Լրահոս

20.02.2019 17:08


«Իմ քայլը» խմբակցությունն աշխատանքային հանդիպում է նախատեսում ոստիկանապետի հետ

«Իմ քայլը» խմբակցությունն աշխատանքային հանդիպում է նախատեսում ոստիկանապետի հետ

ՀՀ ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցությունը ոստիկանապետ Վալերի Օսիպյանի հետ աշխատանքային քննարկում է նախատեսում մյուս շաբաթվա ընթացքում: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցն այս մասին հայտնեց փետրվարի 20-ին ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցում:

«Մյուս շաբաթ նախատեսում ենք հրավիրել ոստիկանապետին: Դա կա մեր օրակարգում, պարզապես մեր խմբակցությունից գործուղումներ ունենք և ուզում ենք, որ հնարավորինս շատ պատգամավորներ ներկա լինեն»,-ասաց Մակունցը:

Խմբակցությունը հանդիպումներ է նախատեսում նաև մյուս գերատեսչությունների ղեկավարների հետ: Փետրվարի 19-ին նախատեսել են հանդիպում ՀՀ կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանի հետ: Սակայն, ինչպես հայտնեց Մակունցը, դահլիճի զբաղված լինելու պատճառով հնարավոր է՝ հետաձգեն: Փետրվարի 22-ին նախատեսված է հանդիպում ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Հակոբ Արշակյանի հետ: Մակունցի խոսքով՝ Արշակյանն ինքն է խմբակցության հետ հանդիպման առաջարկն արել:

Խմբակցության ղեկավարի խոսքով՝ գերատեսչությունների ղեկավարների հետ քննարկում են ոլորտների խնդիրները, օրենսդրական նախաձեռնություններն ու խնդիրների լուծման համար օրենսդիրի անելիքները:

Ավելի վաղ «Իմ քայլը» խմբակցությունն ԱԺ-ում աշխատանքային հանդիպում էր ունեցել Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Դավիթ Անանյանի և Ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանի հետ: Փետրվարի 20-ին խմբակցությունը քննարկում անցկացրեց ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի հետ:

Այս խորագրի վերջին նյութերը