Կարծիք

28.02.2019 11:08


Տնտեսության հունվարյան հրաշքը

Տնտեսության հունվարյան հրաշքը

Մարդկության մի մասը յուրաքանչյուր երկուշաբթի նոր կյանք է սկսում: Սկսում է նոր` մաքուր էջից, փորձում երազով ազատվել անցյալի տխուր հիշողություններից ու արատներից:

Վիճակագիրներն էլ՝ որպես մասնագիտությամբ միավորված մարդկության որոշակի հատված, «նոր կյանք» ասվածը սկսում են հունվար ամսին: Հունվարը նրանց իրական երջանկության ամիսն է: Հենց այդ ամսին են վիճակագիրները «գցում» տարվա մակրոտնտեսական ցուցանիշների հիմքերը՝ սկսելով մաքուր էջից: Ու, որպես կանոն, «Հիմնական մակրոտնտեսական ցուցանիշներ» հպարտ անունը կրող փաստաթղթի հենց առաջին տողը մատուցում են որպես հուժկու հարված: Այդ տողը բոլորին` պատահական ընթերցողից մինչև ուսումնասիրող, տեղեկացնում է, որ մեր երկրում տնտեսական ակտիվության ցուցանիշն աճել է 6.1 տոկոսով: Երբ զարմանաս, թե ինչպե՞ս, ինչի՞ հաշվին է աճը (հիշելով, որ հունվարի կեսը, մեղմ ասած, ոչ աշխատանքային է), հաստատ պատասխան կստանաս, որ «ոչ թե ինչի հաշվին, այլ ինչի համեմատ»: Այսինքն, հունվարի 6,1–տոկոսանոց տնտեսական ակտիվությունը նախորդ տարվա հունվարի համեմատ է: Իսկ նախորդ` 2018թ. հունվարին տնտեսական ակտիվությունը 5.8 տոկոս աճել էր իր նախորդ հունվարի նկատմամբ։ Ու բոլոր հունվարներն էլ կիսով չափ ոչ աշխատանքային են: Կամ էլ հակառակը` կիսով չափ աշխատանքային:

Հունվարը ծանր ամիս է վիճակագիրների համար: Գյուղատնտեսական աճ չես «հաշվարկի»: Բնակլիմայական օբյեկտիվ պատճառներով: Այս տարվա հունվարին նույնիսկ արդյունաբերական արտադրանքն է կրճատվել 0.4 տոկոսով: Արտաքին ապրանքաշրջանառությունը ևս պակասել է 7.6 տոկոսով: Կրկին անցած տարվա համեմատ: Ընդ որում, տնտեսագիտության տեսանկյունից բավական տգեղ է պակասել: Կրճատվել են թե՛ ներմուծումների, թե՛ արտահանումների ծավալները: Ներմուծումները 3.3 տոկոսով են պակասել: Վիճակն իսկապես տգեղ է արտահանումների պարագայում: Տնտեսական պաշտոնական տեղեկատվությունն ուսումնասիրելու փորձի արդյունքում կարելի է մի հստակ եզրակացություն անել: Որքան շատ են իշխանությունները խոսում արտահանմանը միտված տնտեսության մասին, այնքան կրճատվում են արտահանումները:

2019-ի հունվարը պակաս է 2018-ից 15.8 տոկոսով: Բայց ի՞նչ փույթ. կարևորը տնտեսական ակտիվությունն է: Այն ավելի շատ է աճել, քան նախորդ տարի:

«Բայց ո՞ր մակրոտնտեսական ցուցանիշի հաշվին» հարցը ցանկացած իշխանամետ տնտեսագետ ու վիճակագիր անբարյացկամություն կորակի՝ մատնանշելով շինարարության թռիչքային, երկնիշ ու հզոր 22–տոկոսանոց աճը:

Փաստորեն, մինչ մենք ազգովի հունվարի առաջին տասնօրյակն անցկացրեցինք խումհարի մեջ, ազգիս շինարար ոգին արթնացել էր: Հունվարի շինարարության արդյունքները գարնանային անձրևների սեզոնին կստուգվեն: Այս ոլորտը առևտրի շրջանառության ծավալների 19.3 և ծառայությունների ծավալի 15.3–տոկոսանոց աճի հետ հնարավորություն է տվել մակրոտնտեսական հովվերգական պատկեր ստանալ: Բայց ինչպես կասեր Պարոնյանը, վերադառնանք «հիմնական սկզբունքին կամ սկզբնական հիմունքին»:

«Երկրի հիմնական մակրոտնտեսական ցուցանիշ» ասվածի մեջ ևս մեկ տվյալ է ներառվում: Խոսքը կարևոր ոլորտի նույնքան կարևոր ցուցանիշի մասին է: Այն դարձել է մեր վիճակագրության աքիլլեսյան գարշապարը: Փորձը ցույց է տալիս, որ տնտեսական վիճակագրությունը միշտ էլ հնարավոր է հարմարեցնել ցանկացած իշխանության «ճաշակին»:

Եթե օրվա իշխանությունը շինարարության հանդեպ թուլություն ունի, այն կարելի է ավելի մեծ ցուցանիշներով նկարել: Եթե մասնագետները նկատում են, որ շինարարության աճը չի համընկնում շինանյութի արտադրության ու ներմուծման տվյալների հետ, ապա ժամանակի հետ դա էլ կարելի է սազացնել: Ոչ մի խնդիր չկա նման մանր-մունր տնտեսավիճակագրական հրաշքներ ապահովելու հարցում: Բայց մեր վիճակագիրները սովորաբար տնտեսության իրական հատվածի աճին չեն կարողանում հարմարեցնել էլեկտրաէներգիայի արտադրության ծավալները: Համարյա երբեք: Ինչպես այս անգամ:

Տնտեսական ակտիվության միանիշ, շինարարության ծառայությունների ու այլ ոլորտների երկնիշ աճին զուգահեռ՝ հունվար ամսին էլեկտրաէներգիայի արտադրությունը կրճատվել է 26.3 տոկոսով: Ոչ ոք չգիտի, թե ինչպես է դա հնարավոր դառնում: Կորուստների ցուցանիշը չի նվազում (այլապես համապատասխան հանձնաժողովը կնախաձեռներ էլեկտրաէներգիայի սակագնի նվազեցման գործընթաց), բայց տնտեսությունը տեղ-տեղ աճում է առանց էներգետիկ աղբյուրի: Ընդունեք, որ հրաշք է։

Արա Գալոյան

Տնտեսական մեկնաբան

Աղբյուրը՝ politeconomy.org

Այս խորագրի վերջին նյութերը