Կարծիք

25.02.2019 11:30


Արտաքին ապրանքաշրջանառության 2018-ի պատկերը

Արտաքին ապրանքաշրջանառության 2018-ի պատկերը

Դժվար է հիշել, թե որ տարվա տնտեսական ցուցանիշների նկատմամբ է այդքան մասնագիտական ու հասարակական հետաքրքրություն եղել, որքան 2018-ի թվերի նկատմամբ: Պատճառը, հարկավ, քաղաքական է: Ավելի ստույգ` այն քաղաքական փոփոխությունները, որոնք տեղի ունեցան անցած տարի:

Մեր երկրի արտաքին ապրանքաշրջանառությունն ու առևտուրը տարիներ շարունակ ներկայացվում էին երեք խոշոր խմբերով` արտահանումն ու ներմուծումը ԱՊՀ, ԵՄ և այլ երկրներ: Ասենք, որ այս եռյակ դասակարգումը բնորոշ է սոցիալ-տնտեսական իրավիճակի մասին առաջին հրապարակումներին: Հետագա ամիսներին, ի վերջո, արտաքին ապրանքաշրջանառությունը ներկայացվում է առանձին երկրներով: 2018-ի՝ ըստ երկրների մանրամասնած վիճակագրությունը կհրապարակվի ամիսներ հետո միայն: Ուստի մինչ այդ պիտի բավարարվենք ավելի խոշոր դասակարգումներով հրապարակվող տեղեկատվությունով:

Հարկավոր է նաև նշել, որ ԵԱՏՄ անդամակցությունից հետո պաշտոնական վիճակագրությունը ԱՊՀ երկրների հետ արտաքին առևտուրը բաժանեց երկու մասի` առևտուր ԱՊՀ անդամ ԵԱՀՊ երկրների հետ և առևտուր ԱՊՀ անդամ մյուս երկրների հետ: Այսինքն, վերջին տարիներին արտաքին ապրանքաշրջանառության ցուցանիշները տնտեսական իմաստով ի ցույց են դնում մեր արտաքին քաղաքականության տնտեսական երանգները:

Հիմա վերադառնանք չոր թվերին: 2018-ի համար հայտարարվել է, որ Հայաստանից արտահանումները կազմել են 2 մլրդ 411 մլն 900 հազար դոլար: Ներմուծումները` 4 մլրդ 963 մլն 100 հազար դոլար: Բացասական հաշվեկշիռը առանց մարդասիրական օգնությամբ ստացվող բեռների կազմել է 2 մլրդ 463 մլն 900 հազար դոլար: Պարզ ասած, վերջին տարվա ընթացքում ներքին շուկայում իրացված ապրանքների դիմաց մոտ 2,5 մլրդ դոլար ենք արտահանել, որն ապահովված չի եղել ապրանքային (և ոչ միայն ապրանքային) արտահանումից «աշխատած» տարադրամով:

Հիմա դիտարկենք արտահանման կառուցվածքը տոկոսներով: 2018-ին ԱՊՀ անդամ երկրներին «բաժին է ընկել» արտահանման 29,8 տոկոսը (ընդ որում՝ ԵԱՏՄ անդամ երկրների չափաբաժինը 28.5 տոկոս է, իսկ ԱՊՀ մյուս երկրներինը` 1,3): Եվրամիության անդամ երկրները մեր արտահանման 28,4 տոկոսն են «ընդունել»: «Այլ երկրներ» տողի դիմաց նշվում է 41,8 տոկոս:

2018-ի արտահանման տվյալները 2017-ինի հետ համեմատելիս արձանագրվում է հետևյալ պատկերը: Նկատելիորեն փոխվել է միայն ԵԱՏՄ անդամ երկրների մասնաբաժինը: Այն ավելացել է երեք տոկոսով: Ավելացումը այլ երկրների հաշվին է` այդ երկրներ արտահանման ծավալը կրճատվել է 3,3 տոկոսով:

Հիմա դիտարկենք ներմուծումների կառուցվածքը: ԱՊՀ երկրներից ներկրվածի մասնաբաժինը 30 տոկոս է (ընդ որում, ԵԱՏՄ անդամ երկրների չափաբաժինը 26,2 տոկոս է, իսկ ԱՊՀ մյուս երկրներինը` 3,8): Եվրամիության երկրների ծավալը մեր ներմուծումների մեջ 23,1 տոկոս է: Իսկ «Այլ երկրներինը»` 46,9: 2017-ի հետ համեմատելիս կտեսնենք, որ ԱՊՀ մասնաբաժինը նվազել է 2,9 տոկոսով (զուտ ԵԱՏՄ երկրների մասով նվազումը կազմել է 3,5 տոկոս): Եվրամիության երկրներից ներկրումն ավելացել է ուղիղ մեկ տոկոսով: Իսկ այլ երկրների «բաժինն» աճել է 1,9 տոկոսով: Փաստորեն, արտաքին առևտրի ոլորտում դիսոնանս-անհամաձայնություն կա հիմնականում ԵԱՏՄ երկրների գծով: Մի կողմից այդ երկրներ մեր արտահանումն աճել է երեք տոկոսով: Մյուս կողմից մոտ 3,5 տոկոսով պակասել է ներմուծումը: Սրանից բացի, նկատելի է այն փաստը, որ մեր արտաքին ապրանքաշրջանառության և առևտրի ոլորտում վերջին տարիներին երկու խոշոր գործընկերներ (կամ գործընկերների խմբեր) են ձևավորվել: Խոսքը ԵԱՏՄ և ԵՄ անդամ երկրների մասին է: Երկուսն էլ նկատելի ու կայուն մասնաբաժին ունեն:

Բուն ապրանքափոխանակության 2018թ. տվյալներով՝ վերլուծություն առայժմ անել հնարավոր չէ. տվյալները դեռ հաշվառված ու հրապարակված չեն: Բայց նախորդ տարիներից կարելի է կատարել հետևյալ պնդումը: Ցավոք, ԵՄ երկրներ մեր արտահանման մեջ էական մասնաբաժին ունեն հանքահումքային ապրանքները: Իսկ ԵԱՏՄ երկրներ արտահանում ենք պատրաստի արտադրանք: Իսկ դա էական տարբերություն է: Ոչ ոք չի առարկի:

55

Արա Գալոյան

Տնտեսական մեկնաբան

Աղբյուրը՝ politeconomy.org

Այս խորագրի վերջին նյութերը