Մեկնաբանություն

27.02.2019 12:20


«Բա խի՞ Սերժի վախտ չէիք ասում» շարքից

«Բա խի՞ Սերժի վախտ չէիք ասում» շարքից

Նիկոլ Փաշինյանի ավագ դուստրը՝ Մարիամ Փաշինյանը, մի ուշագրավ գրառում է արել ֆեյսբուքյան իր էջում։

«Երբ տեսնում եմ կեղծ լուրեր իմ կամ ընտանիքիս անդամների մասին, բացարձակ չեմ սրտնեղում, թե ինչ լույսի տակ են ուզում ինձ (մեզ) ներկայացնել, այլ սրտնեղում եմ, որ Հայաստանում դեռ կան մարդիկ, ովքեր փորձում են հիասթափություն ու հուսահատություն մղել երկար տարիներ պայքարած ու վերջապես հաղթանակած ժողովրդի մեջ՝ այս դեպքում կեղծ լուրեր հրապարակելով մեր մասին: Շատերս տարբերում ենք ապատեղեկատվությունը ու դեղին մամուլը իրական տեղեկատվությունից, բայց կան շատերը, որ ճշգրտորեն չեն ուղղորդվում տեղեկատվություն որոնելիս:
Հույս ունեմ, որ մամուլը մի օր Հայաստանում կթևակոխի մի նոր որակյալ հարթություն, որը իսկապես կլինի օգտակար հասարակությանը ուղղորդելու, իրականությունը ներկայացնելու ու իշխանություններին հասարակության իրական խնդիրները մատուցելու հարցում: Այսօր Հայաստանում էդպիսի մամուլ չկա»,– գրել է Մարիամը։

Փաշինյանի աղջկա հայտնած մտքերի ու տված գնահատականների մեծ մասն օբյեկտիվ են, ու դժվար է դրանց հետ չհամաձայնելը, բայց այստեղ կա մի մեծ «Բայց»։

Բանն այն է, որ կեղծ լուրերի տարածման, ապատեղեկատվության սփռման ու դեղինմամուլային տեխնոլոգիաների կիրառման առաջամարտիկը տարիներ շարունակ եղել է Մարիամի ծնողներին պատկանող «Հայկական ժամանակ» թերթը, որի աշխատանքից Մարիամն, ի դեպ, այսօր դժգոհ է, քանզի իր գրառման մեջ հույս է հայտնում, որ մամուլը մի օր Հայաստանում կթևակոխի մի նոր որակյալ հարթություն, որը իսկապես կլինի օգտակար հասարակությանը ուղղորդելու, իրականությունը ներկայացնելու ու իշխանություններին հասարակության իրական խնդիրները մատուցելու հարցում, և ապա գրառումը եզրափակում է «Այսօր Հայաստանում էդպիսի մամուլ չկա» ձևակերպմամբ (Մարիամի այս վերջին միտքը ցույց է տալիս, որ նա փորձել է առավելագույնս օբյեկտիվ լինել՝ անգամ «Հայկական ժամանակին» չհամարելով նորմալ մամուլ)։

«Հայկական ժամանակը», թերևս, ամենամուտիլովչիկ թերթն է եղել տարիներ շարունակ։ Բայց դա, կարծես, չի հետաքրքրել Մարիամին։ Պատճառը, երևի, նրա տարիքն ու քաղաքականությամբ չհետաքրքրվելն է եղել։

Սոցիալական ցանցերում շատերն են նկատել, որ Փաշինյանի կողմնակիցները, փորձելով հակադարձել վարչապետի քննադատներին, օգտագործում են «Բա խի՞ Սերժի վախտ չէիք ասում» նախադասությունը։ Ընդ որում՝ այդ նախադասությունն օգտագործողը, որպես կանոն, «Սերժի վախտ» ձայնը կտրած ու տանը նստած է եղել, կամ էլ՝ 10 հազար դրամով ՀՀԿ–ի օգտին քվեարկած։ Իսկ նա, ում քննադատում են «Բա խի՞ Սերժի վախտ ...» նախադասությունն օգտագործելով, որպես կանոն՝ «Սերժի վախտ» կռիվ է տվել իշխանության դեմ այն փուլում, երբ Նիկոլ Փաշինյանը Բ26–ի հետ գործարքների արդյունքում պատգամավոր էր դառնում։

Ասելս այն է, որ Մարիամ Փաշինյանը ճիշտ հարցադրումներ է անում և մեծ մասամբ օբյեկտիվ գնահատում իրավիճակը, բայց լավ կլիներ, որ դա արվեր ավելի շուտ՝ «Սերժի վախտ»։ Այսինքն, այն ժամանակ, երբ Նիկոլ Փաշինյանի ու Աննա Հակոբյանի ղեկավարած «Հայկական ժամանակն» էր զբաղված ստերի ու կեղծիքների տարածմամբ։ Բումերանգի էֆեկտը սկսել է գործել, բայց շատ ավելի մեծ թափով, քանզի ստերի, Ն. Փաշինյանի նախկին ու ներկա հայտարարությունների կոնտրաստի, ինչպես նաև ողջամիտ կասկածներ ծնող երևույթների քանակով ներկա իշխանությունները նախորդներին տվել անցել են։

Պետրոս Ալեքսանյան

Այս խորագրի վերջին նյութերը