Քաղաքական

27.02.2019 14:55


«Խորհուրդ կտամ մամուլի հետ այդ տոնով չխոսել. դա խաղ է կրակի հետ» (տեսանյութ)

«Խորհուրդ կտամ մամուլի հետ այդ տոնով չխոսել. դա խաղ է կրակի հետ» (տեսանյութ)

Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանի որոշմամբ՝ Բյուզանդի 1/3 շենքում գտնվող մի շարք լրատվականներ պետք է ազատեն իրենց զբաղեցրած տարածքները, քաղաքապետարանն արդեն ծանուցումներ է ուղարկել շենքում գտնվող բոլոր խմբագրություններին՝ «Հրապարակ» օրաթերթ, «ԱՌԿԱ» և «Նյութ» լրատվական գործակալություններ, «Հայելի» մամուլի ակումբ, «Անդին» գրական հանդես, և այլն, քաղաքապետը խմբագիրներին 5 օր ժամանակ է տվել տարածքն ազատելու համար։

Հայկ Մարությանի այս որոշումը տարակուսանք է առաջացրել խմբագիրների շրջանում, քանի որ նրանք այդ տարածքները զբաղեցնում են պայմանագրով, իսկ պայմանագիրը դեռ ուժի մեջ է և ավարտվելու է հաջորդ տարի։

168.amի փոխանցմամբ՝«Հայելի» մամուլի ակումբի ղեկավար Անժելա Թովմասյանը լրագրողների հետ հանդիպմանը նշեց, որ պատրաստվում է քաղաքապետի այս որոշումը վիճարկել դատարանում։

«Մենք սպասում էինք, որ այսպիսի քայլեր կարող էին լինել, բայց ոչ արագությամբ։ Այս շենքում կան բազմաթիվ ազատ տարածքներ, որոնք քաղաքապետը կարող է վերցնել և արդյունավետ օգտագործել։ Եթե քաղաքապետը ցանկանում է, ապա մենք պատրաստ ենք հանդիպելու նրա հետ։ Բայց մեկ բան հստակ է՝ խոստանում եմ, որ այս ամենը հեշտ չի մարսվելու։ Նախկինում, երբ խոսքի ազատության հետ կապված որևէ սխալ որոշում էր ընդունվում, բոլոր դեսպաններն արձագանքում էին, սպասում եմ, որ այս որոշման վերաբերյալ ևս կլինի որոշակի արձագանք»,- ասաց Անժելա Թովմասյանը։

Նա նաև ներկայիս իշխանություններին, մասնավորապես՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանին, հիշեցրեց, որ այն ժամանակ, երբ նրանք ընդդիմադիր էին, իր ակումբն այն առաջիններից էր, որը նրանց հարթակ էր տրամադրում։

«Անդին» գրական-գեղարվեստական, հասարակական-քաղաքական ամսագրի խմբագրական խորհրդի նախագահ, գրող, հրապարակախոս Մերուժան ՏերԳուլանյանը նշեց, որ Բյուզանդի 1/3 շենքը գեղեցիկ է միայն դրսից, իսկ ներսից քստմնելի ու անհասկանալի մի կառույց է։ Ավելին՝ տարիներ առաջ, երբ զբաղեցրել են իրենց հատկացված տարածքները, դրանք իսկական ավերակ են եղել, տարիների ընթացքում կարողացել են կարգի բերել ու աշխատել։

«Մենք տարածք չենք ստացել, այլ ստացել ենք հողամաս, հսկայական փող ծախսեցինք, որ աշխատատեղ դառնա: Ամեն հարկում կան «Ֆանտաստիկ» զուգարաններ, որոնք Խորհրդային շրջանի հոտը լավ պահել են, բայց մենք դրանք սանհանգույց սարքեցինք: Նախկին քաղաքապետերը՝ տեսնելով, թե որքան գումար ենք ծախսել, որոշեցին, որ տարածքն անհատույց ժամանակով տրամադրեն մեզ: Կարծում եմ՝ քաղաքապետարանը մեզ պարտք է, այս մեռյալ շենքը կենդանանում է մեզանով»,- շեշտեց Մերուժան Տեր-Գուլանյանը։

Նրա բնորոշմամբ՝ քաղաքապետի որոշումն անհարգալից վերաբերմունք է իրենց նկատմամբ, քանի որ նախկինում երբեք նման վերաբերմունք չի տեսել, և նրա կողմից ուղարկած ծանուցումները կարելի դիտարկել՝ որպես խմբագրություններին ներկայացված վերջնագիր։

«Մեկ բարի խորհուրդ ունեմ քաղաքապետարանին. բարեկամաբար խնդրում եմ, հորդորում՝ մամուլի հետ այդ տոնով չխոսել, դա խաղ է կրակի հետ, չի կարելի վերջնագրով խոսել մամուլի հետ»,- եզրափակեց Մ. Տեր-Գուլանյանը:

«Հրապարակ» օրաթերթի գլխավոր խմբագիր Արմինե Օհանյանի խոսքով՝ քաղաքապետարանի կողմից ստացած ծանուցումների մեջ գրված է, որ նման որոշում կայացրել են հանրային գույքն արդյունավետ օգտագործելու նպատակով։

«Այնքան արդյունավետ, որքան մենք ենք օգտագործում այս տարածքները՝ դժվար է պատկերացնել: Այս ամենը ցույց է տալիս, որ այս իշխանությունն ավելի վատ է գնահատում ազատ խոսքը, մամուլի աշխատանքը, քան նախորդ իշխանությունները: Մենք չորս քաղաքապետ ենք փոխել, բայց որևէ մեկի մտքով չի անցել պահանջել տարածքն ազատել: Պատերն անգամ մենք ենք կառուցել:

Մեկ ամիս առաջ նորոգում ենք կատարել, ո՞վ է փոխհատուցելու այդ ծախսերը: Մենք լիարժեք իրավունք ունենք շարունակել մեր գործունեությունը հենց այս շենքում»,- եզրափակեց Ա. Օհանյանը:

Նա ևս տեղեկացրեց, որ խնդրի հետ կապված՝ դիմելու է դատարան։

***

Սաթիկ Սեյրանյանն անդրադարձել է նաև ՀՀ վարչապետի դստեր՝ Մարիամ Փաշինյանի ֆեյսբուքյան գրառմանը։

«Շատ հետաքրքիր է նկատել, որ երեկ վարչապետի ընտանիքի անդամներից եւս մեկը մամուլին փորձեց դասեր տալ ու դեղին անվանել լրատվամիջոցներին, որոնք քննադատում են իրենց ընտանիքին։ Շատ զավեշտալի էր կարդալ»,–նշել է նա։

Սեյրանյանի խոսքով՝ սա մամուլի նկատմամբ դիտավորյալ կազմակերպված քայլերից մեկն է.

«Կա՛մ բերել իշխանական դաշտ, կա՛մ դուրս եկեք։ Սա Հայկ Մարության անձի որոշումը չէ, ո՞վ է Հայկ Մարությանը, վերջին հաշվով: Ես երեկ զանգահարել եմ քաղաքապետի ընդունարան և ակնկալել հանդիպում-քննարկում խմբագիրների հետ, քանի որ վերամբարձ բաներ անելուց առաջ ճիշտ է խնդիրը քննարկել գործընկերների հետ։ Վերջնագրերով խոսելը, չեմ կարծում, թե կարող է ինչ-որ լավ բանի հանգեցնել»։

Մանրամասն՝ տեսանյութերում

Այս խորագրի վերջին նյութերը