Մեկնաբանություն

28.02.2019 18:15


Փաշինյանը չի՞ նկատում Ամուլսարում տեղի ունեցողը

Փաշինյանը չի՞ նկատում Ամուլսարում տեղի ունեցողը

Ինչպես հայտնի է, ամիսներ շարունակ դադարեցվել են Ամուլսարի հանքի շինարարական աշխատանքները: «Հեղափոխական տեխնոլոգիաները»՝ ճանապարհ փակելը, կանգնեցրել են Հայաստանի խոշորագույն ներդրումային ծրագիրը: 1000-ից ավել մարդ կորցրել է աշխատանքը, տասնյակ կապալառուներ՝ պատվերները, պետական բյուջեն՝ 100 միլիոն դոլարի հասույթը, Հայաստանը՝ ներդրումային իմիջը:

Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ կլինի փորձաքննություն, որից հետո որոշում կկայացվի: Եթե պարզվի, որ ջրերի վնասման խնդիր կա, ապա հանքը չի շահագործվի, իսկ եթե հակառակ եզրակացությունը տա փորձագիտական խումբը, ապա հանքի աշխատանքները կշարունակվեն:

Փաշինյանի այդ հայտարարությունից անցել են ամիսներ, սակայն դեռևս որևէ տեղեկություն չկա փորձագիտական աշխատանքներից: Աշխատանքներ, որոնց համար, ի դեպ, հարկատուներիս գրպանից, այսինքն՝ պետական բյուջեից մոտ 400 հազար դոլար է հատկացվել բազմաթիվ միջազգային փորձաքննություններ անցած Ամուլսարի հանքը ուսումնասիրելու համար (իսկ միգուցե դա գումարների «լվացքի մեքենա՞» է դարձել):

Հարկ է նկատել, որ Ամուլսարի հետ կապված բազմաթիվ տարօրինակ բաներ են տեղի ունենում:

Կառավարությունը զարմանալիորեն ու կասկածելիորեն չի նկատում, որ Տորոնտոյի ֆոնդային բորսայում գրանցված «Լիդիան Արմենիայի» դեմ կա ուղղորդված գործընթաց:

Փաշինյանը չի նկատում (կամ չի ուզում նկատել) բոլոր այն ապօրինությունները, որոնք տեղի են ունենում: Օրինակ՝ ոստիկանությունը չի գրանցում հանցագործության դեպքերը:

Օրերս «168 ժամը» անդրադարձել էր այդ ապօրինություններից մեկին: Ջերմուկում և հարակից Կեչուտում միջադեպ էր տեղի ունեցել: Ընդհարումներ էր արձանագրվել համայնքում Ամուլսարի հանքի կողմնակիցների և հանքի ճանապարհները փակած խմբի միջև: Ըստ թերթի աղբյուրների՝ նույնիսկ դանակահարության դեպք էր եղել, որի մասին ոստիկանության կողմից որևէ հաղորդագրություն չէր եղել: Անաշխատանք մնացած համայնքի բնակիչները հարցերը պարզելու էին գնացել ճանապարհները փակող և աշխատանքները խոչընդոտող խմբի հետ: Արդյունքում՝ տեղի էին ունեցել բախումներ, կային տուժածներ: Ոստիկանության կողմից, սակայն, այս մասին որևէ բան չէր հաղորդվել: Ավելին, «168 ժամի» տեղեկություններով՝ ոստիկանությունը նաև չէր կանխել ճանապարհը փակողների ու համայնքի բնակիչների միջև բախումները, չէր ձերբակալել պատասխանատուներին:

Ի՞նչ է սա, եթե ոչ բազմաթիվ հարցեր ու կասկածներ ծնող միտումնավոր անգործություն: Այդ ինչպե՞ս է ստացվում, որ «Նոր Հայաստանում», որտեղ խոստացված է իրավունքների պաշտպանություն և ներդրումների խրախուսում, պետականորեն խոչընդոտներ են հարուցվում մասնավոր ընկերության դեմ կամ առնվազն չեն կանխվում այդ խոչընդոտները: Փաշինյանը մտավախություն չունի՞ այս ամենի հետ կապված:

Փաշինյանին չի՞ հետաքրքրում, թե ով կամ ովքեր են ամիսներ շարունակ ֆինանսավորում հակաամուլսարական ակցիաներն ու տեղեկատվական արշավները: Իսկ միգուցե նա անձնական շա՞հ ունի այս պատմության մեջ: Հատկապես որ բազմաթիվ օդում կախված լուրեր են պտտվում այս և հարակից թեմաներով (մասնավորապես՝ Քաջարանի պղնձամոլիբդենայինի հետ կապված):

Սրանք, ի դեպ, ամենևին էլ հռետորական հարցեր չեն:

Հայկ Ուսունց

Այս խորագրի վերջին նյութերը