Լրահոս

27.02.2019 18:10


Արաբկիրի ոստիկանության բաժնի նախկին պետը դեմ է ՊՊԾ գնդի գրավման գործով մեղադրյալների նկատմամբ համաներում կիրառելուն

Արաբկիրի ոստիկանության բաժնի նախկին պետը դեմ է ՊՊԾ գնդի գրավման գործով մեղադրյալների նկատմամբ համաներում կիրառելուն

Երևանի ընդհանուր իրավասության դատարանում ՀՀ ոստիկանության պարեկապահակային գունդը գրավելու գործով դատական նիստում ցուցմունք է տվել Հայաստանի Հանրապետության Արաբկիրի ոստիկանության բաժնի նախկին պետ Հրաչյա Խոստեղյանը, ով դատական գործով ճանաչվել է որպես տուժող:

Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, նախագահող դատավոր Մեսրոպ Մակյանը հարցրեց, արդյո՞ք տուժող Հրաչյա Խոստեղյանն առարկում է ՊՊԾ գնդի գրավման գործով մեղադրյալների նկատմամբ համաներում կիրառելու հարցում։

«Այո, ես առարկում եմ»,-պատասխանեց տուժողը։

Դատարանը տուժողին առաջարկեց ներկայացնել գործի շրջանակներում այն ամենն, ինչ իրեն հայտնի է: Հրաչյա Խոստեղյանը գործի շրջանակներում մանրամասն ներկայացրեց այդ օրերի իրադարձությունները:

Նա պատմեց, որ 2016 թվականի հուլիսի 17-ի առավոտյան հերթապահ մասից իրեն տեղյակ են պահել զինված խմբի կողմից ՊՊԾ գունդ հարձակում կատարելու վերաբերյալ: Նա նշեց, որ այդ օրը դուրս է եկել տանից և առավոտյան ժամը 6:00-ի կողմերը արդեն գտնվել է Էրեբունու վարչական շրջանի տարածքում` Էրեբունու բաժնի դիմաց:

«Այնտեղ գտնվելու ժամանակ առավոտյան ժամը 7:00-ի կողմերը, արդեն զրահապատահ ավտոմեքենան կանգնած էր և փակել էր ճանապարհը, այնտեղ էին գտնվում նաև այլ ոստիկանության ծառայողներ: Զրահամեքենան շարժվեց դեպի ՊՊԾ գնդի տարածք և դիմացից կրակոցներ լսվեցին: Կրակոցների հետևանքով ես և իմ գործընկերը բեկորային վնասվածքներ ենք ստացել ու տեղափոխվել հիվանդանոց բուժօգնության»,-ասաց Խոստեղյանը:

Այս խորագրի վերջին նյութերը