Մեկնաբանություն

28.02.2019 15:40


Փաշինյանի գլխավոր թիրախը՝ մամուլ (տեսանյութ)

Փաշինյանի գլխավոր թիրախը՝ մամուլ (տեսանյութ)

Նիկոլ Փաշինյանը քաղաքական դաշտ է մտել լրատվականից: Նա շատ լավ գիտի մամուլի դերն ու նշանակությունը քաղաքական գործընթացներում:

2018-ի ապրիլ-մայիսին տեղի ունեցած քաղաքական իրադարձություններում տպագիր և համացանցային լրատվամիջոցների դերը հսկայական էր: Փաշինյանը վարչապետ դարձավ մամուլի օգնությամբ: Նրան աջակցում էր թերթերի ու կայքերի մոտ 90 տոկոսը: Սոցիալական ցանցերում էլ գրեթե նույն պատկերն էր:

Նիկոլն՝ ընդդեմ իր նախկին կոլեգաների

Իշխանափոխությունից հետո քաղաքական դաշտը կոմայի մեջ հայտնվեց: «Ժողովրդի վարչապետին» ու նրա քայլարած թիմին հակակշռելու և քաղաքական ընդդիմության դերը կատարելու ֆունկցիան մնաց մամուլի վրա: Ու պետք է ասել, որ մամուլն այդ դերը կատարում է բարձր արդյունավետությամբ՝ լցնելով վակուումը և փոշիացած քաղաքական դաշտում թույլ չտալով իշխանության բացարձակ այլասերում: Հենց դա էլ հունից հանել է Նիկոլ Փաշինյանին, ով այժմ թիրախավորել է լրատվական դաշտին:

Երբ Նիկոլ Փաշինյանը զրահապատ մեքենայի միջից սրտնեղում էր, թե բա՝ հայաստանյան ԶԼՄ-ի 90 տոկոսն իր դեմ է գործում, դա սովորական սրտնեղում չէր: Դա նշանակում էր, որ հարձակում է սպասվում մամուլի դեմ: Այդ հարձակումն իրեն սպասեցնել չտվեց:

Բացի ընտանիքի անդամների՝ մամուլի դեմ գրառումներից, Փաշինյանի մոտ կա նաև վարչաֆինանսական քայլերի փաթեթ, որի միջոցով նա փորձում է ոչնչացնել այլընտրանքային ու ոչ «թավշյա» տեսակետներ ներկայացնողներին:

Փաշինյանը նախ իր պատգամավոր աներձագի միջոցով կայքերի գովազդատուների ցանկը կրճատելու օրենսդրական նախաձեռնությամբ հանդես եկավ: Հետո խաղի մեջ մտցվեց Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը, որը կարգին վնաս է ուզում տալ մի շարք տպագիր ու էլեկտրոնային պարբերականների:

Ինչպես հայտնի է, Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանի որոշմամբ՝ Բյուզանդի 1/3 շենքում գտնվող մի շարք լրատվականներ պետք է ազատեն իրենց զբաղեցրած տարածքները: Քաղաքապետարանն արդեն ծանուցումներ է ուղարկել շենքում գտնվող բոլոր խմբագրություններին՝ «Հրապարակ» օրաթերթ, «ԱՌԿԱ» և «Նյութ» լրատվական գործակալություններ, «Հայելի» մամուլի ակումբ, «Անդին» գրական հանդես, և այլն: Քաղաքապետը խմբագիրներին 5 օր ժամանակ է տվել տարածքն ազատելու համար։

Հայկ Մարությանի այս որոշումը տարակուսանք ու զայրույթ է առաջացրել խմբագիրների շրջանում, քանի որ նրանք այդ տարածքները զբաղեցնում են պայմանագրով, իսկ պայմանագիրը դեռ ուժի մեջ է և ավարտվելու է հաջորդ տարի։

Բոլորի համար էլ պարզ է, որ հնգօրյա ժամկետում հնարավոր չէ տեղափոխվել: Բացի այդ՝ հարց է առաջանում՝ ինչո՞ւ է քաղաքապետարանը շտապում: Պատճառը շատ պարզ է. անհրաժեշտ է վարչական ռեսուրս կիրառել այն լրատվամիջոցների դեմ, որոնք «Ազատություն» ռադիոկայանի կամ «Հայկական ժամանակի» պես Փաշինյանին չեն ծառայում սովետական «Պրավդայի» ոճով:

Ի դեպ, ուշագրավն այն է, որ լրատվամիջոցներին քաղաքապետարանի «սև թղթից» պաշտպանելու առաքելությամբ միայն Ժուռնալիստների միության նախագահ Սաթիկ Սեյրանյանը հանդես եկավ: Իսկ ահա խոսքի ազատության ու մամուլի խնդիրներով զբաղվող մի շարք գրանտակեր ՀԿ-ներ փաստացի հանդես են եկել ի պաշտպանություն ... քաղաքապետարանի որոշման, այսինքն՝ ի պաշտպանություն Նիկոլ Փաշինյանի քմահաճույքի: Սրանք փարիսեցիաբար առաջարկել են իրենց միջնորդական առաքելությունը կառավարության, քաղաքապետարանի ու լրատվամիջոցների արանքում, ինչպես նաև կոչ են արել լրատվամիջոցներին չդրամատիզացնել իրավիճակը:

Ըստ սահմանման ու ըստ գրանտային ծրագրերի մամուլին պաշտպանելու համար ստեղծված և նախորդ իշխանությունների ժամանակ մամուլի պաշտպանության անվան տակ «ցեխավիկություն» արած մամուլի այս «բարեկամները» հիմա պաշտպանում են Նիկոլ Փաշինյանի՝ մամուլի վրա հարձակվելու իրավունքը:

Թե ինչպես կավարտվի կոնկրետ այս պատմությունը, դեռ հայտնի չէ, բայց մի բան հստակ է՝ մամուլի միջոցով եկածը կարող է մամուլի միջոցով էլ գնալ: Դեռ ոչ մեկին չի հաջողվել մամուլի դեմ պատերազմում հաղթել ու «սաղ-սալամաթ» դուրս գալ այդ պատերազմից:

Կորյուն Մանուկյան

Այս խորագրի վերջին նյութերը