Լրահոս

20.02.2019 12:08


Նորավանի դպրոցի տնօրենը վերականգնել է պետությանը պատճառված վնասը

Նորավանի դպրոցի տնօրենը վերականգնել է պետությանը պատճառված վնասը

Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչության Սիսիանի քննչական բաժնում ավարտվել է «Նորավանի միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ-ում չարաշահումների դեպքի առթիվ քննվող քրեական գործի նախաքննությունը: Ինչպես հայտնում են ՀՀ քննչական կոմիտեի դեպարտամենտի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, մեղադրանք է առաջադրվել է դպրոցի տնօրենին:

Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ Սյունիքի մարզի «Նորավանի միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ-ի տնօրենը 2016-2017թթ. ընկած ժամանակահատվածում դպրոցի էլեկտրիկին միաժամանակ ձևակերպել է նաև դպրոցի բակապահի, վառարան վառողի և պահակի հաստիքներում և իր մոտ պահել նրա աշխատավարձի բանկային քարտը։

Մինչդատական վարույթում ձեռք բերված տվյալների համաձայն՝ տնօրենը, պաշտոնեական դիրքն օգտագործելով, շահադիտական դրդումներով, մեկ միասնական հանցավոր դիտավորությամբ, նպատակ ունենալով յուրացման եղանակով պետությունից խոշոր չափերի գումարներ հափշտակել, 2016 թվականի հունվար ամսից մինչև 2017 թվականի դեկտեմբեր ամիսը ներառյալ, անձամբ բանկոմատից կանխիկացրել է աշխատակցի աշխատավարձի գումարը և առձեռն յուրաքանչյուր ամիս նրան տվել 20.000 դրամ, իսկ մնացած՝ խոշոր չափերով ընդհանուր 1.849.664 ՀՀ դրամ գումարը յուրացրել է:

Բացի այդ, նախաքննության ընթացքում փաստական տվյալներ են ձեռք բերվել նաև այն մասին, որ խոշոր չափերով գումարը յուրացնելու հանգամանքը թաքցնելու նպատակով տնօրենն աշխատանքային պայմանագրի մեջ, ստորագրված աշխատանքային պայմանագրի ժամկետների վերաբերյալ, մտցրել է կեղծ տեղեկություններ:

Ձեռք բերված բավարար ապացույցների հիման վրա՝ դպրոցի տնօրենին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերի և 314-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով:

Նախաքննության ընթացքում ՊՈԱԿ-ի տնօրենը վերականգնել է իր կողմից պետությանը պատճառված վնասն ամբողջությամբ:

Հայտարարվել է նախաքննության ավարտի մասին, և քրեական գործը՝ մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել է դատարան:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Այս խորագրի վերջին նյութերը