Քաղաքական

22.02.2019 13:21


«Հայաստանն ու Ադրբեջանը «համեստ» քայլեր են անում դեպի խաղաղություն». «Նեզավիսիմայա գազետա»

«Հայաստանն ու Ադրբեջանը «համեստ» քայլեր են անում դեպի խաղաղություն». «Նեզավիսիմայա գազետա»

Ռուսական «Նեզավիսիմայա գազետա» պարբերականը, անդրադառանալով Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման բանակցային գործընթացում տեղի ունեցող վերջին զարգացումներին, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների` տարածաշրջան կատարած այցին, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի՝ Դուշանբեում, Սանկտ Պետերբուրգում, Դավոսում ունեցած հանդիպումներին, հրապարակել է «Հայաստանն ու Ադրբեջանը «համեստ» քայլեր են անում դեպի խաղաղություն» վերտառությամբ հոդված:

Պարբերականի սյունակագիր Յուրի Ռոքսը նկատում է, որ հակամարտության կարգավորման հարցում որոշակի դրական փոփոխություններ, այնուամենայնիվ, կան:

«Փաշինյանի և Ալիևի՝ Դուշանբեի, Սանկտ Պետերբուրգի և Դավոսի հանդիպումներից հետո շփման գծում լարվածությունն էականորեն թուլացել է: Հանդիպումների ընթացքում հակամարտության խաղաղ լուծմանը ժողովուրդներին նախապատրաստելու և երկու ազգերի միջև վստահության մակարդակի բարձրացմանը նպաստելու վերաբերյալ պայմանավորվածություն է ձեռք բերվել: Սակայն ամենակարևորն այն է, որ կողմերը, հավանաբար, հակված են ուժերի և հնարավորությունների սահմաններում հետևելու իրենց խոստումներին»,-գրում է Ռոքսը:

Պարբերականի Բաքվի աղբյուրներն իրենց հերթին հայտնել են, որ տեղի իշխանությունները զգալի նվազեցրել են Հայաստանի հասցեին ռազմատենչ հռետորաբանությունը, ինչպես նաև հակահայկական ուղղվածության հեռուստահաղորդումների ու հրապարակումների քանակը:

«Կտրուկ փոփոխությունների մասին չեմ խոսի, սակայն փոփոխությունները կարող է չզգալ միայն կույրն ու խուլը»,- «Նեզավիսիմայա գազետա»-ի հետ զրույցում ասել է ադրբեջանական աղբյուրը:

Աղբյուրը՝ tert.am

Այս խորագրի վերջին նյութերը