Լրահոս

25.02.2019 08:05


Այսօր Զորավար Անդրանիկի ծննդյան օրն է

Այսօր Զորավար Անդրանիկի ծննդյան օրն է

Այսօր Զորավար Անդրանիկի ծննդյան օրն է։ Այս անունով է Անդրանիկ Թորոսի Օզանյանը մտել հայոց պատմության մեջ։

Ծնվել է 1865թ. փետրվարի 25–ին Արևմտյան Հայաստանի Շապին Գարահիսար քաղաքում։ Տեղի Մուշեղյան վարժարանի շրջանավարտի կյանքում դպրոցն ավարտելուց մեկ տարի էլ չանցած՝ սկիզբ է առնում թուրքական բռնություններից ու ստորացումներից հայերի ազգային արժանապատվության ու կյանքի ապահովության պաշտպանությանն ուղղված գործունեությունը։ Առաջինը հայ բնակչությանն ահաբեկող ժանդարմի սպանությունն էր, որի հետևանքը լինում է բանտարկությունը, այնուհետև՝ փախուստը բանտից։

Այդ օրվանից մինչև իր մահը՝ 1927թ. օգոստոսի 31–ը, Անդրանիկ անունով հայտնի հայդուկը, գեներալը, զորավարը մասնակցում է բազմաթիվ ազատագրական մարտերի ու կռիվների, անցնում թեժ իրադարձությունների բովով մի տարածաշրջանում, որտեղ մոլեգնում էին թուրքական ահաբեկչությունը, հեղափոխական տրամադրությունները, Առաջին համաշխարհային պատերազմի գործողությունները, իրականություն էր դառնում հայերի ցեղասպանության դաժան ծրագիրը, տիրում էին հիվանդությունները, գժտությունները, քաղաքական մեծ խաղեր էին իրականացվում։

Լեգենդ դարձած նրա կյանքն ընդհատվեց հայրենիքից շատ հեռու՝ ԱՄՆ Չիքո քաղաքի մի առողջարանում։ Նույն տարվա սեպտեմբերին զորավարի դին տեղափոխվում է Փարիզ և վերահուղարկավորվում Պեր–Լաշեզ գերեզմանոցում։

2000թ. զորավարի մասունքները ևս մեկ անգամ ուղևորություն են կատարում, այս անգամ՝ մայր հողին արժանանալու համար։ Այժմ նա թաղված է Երևանի Եռաբլուր պանթեոնում։

Զորավար Անդրանիկի անունով կոչվել են հրապարակներ, դպրոցներ, փողոցներ, թաղամասեր, նրա արձաններն են տեղադրվել շատ բնակավայրերում, նրա կերպարը դարձել է բազմաթիվ գեղարվեստական ստեղծագործությունների նյութ։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը