Կարծիք

26.02.2019 11:15


Ինչու փակվեց գյուղնախարարությունը

Ինչու փակվեց գյուղնախարարությունը

Պաշտոնապես հրապարակվեցին 2018-ի Համախառն ներքին արդյունքի տարեկան նախնական տվյալները: 2010-ականներին մեր երկրի ՀՆԱ-ի ծավալը տատանվում է 10,5 մլրդ-11,6 մլրդ դոլարի սանդղակում: ՀՆԱ-ի ամենամեծ ցուցանիշներն արձանագրվել են 2013, 14 և 17 թթ: Ամենաբարձր ցուցանիշը 2014-ին էր` 11,610 մլրդ դոլար: 2018-ը նույնպես ռեկորդակիր է: Պաշտոնապես ու վերջնական, հավանաբար, կհայտարարվի 12,3 մլրդ դոլարին մոտ թիվ:

Մեզանում բոլոր իշխանությունները սովորաբար նախընտրել են ՀՆԱ-ն դիտարկել որպես հպարտության աղբյուր, եթե այն աճ է ունեցել: Կամ գերադասել են լռել ու չնկատել (բնականաբար, ՀՆԱ-ի կրճատման պարագայում):

Իշխանություններն ու «պաշտոնական» տնտեսագիտությունը սովորաբար գերադասում են չիջնել ՀՆԱ-ի կառուցվածքային վերլուծության մակարդակին: Մինչդեռ այն տնտեսության ամենաիրական ու ամենաամբողջական պատկերն է:

Մեր բոլոր կառավարությունները սիրել են խոսել «գիտելիքահեն տնտեսության» և հատկապես տեղեկատվական տեխնոլոգիաների մասին: Ինչքան շատ են խոսել, այնքան այդ ոլորտները «անտեսանելի» են դարձել ՀՆԱ-ի մեջ: Օրինակ՝ 2017թ տվյալներով՝ տեղեկատվության ու կապի ոլորտի մասնաբաժինը 3,3 տոկոս է: Բավական է հիշել հարկատուների ցանկում կապի ոլորտի կազմակերպությունների մասնաբաժինը, ու միանգամից հասկանալի կդառնա, որ տեղեկատվության ոլորտին համարյա բան չմնաց: Բայց «դարի զավակ» լինելու կամ ներկայանալու մղումը բոլոր կառավարություններին ստիպել է այդ ոլորտները գերակա հայտարարել: Նման վերաբերմունքից (կամ, որ ավելի ճիշտ է` վերավերմունքի պակասից) տուժում են տնտեսության մյուս ոլորտները: Մինչդեռ ՀՆԱ-ի կառուցվածքային վերլուծությունը պարզ կդարձներ այն ոլորտները, որոնք իրական մասնաբաժին ունեն մեր տնտեսական կյանքում, և համապատասխան պետական քաղաքականության դեպքում զարգացման միանգամայն այլ որակ կստանային:

Պաշտոնական վիճակագրությունը ձևավորված ավանդույթներին տուրք տալով՝ տնտեսական վիճակագրության առաջին տողում տեղադրում է արդյունաբերության ոլորտը, ապա՝ գյուղատնտեսությունն ու շինարարությունը: Արդյունաբերության կշիռը ՀՆԱ-ում 17.4 տոկոս է: Գյուղատնտեսությանը՝ մոտ 13.7, իսկ շինարարությանը` 6.7 տոկոս: Սրանք 2017-ի ճշգրիտ թվերն են, որոնք էապես չեն տարբերվում նախորդ տարիների ու, հավանաբար, 2018-ի ցուցանիշներից: Բայց առաջարկում եմ դիտարկել արդյունաբերության կառուցվածքը: Այն ՀՆԱ-ում ներկայացվում է չորս ենթաբաժնով` 1. հանքարդյունաբերություն, 2. մշակող արդյունաբերություն, 3. էլեկտրական էներգիայի, գազի, գոլորշու և լավորակ օդի մատակարարում և 4. ջրամատակարարում, կոյուղու թափոնների կառավարում և վերամշակում: Արդյունաբերության մեջ այս չորս ոլորտների տեսակարար կշիռը համապատասխանաբար այսպիսին է` 17 տոկոս, 67 տոկոս, 15 տոկոս և 1 տոկոս: Փաստորեն, անհամեմատելի մեծ է մշակող արդյունաբերության մասնաբաժինը:

«Մշակող արդյունաբերություն» ասածի տակ շատ ոլորտներ են միավորվում` սննդարդյունաբերությունից մինչև պլաստմասսե իրերի ու քիմիական նյութերի արտադրություն: Բայց առաջարկում եմ դիտարկել հետևյալ փաստը` մեր ՀՆԱ-ի 17.4 տոկոսը կազմող մասնաբաժնում 40 տոկոսն ապահովում են սննդարդյունաբերությունը, ծխախոտի և խմիչքի արտադրությունը: Այս երեք ոլորտների արտադրանքի ծավալը 2018-ին պաշտոնապես կազմել է 621 680,9 մլն դրամ: (Հետաքրքիր է՝ մեր վերջին 5 կառավարությունների քանի՞ անդամ կկարողանար անսխալ կարդալ այս թիվը: Բայց սա հռետորական հարց է: Բնականաբար):

Իհարկե, միամիտ է պնդելը, որ մեր մշակող արդյունաբերությունը բացառապես ներքին արտադրության գյուղմթերք է մշակում: Բայց հաշվի առնելով այն, որ ներքին արտադրանքը մեծ բաժին ունի հատկապես արտահանվող արտադրանքի կշռում, կարելի էր հասկանալ, որ մեր համար գյուղատնտեսությունը տնտեսության ամենամեծ ճյուղերից է` ՀՆԱ-ի ու նաև արդյունաբերության մեջ զբաղեցնող չափով: Հետևաբար, բացարձակապես անհասկանալի է, թե ինչու փակվեց գյուղնախարարությունը: Նման քայեր ձեռնարկելիս մեր իշխանությունները սիրում են արևմտյան երկրների օրինակները բերել:

Իսկապես հնարավոր է, որ 18 նախարարությունը շատ էր մեր տնտեսության համար: Բայց աշխարհի ամենամեծ տնտեսությունն ու մյուս երկրների համեմատությամբ բավական փոքր թվով նախարարություններ ունեցող երկրում` ԱՄՆ-ում, գյուղնախարարություն կա: Բայց շատ ավելի կարևոր է «դարի զավակ» ներկայանալ ու անդադար խոսել նոր՝ գերժամանակակից ու տեղեկատվական տեխնոլոգիաներից:

Արա Գալոյան

Տնտեսական մեկնաբան

Աղբյուրը՝ politeconomy.org

aa

Այս խորագրի վերջին նյութերը