Քաղաքական

28.02.2019 12:24


Փաշինյանը հայտնել է Ալիևի հետ հանդիպման նախնական պայմանավորվածության մասին

Փաշինյանը հայտնել է Ալիևի հետ հանդիպման նախնական պայմանավորվածության մասին

Հայաստանը շարունակելու է հետապնդել Արցախի ինքնորոշման իրավունքի ճանաչումը: Հայաստանի կառավարության առաջնային խնդիրներից մեկը բանակցային գործընթացում Ղարաբաղի սուբյեկտության բարձրացումն է: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին Իրանի հայկական համայնքի ներկայացուցիչների հետ հանդիպմանն ասել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Եվ առաջիկայում էլ մենք նախնական խոսել ենք, որ պետք է հանդիպում ունենանք Ադրբեջանի նախագահի հետ: Դա, ըստ էության, լինելու է առանց օրակարգի հանդիպում, բայց այդ հանդիպման կարևոր ուղենիշներից մեկը լինելու է բանակցային ֆորմատի քննարկումը, ինչը նշանակում է՝ քանի դեռ մենք այս ֆորմատի վերաբերյալ համաձայնություն ձեռք չենք բերել, այս շփումները, քննարկումները պաշտոնական բանակցություններ համարել չի կարելի: Ես ասել եմ, որ հանդես եմ գալիս և խոսում եմ Հայաստանի անունից, որովհետև Հայաստանի վարչապետն եմ, և ես չեմ խոսում Արցախի անունից, որովհետև Արցախի Հանրապետությունն ունի իր իշխանությունը, իր նախագահը իր կառավարությունը, և բանակցային գործընթացում Արցախի անունից պետք է խոսի Արցախի իշխանությունը: Սա շատ կարևոր է, և մենք ամեն ինչ պետք է անենք, որ Արցախը բանակցային գործընթացում սուբյեկտության նոր մակարդակ ունենա»,- ասել է Փաշինյանը:

Նրա խոսքով՝ պայմանավորվածությունն այն է, որ պետք է քննարկեն հարցը խաղաղ ճանապարհով լուծելու հնարավորությունները:

«Արդյոք ես այսպիսի հնարավորություններ այսօր տեսնո՞ւմ եմ և կարո՞ղ եմ ասել, որ այդ խոսակցությունների գործընթացում տեսնում եմ որևէ առաջընթաց: Ցավոք սրտի, այդպիսի բան ասել ես չեմ կարող: Երբ միջազգային գործընկերները գալիս և մեզ հարցնում են՝ իսկ դուք պատրա՞ստ եք փոխզիջումների, մենք նրանց շատ պարզ պատասխանում ենք, իսկ ձեզ ո՞վ է ասել, որ այդ հարցի պատասխանողը և առաջին պատասխանողը մենք պետք է լինենք, իսկ Ադրբեջանին հարցնո՞ւմ եք իրենք պատրա՞ստ են փոխզիջումների, թե՞ պատրաստ չեն: Մենք այդ հարցին չենք պատասխանի այնքան ժամանակ, մինչև այս հարցին հստակ չի պատասխանել Ադրբեջանը»,- ասել է ՀՀ վարչապետը:

Նա հավելեց, որ մենք կարող են շատ հստակ հիմնավորել, թե ինչու այդ հարցին պետք է առաջինը պատասխանի Ադրբեջանը, որովհետև Ադրբեջանն է, որ ամեն օր սպառնալիքներով է խոսում Ղարաբաղի հարցի կարգավորման վերաբերյալ:

«Եթե որևէ մեկը մտածում է, որ կարող է ուժով կամ սպառնալիքով Ղարաբաղի հարցը լուծել, նա չարաչար սխալվում է: Չարաչար սխալվում է հենց այն պատճառով, որ այդ ասողը չի գիտակցում, որ ինքը գործ ունի ոչ միայն Հայաստանի Հանրապետության և Հայաստանի Հանրապետության քաղաքացիների, այլ համայն հայության հետ, որն այսօր առավել միասնական է, քան երբևէ»,- նշել է Նիկոլ Փաշինյանը:

Այս խորագրի վերջին նյութերը