայաստանի անվտանգությունն ու տարածքային ամբողջականությունը, իսկ մյուս կողմից՝ Փաշինյանի անձնական մղումները՝ վրեժխնդիր լինելու, իրավիճակը դառնում է վտանգավոր բոլորիս համար:

Որոշումը պետք է Փաշինյանն ընդունի, սակայն վերջնական որոշումը պետք է կայացնի ՀՀ քաղաքացին, այն նույն քաղաքացին, որը մեկ անգամ արդեն մերժել է ստի, կեղծիքի անձնակենտրոն իշխանությունը: Ոչ արդյունավետ կեղծիքի իշխանությունը մերժած հանրությունը երկար չի հանդուրժի մեկ այլ նմանատիպ իշխանություն:

Բենիամին Մաթևոսյան

Քաղաքագետ

Աղբյուրը՝ politeconomy.org

Այս խորագրի վերջին նյութերը