Լրահոս

25.02.2019 14:43


«Նախագծի ընդունման դեպքում ավելի է վատթարանալու պարգևավճարների տրման և դրանից կախվածության արատավոր պրակտիկան»

«Նախագծի ընդունման դեպքում ավելի է վատթարանալու պարգևավճարների տրման և դրանից կախվածության արատավոր պրակտիկան»

«Թրանսփարենսի ինթերնեշնլ» հակակոռուպցիոն կենտրոնը իր կարծիքն է հրապարակել «ՀՀ 2019թ․ պետական բյուջեով պետական իշխանության մարմինների համար նախատեսված պարգեւատրման ֆոնդից աշխատողների պարգեւատրման միասնական կարգը եւ պայմանները սահմանելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի վերաբերյալ:

«1․ Նախագիծը հակասում է «Պետական պաշտոններ եւ պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» 2013թ․ ՀՀ օրենքին, որը հանդիսանում է ոլորտը կարգավորող հիմնական իրավական ակտ: Այս օրենքի 22-րդ հոդվածի 5-րդ կետի համաձայն՝ պետական ծառայողների պարգեւատրման ֆոնդից պետական ծառայողների պարգեւատրումն իրականացվում է կիսամյակային հաշվետվությունների հիման վրա, իսկ նույն հոդվածի 10-րդ կետի համաձայն՝ աշխատավարձի ֆոնդի տնտեսված միջոցներից պետական ծառայողը հատուկ առաջադրանքների եւ (կամ) որակյալ աշխատանքի կատարման համար պարգեւատրվում է իր մինչեւ մեկ ամսվա պաշտոնային դրույքաչափով տարեկան ոչ ավելի քան 3 անգամ։ Մինչդեռ ներկայացված՝ ՀՀ կառավարության որոշման նախագծի պարգեւատրման չափը կարող է սահմանվել աշխատողի պաշտոնային դրույքաչափի 200 տոկոսի չափով։

Օրենքը սահմանում է պարգեւավճարներ տալ տարեկան ոչ ավելի քան 3 անգամ, մինչդեռ ներկայացված նախագծի համաձայն դրանք կարող են տրվել ամսական պարբերականությամբ:

2․ Նախագծի համաձայն՝ որոշման դրույթները անհասկանալի տրամաբանությամբ չեն տարածվում Ազգային անվտանգության ծառայությունում պարգեւատրման հետ կապված հարաբերությունների վրա, ինչը որեւէ կերպ հիմնավորված չէ։

3․ Որոշմամբ կարգավորված չէ այն հարցը, թե աշխատանքի գնահատման ցուցիչներ սահմանող իրավական ակտն ինչ տարրեր պետք է պարունակի եւ ինչ սկզբունքով պետք է առաջնորդվի: Նման կարգավորման բացակայությունն իր մեջ պարունակում է կոռուպցիոն ռիսկեր, քանի որ գնահատման ցուցիչների սահմանումը նման դեպքում անխուսափելիորեն կկրի սուբյեկտիվ բնույթ։

4․ Ներկայացված որոշման նախագծով սահմանված չէ նաեւ պարգեւավճարների տրման իրավահարաբերությունների նկատմամբ հսկողության եւ վերահսկողության որեւէ մեխանիզմ, այդ թվում՝ դրանց հրապարակման առումով։

5. Նախագծի 5-րդ կետով նշված է, որ պարգեւատրման ցուցիչը այն նպատակային արդյունքն է, որն ակնկալվում է ստանալ համապատասխան աշխատողի կողմից կատարվող աշխատանքից՝ հաշվի առնելով աշխատողի կողմից կատարվող աշխատանքների բնույթը եւ բովանդակությունը: Կարծում ենք, որ անընդունելի է պարգեւավճարները տալ աշխատողներին իրենց պայմանագրով սահմանված աշխատանքը պատշաճ կատարելու դիմաց, որի համար արդեն իսկ նախատեսված է աշխատավարձ: Այդ համատեքստում անընդունելի է նաեւ ամսական պարգեւատրման հնարավորությունը:

6. Կարծում ենք, որ նախագծի ընդունման արդյունքում ավելի վատթարանալու է պարգեւավճարների տրման եւ պաշտոնյաների՝ դրանից կախվածության արատավոր պրակտիկան:

Հարկավոր է ամբողջությամբ վերանայել պետական ծառայողների պարգեւատրման փիլիսոփայությունը եւ պարգեւավճար նախատեսել միմիայն առանձին ծառայողների բացառիկ ու արտակարգ կատարողականի համար, դրան զուգահեռ բարձրացնելով աշխատավարձերը եւ ակնկալվող աշխատանքի/արդյունքի դիմաց սահմանելով արժանապատիվ վարձատրություն: Ծառայողին պարգեւավճար պետք է տրվի միմիայն բացառիկ դեպքերում՝ պայմանագրային պարտավորություններով նախատեսվածից զգալիորեն ու անսպասելիորեն ավելին կամ որակյալ արդյունք ստեղծելու պարագայում:

Ինչ վերաբերում է ցուցիչներին, ապա դրանք հստակ եւ չափելի պետք է սահմանվեն պետական ծառայության բոլոր պաշտոնների համար՝ գնահատելու պայմանագրով սահմանված պարտականությունների նրանց կատարողականը առհասարակ, ոչ միայն պարգեւատրման, այլեւ պաշտոնների առաջխաղացման եւ այլ (ոչ միայն ֆինանսական) խրախուսական նպատակներով»:

Այս խորագրի վերջին նյութերը