Քաղաքական

23.02.2019 12:16


«Համոզված եմ, որ հայկական քաղաքական հրաշքին կհաջորդի հայկական տնտեսական հրաշքը». Փաշինյան

«Համոզված եմ, որ հայկական քաղաքական հրաշքին կհաջորդի հայկական տնտեսական հրաշքը». Փաշինյան

Հայաստանում տնտեսական հեղափոխության մեթոդը չի տարբերվում քաղաքական հեղափոխության մեթոդից: Այդ մասին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց «Իմ քայլը հանուն Լոռու մարզի» ներդրումային համաժողովում ունեցած ելույթում: Միջոցառումը տեղի է ունենում Վանաձորի տեխնոլոգիական կենտրոնում, որին մասնակցում են նաև մի շարք ներդրողներ՝ տարբեր ներդրումային ծրագրերով, Հայաստանում հավատարմագրված դիվանագետներ և մարզպետներ:

«Հիմնական հարցը, որ այսօր կախված է օդում, հետևյալն է՝ կարո՞ղ է արդյոք Հայաստանի Հանրապետությունում տեղի ունենալ տնտեսական հեղափոխություն, և կարո՞ղ են արդյոք կառավարությունը և ժողովուրդը հասնել մի արդյունքի, որը միջազգայնորեն ընդունված է համարել տնտեսական հրաշք: Այս հարցի պատասխանը ակնհայտ է. այն ժողովուրդը, որն ի վիճակի է հասնել մի արդյունքի, որը կարող ենք անվանել քաղաքական հրաշք, ուրեմն տնտեսական հրաշքը նույնպես նրա հասանելիության տիրույթում է: Տնտեսական հեղափոխությունը մեր կարևորագույն առաջնահերթությունն է, բայց պետք է հասկանանք, թե որոնք են դրա պարամետրերը. դրանք նոր աշխատատեղերն են, եկամուտների նոր մակարդակը, բարեկեցության նոր մակարդակը»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ նշեց Նիկոլ Փաշինյանը` ավելացնելով, որ տնտեսական հեղափոխության արգասիքն առաջին հերթին բարեկեցության նոր մակարդակն է:

«Բայց ո՞վքեր են ստեղծում դա, տնտեսության մեջ ո՞վ է որևէ արդյունքի հեղինակը: Այդ արդյունքի հեղինակը մարդն է, բացառապես մարդը, և մենք ուզում ենք մարդուն քաջալերել, խրախուսել, աջակցել, որ նա ստեղծի այն, ինչը ստեղծելն իր հնարավորությունների տիրույթում է: Ինչպե՞ս ենք քաջալերելու. այո, նաև խոսքով: Ցավոք մեր իրականության մեջ ընդունված է թերագնահատել խոսքը և դրա արժեքը, բայց որպես Քրիստոնեությունն առաջինը ընդունած ժողովուրդ, մենք պետք է արձանագրենք, որ ի սկզբանե բանն էր, այսինքն` բանը` խոսքն է, ամեն ինչ սկսվում է խոսքից, մտքերից: Բայց արդյո՞ք միայն խոսքով. իհարկե` ոչ: Հաջորդ ամենակարևոր ուղղությունը մեզ համար իրական տնտեսական գործունեության հնարավորություններ ստեղծելն է` կարգավորումների, մենաշնորհների, կոռուպցիայի բացառման, օրենսդրության բարեփոխումների ու կատարելագործման ճանապարհով: Ուզում եմ արձանագրել, որ տնտեսական հեղափոխության մեր մեթոդը չի տարբերվում քաղաքական հեղափոխության մեր մեթոդաբանությունից»,- ասաց վարչապետը:

Նրա խոսքով` քաղաքական հեղափոխությունը տեղի ունեցավ, երբ ՀՀ յուրաքանչյուր քաղաքացի որոշեց, որ ինքն իրենով պետք է փակի այն փողոցները, որոնցով հոսում է կոռուպցիան և ամենաթողությունը:

«Տնտեսական հեղափոխությունը Հայաստանի Հանրապետության ամեն քաղաքացի պետք է իրականացնի: Ամեն մեկը պետք է իր գործունեությամբ փակի պայմանական փողոցները, որտեղով հոսում է աղքատությունը, խեղճությունը: Մենք պետք է պայմանավորվենք, որ մենք իրար հետ պետք է անենք տնտեսական հեղափոխությունը, որովհետև փոփոխությունների մեթոդաբանությունը պետք է պահենք նույնը: Իրականում սա հեշտ չէ, պետք է խոստովանել, որ տնտեսական կոռուպցիոն համակարգը երբեմն ունի պարզություններ, օրինակ՝ եթե որևէ բիզնես փայ է որևէ բարձրաստիճան պաշտոնյայի հետ, նշանակում է, որ պատասխանատվության կեսը կիսված է, և երբ ահազանգ լինի, որ ինչ որ բան բիզնեսին սպառնում է, կարելի է հարկայինին միջամտել, անհարմար մրցակցի շարքից անել: Նոր իրավիճակը տարբերվում է նրանով, որ նման ապօրինի երաշխիքներ չկան, երաշխիքները բոլորի համար հավասար են և ամեն մեկն իր բիզնեսի պատասխանատվությունը չի կարող կիսել իշխանության հետ: Որևէ մեկը նրա համար արհեստական խոչընդոտ չի կարող ստեղծել»,- շեշտեց Նիկոլ Փաշինյանը:

Կառավարության ղեկավարի խոսքով` տնտեսական հեղափոխության պատասխանատվությունը կարող են իսկապես կրել դուխով մարդիկ, դուխով գործարարները, ովքեր վստահ են իրենց աշխատասիրության, ազնվության, սկզբունքայնության վրա և գիտեն, որ տեսակով հաղթող են:

«Գիտեմ, որ Հայաստանում կան հաղթող բիզնեսմեններ: Իսկապես տնտեսական հեղափոխությունը դուխով մարդկանց աշխատանք է, ովքեր հավատում են իրենց մտքին, ուժերին, տաղանդին: Ուզում եմ արձանագրել, որ այսքան մարդկանց այստեղ բերել է հավատը ոչ թե իշխանության, այլ հավատը յուրաքանչյուրի ինքը իր նկատմամբ: Հավատում եմ, որ այստեղ նստած ամեն մարդ գիտի, որ ինքը հաղթող է, գիտի հարստանալ և հարստացնել: Ուզում եմ շնորհակալություն հայտնել առաջին հերթին պատրաստակամության համար, ինչը շատ մեծ գրավական է: Համոզված եմ, որ հայկական քաղաքական հրաշքին կհաջորդի հայկական տնտեսական հրաշքը: Ուզում եմ ևս մեկ անգամ հռչակել տնտեսական հեղափոխության կարգախոսը` հերիք է ինչքան նստեցինք տեղներս, վեր կենանք ու քայլենք»,- ասաց Նիկոլ Փաշինյանը:

Այս խորագրի վերջին նյութերը