Կարծիք

11.01.2011 15:42


Առաջ դեպի բարոյալքում

Առաջ դեպի բարոյալքում

Արդեն որերորդ տարին է' ակնկալում ենք, սպասում ենք, ցանկանում ենք, որ Հայաստանում վերջապես այնպիսի փոփոխություններ իրականան, որ ազատվենք այս մղձավանջից, որը ոմանք անվանում են ճահճացում, ոմանք' խորը ճգնաժամ:

 Ինչպես էլ անվանենք ստեղծված իրավիճակը, իրականությունն այն է, որ մենք հայտնվել ենք անդունդի ամենամութ անկյուններից մեկում, որտեղից վեր բարձրանալը հսկայական ջանքեր է պահանջում: Իսկ ինչ ենք արել, որ դուրս գանք այս վիճակից: Եթե մինչեւ վերջ անկեղծ լինենք, ապա պետք է խոստովանենք, որ ոչինչ էլ չենք արել: Նրանք, ովքեր ի պաշտոնե պետք է զբաղվեին երկրի առաջ կանգնած խնդիրների լուծմամբ, միայն ավելացրին այդ խնդիրները: Ընդդիմությունն էլ, եթե ավելի անկեղծ լինենք, կենտրոնացավ քաղբանտարկյալների ազատ արձակման գործի վրա եւ արտահերթ ընտրությունների անհրաժեշտության մասին հայտարարություններ անելու վրա: Բնականաբար, այս իրավիճակում լճացումը պետք է միայն խորանար:

Եթե իշխանությունները չեն կարողանում երկիրը կառավարել, իսկ ընդդիմությունն էլ տարբեր պատճառներով չի կարողանում վերցնել իշխանությունը, ապա ստեղծվում է մի իրավիճակ, որի պայմաններում արագ զարգանում է բարոյալքումը, ամենաթողությունը, այլ կերպ ասած' ճահիճն ընդլայնում է իր տիրույթները: Իսկ ճահճում իրենց լավ են զգում ճահճային բույսերն ու կենդանիները, անկախ նրանից, թե ճահճի որ մասում են գտնվում: Դա է պատճառը, որ մեր կողքին ապրող ճահճային բույսերն ու կենդանիներն ամեն ինչ անում են առկա իրավիճակը պահպանելու համար: Իսկ առողջ ուժերն էլ դեռ չեն կարողանում ինքնակազմակերպվել եւ նպաստել իրավիճակի բարելավմանը:

Այսօր, ինչպես երբեք, զգացվում է առողջ ուժերի միավորման, ակտիվ գործունեության անհրաժեշտությունը: Իսկ որ մեր երկրին նոր շունչ է պետք, կարծում եմ, ապացուցելու կարիք չի զգացվում: Հասել ենք այն կետին, երբ այլեւս անթույլատրելի են ձախողումները ներքին եւ արտաքին ճակատում: Իսկ ձախողումներն արդեն չափից դուրս շատ են:

Մենք ոչինչ չենք արել եւ դեռ չենք էլ անում, որ Հայաստանում իշխանությունները լեգիտիմ լինեն: Այլ կերպ ասած, որեւէ քայլ չի արվել, որ առաջիկա ընտրությունները լինեն ժողովրդավարական' ազատ, արդար եւ թափանցիկ: Ընդհակառակը, հետեւելով վարչախմբի քայլերին, նկատվում է, որ նրանք պատրաստվում են հերթական ընտրակեղծիքներին: Զարմանալու ոչինչ չկա: Զարմանալին ժողովրդի անտարբերությունն է այս ամենի նկատմամբ: Իսկ անտարբեր ժողովուրդը յուրաքանչյուր երկրի համար չափազանց մեծ վտանգ է ներկայացնում: Եւ հենց այստեղ է զգացվում այն ուժի պակասը, որը պետք է կարողանա հավատ ներշնչել ժողովրդին եւ կոտրել անտարբերության հսկա պարիսպը:

 Մարդը պետք է հավատա, որ Հայաստանը դեռ կարող է առողջանալ, եւ որ վաղվա օրն ավելի լավն է լինելու, քան ներկան: 2006թ. ամռանը Վրաստանի Փոթի քաղաքի փոքրիկ զբոսայգում իր թոռան հետ զբոսնող մի կին ինձ հետ զրույցում ոգեւորված ասաց. «Կգաս երկու տարի հետո եւ կտեսնես, թե ինչ դրական փոփոխություններ են տեղի ունեցել»: Սահակաշվիլին մարդկանց կարողացել էր հավատ ներշնչել վաղվա օրվա հանդեպ: Ընդ որում, ոչ միայն խոսքերով, այլ նաեւ կոնկրետ գործերով: Այսօր Վրաստանում դրական տեղաշարժերն իրոք նկատելի են, իսկ եթե դա հաջողվեց Վրաստանին, ապա մեզ էլ կհաջողվի: Անհրաժեշտ է միայն ցանկություն եւ կամք:

 Ծիծաղ են առաջացնում այն պնդումները, թե դժվար է պայքարել կոռուպցիայի դեմ: Իհարկե, դժվար է, բայց նախ պետք է պայքարել, հետո նոր խոսել դժվարությունների մասին: Պետք է մի օր փորձել ազատ ընտրություններ անցկացնել, առանց ընտրակեղծիքների, հաստավիզ տղաների, արդեն մահացած ընտրողների, ընտրական հանձնաժողովների կեղծարար անդամների, եւ նոր միայն դժգոհել մեր ժողովրդի մենթալիտետից: Իսկ այս անտարբերության պայմաններում որեւէ իշխանություն ինքնակամ չի գնա ժողովրդավարական ընտրությունների, գիտակցելով, որ դա կհանգեցնի անխուսափելի պարտության: Իսկ առանց ժողովրդավարական ընտրությունների զարգացման մասին խոսելն ավելորդ է:

Զարմանալի չէ, որ ոչ լեգիտիմ իշխանությունները մեկը մյուսի ետեւից ձախողվում են արտաքին ճակատում: Ընդ որում, երբ ընդդիմությունը թույլ է, երբ չկա հակակշիռ, այդ սխաներն ավելի են շատանում: Միայն ռուսական ռազմակայանների մասին պայմանագրի թարմացումը եւ հայ-թուրքական ֆուտբոլային դիվանագիտությունը բավական են հասկանալու համար, թե ինչ է լինում, երբ իշխանություններն իրենց տեղում չեն: Վարչախումբն այնքան թույլ է, որ ստիպված է կատարել այս կամ այն գերտերության քմահաճությունները, իսկ գնդակին էլ հարվածում է, անկախ նրանից ցանկանում է, թե ոչ:

Բարեբախտաբար, մենք ունենք Ալիեւի նման երես առած հարեւան, որի քմահաճություններն էլ մեզ օգնեցին հնարավորինս քիչ կորուստներով դուրս գալ ֆուտբոլային դիվանագիտության տակից: Բայց հասանք նրան, որ աշխարհը սկսեց մտածել, որ սահմանը ոչ թե փակվել է Թուրքիայի կողմից, այլ նաեւ Հայաստանի, իսկ թուրքերն էլ արդեն սկսեցին ակտիվորեն միջամտել Ղարաբաղի հիմնախնդրին եւ դեռ փորձում են միջամտել: Օրերս էլ Թուրքիայի արտգործնախարար Դավութօղլուն կրկին ասել է, թե հայ-թուրքական խնդրի կարգավորման համար անհրաժեշտ է կարգավորել Լեռնային Ղարաբաղի հարցը: Եւ չգիտես ինչու Նալբանդյանն էլ իր հերթին չի ակնարկում, որ եթե հարցը հասնի նախապայմաններին, ապա կհիշենք եւ ցեղասպանության, եւ Կիպրոսի խնդրի մասին: Իսկապես, եթե թուրքերը հայ-թուրքական հարաբերությունները կապում են Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի հետ, որի հետ իրենք որեւէ առնչություն չունեն, ապա ինչու մենք չենք կարող այս հարցը կապել Կիպրոսի խնդրի հետ: Անհեթեթությանը կարելի է պատասխանել նույն անհեթեթությամբ: Իսկ հիմա այնպիսի տպավորություն է ստեղծվում, կարծես մենք թախանձագին խնդրում ենք բացել սահմանը, թուրքերն էլ դեռ մտածում են: Իհարկե, բոլոր առողջ ուժեն էլ ցանկանում են բաց տեսնել հարեւան պետությունների սահմանը, բայց դա չպետք է արվի արժանապատվության հաշվին:

Հայտնի փաստ է, որ խնդրանքով կամ նախապայմանների կատարմամբ բացված դուռը մի օր կարող են փակել հերթական նախապայմաններն առաջադրելու համար: Եւ էլի դժվար չէ հասկանալ, որ այս սխալներն անհամեմատ քիչ կլինեին, եթե ունենայինք ավելի վճռական, ավելի անկախ ընդդիմություն, որը Սերժ Սարգսյանին գոնե թույլ կտար չհարվածել, երբ ինքը հարվածելու ցանկություն չի ունենում: Իսկ երբ ընդդիմությունը նստած սպասում է, թե իշխանություններն էլ ինչ հիմարություն են անելու, որ տապալվեն, ապա այս կերպ հաստատ իշխանության չեն գա, բայց երկիրն ավելի ծանր վիճակում կհայտնվի:

Իսկ որ մեր վիճակը ծանր է, վկայում են սաստկացող արտագաղթը, անսահման գործազրկությունը, գործատուների վերաբերմունքը աշխատակիցների նկատմամբ, ամանորյա գնումները, առեւտրականների հիասթափված դեմքերը, ձվի անհետացումը եւ հայտնվելը, աննորմալ բարձր գները, անշարժ գույքի շուկայում առկա խորը ճգնաժամը, մարդկանց հուսահատ եւ հիասթափված դեմքերը, Վանաձորից եւ Գյումրիից ամեն օր Կրասնոդար եւ Ստավրոպոլ մեկնող ավտոբուսները: Իսկ Սերժ Սարգսյանը, չգիտես ինչու, այսքանով չի բավարարվում եւ շարունակում է նույն քաղաքականությունը, իսկ նախարարների վերջին փոփոխություններն էլ հաստատ, բարեփոխումների հետ որեւէ կապ չունեն: Հասել ենք այն կետին, որից այն կողմ իրոք կործանումն է:

Գեղամ Նազարյան

Այս խորագրի վերջին նյութերը